×


«Գործագործ». Ինչի մասին են զրուցում կանայք մատնահարդարի հետ, երբ նա տղամարդ է

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք մատնահարդար Արման Գրիգորյանի հետ:



- Նեյլ-արտի՞ստ, թե՞ մատնահարդար:

- Մատնահարդար:): Իրականում տարբերություն չկա. երկուսն էլ նույն աշխատանքով են զբաղվում՝ եղունգների խնամք, մանիկյուր, բայց ես նախընտրում եմ, երբ ինձ ասում են մատնահարդար:


- Որպես տղամարդ` Ձեզ համար դժվար չէ՞ կանանց շրջապատում աշխատել:
- Առաջին հայացքից գուցե դժվար թվա, բայց ոչ, դժվար չէ: Բավական հետաքրքիր է:): Երբ նոր էի սկսել մատնահարդարմամբ զբաղվել, զարմանում էին, երբ տեսնում էին ինձ, բայց հիմա այլեւս չեն զարմանում: Մարդիկ ավելի շատ գնահատում են աշխատանքի արդյունքը:


- Ինչի՞ մասին են Ձեզ հետ խոսում կին հաճախորդները:

- Իրենց կյանքից են պատմում: Հաճախ իրենց չեմ լսում, որովհետեւ աշխատելիս չեմ սիրում շեղվել, կենտրոնանում եմ միայն գործի վրա: Երբեմն արձագանքում եմ, ասում եմ` «Վայ, լուրջ, տե՞նց ա եղել», բայց իրականում չեմ լսում:):

Արման Գրիգորյանը



- Տղամարդիկ հաճախո՞ւմ են եղունգների խնամքի համար:

- Այո, հիմա արդեն շատ տղաներ կան, որ խնամում են իրենց եղունգները, բայց անկեղծ ասած, ես չեմ սպասարկում արական սեռի ներկայացուցիչներին: Չեմ սիրում, երբ իմ աշխատանքից սխալ եզրակացություններ են անում, սխալ ենթադրություններ են անում: Աշխատանքն ընտերելիս շատ եմ մտածել, որ գուցե նման կարծիքներ լինեն, նման խոսակցություններ, բայց ինձ համար ավելի կարեւոր է իմ մտերիմների, հարազատների կարծիքը, քան՝ անծանոթների, դրա համար շարունակում եմ զբաղվել:


- Քանի՞ գործիք ունեք: 

- Շատ:): Նախ` ամեն գործիքից մի քանի հատ ունեմ, որպեսզի հաճախորդներին տարբեր գործիքներով սպասարկեմ՝ մինչեւ նախորդներն ախտահանվեն: Կա բնական եղունգի կտրիչ (կուսաչկա), որն օգտագործվում է բնական եղունգները կտրելու համար, կուտիկուլայի (նրբամաշկ) կտրիչ , որն օգտագործվում է կուտիկուլաների հեռացման, ինչպես նաեւ եղունգի կողային հատվածների ավելորդ շերտը հեռացնելու համար, մկրատ, բազում խարտոցներ, պուշեր, որը կուտիկուլաները հետ տանելու եւ եղունգի արտաքին շերտը մաքրելու համար է, եւ այլն: Կան սարքեր՝ գել-լաքի համար:


- Քանի՞ գույնի լաք պետք է ունենա մատնահարդարը:

- Դա կախված է հաճախորդների ցանկությունից: Մասնագետներ կան, ովքեր իրենց մշտական հաճախորդներն ունեն, գիտեն, թե ինչ գույներ են նրանք նախընտրում: Գույների ընտրությունը հաճախ կախված է եղանակից: Ամռանը, գարնանը կանայք նախընտրում են ավելի բաց գույներ, ձմռանը մուգ գույներ են օգտագործում: Բայց ընդհանուր առմամբ, 200-ից ավելի գույն ունեմ: Ու ասեմ, որ կանայք հաճախ դրանց միջից էլ իրենց գույնը չեն գտնում:): Երեւի շատ է, եւ դրա համար չեն կողմնորոշվում:



- Որտե՞ղ սովորել` լավ մատնահարդար դառնալու համար:

- Ես խորհուրդ կտամ սովորել գործող մասնագետների մոտ, ովքեր ցույց կտան անհատական մոտեցում, տեսական գիտելիքներին զուգահեռ հնարավոր կլինի ձեռք բերել պրակտիկ հմտություններ: Գործող վարպետի աշխատանքին հետեւելը շատ օգտակար է, շատ բան ես տեսնում ու սովորում: Ես սովորել եմ քեռակնոջս մոտ, ով ինձ ցույց է տվել բոլոր նրբությունները, մանրուքները: Հենց ինքն է ինձ խորհուրդ տվել զբաղվել այս աշխատանքով: Քեռակինս ասաց, որ ես կլինեմ առաջին տղամարդ մատնահարդարը Հայաստանում, բավական լավ գումար կաշխատեմ, ասացի` ինչո՞ւ ոչ, արի փորձենք, ու ստացվեց:): Հիմա այլեւս միակ տղամարդը չեմ, ով զբաղվում է այդ գործով, բայց…


- Մատնահարդարման ո՞ր փուլն է դժվար:

- Ինձ համար սովորելու ամիսներին դժվար էր մաքրման ընթացքը՝ կուտիկուլան հեռացնելը եւ այլն:


- Ո՞ւմ մատներն են եղել առաջին «զոհերը»:

- Մոդելների մատները:): Բայց ասեմ, որ աղջիկները կամավոր էին գալիս: Ես հայտարարություն էի տալիս սոցիալական ցանցերում, տեղեկացնում էի, որ նոր եմ սովորում, ու գալիս էին:


- Շա՞տ եք վնասել նրանց մատները:

- Այո, եղել են դեպքեր, երբ նրբամաշկը հեռացնելիս կտրել եմ:


- Ինչպե՞ս հանգստացնել հաճախորդին, եթե կուտիկուլան կտրելիս արյուն է եկել: 

- Ես երկար ժամանակ է` չեմ կտրում, չեմ վնասում, բայց եթե կտրում ես, պետք է պարզապես ասել այդ մասին, դա նորմալ է, համապատասխան նյութերով խնամել է պետք, եթե անգամ գործիքներն ախտահանված են:


- Ո՞ր դեպքում է հնարավոր արյան վարակում ստանալ:

- Այն դեպքում, երբ գործիքները ստերիլ չեն, ախտահանված չեն: Երբ վարպետը բոլոր հաճախորդներին նույն գործիքով է սպասարկում, չի ախտահանում: Նրբամաշկի վնասելու, կտրելու պարագայում գործիքից արյուն կարող է ներթափանցել վարակ, եթե նախորդ հաճախորդներից մեկը վարակ է ունեցել:


- Լա՞ք, թե՞ գել-լաք (շելաք):
- Գել-լաք: Հասկանում եմ, թե ինչու եք հարցնում: Ասեմ, որ գել-լաքն իրականում վնաս չէ եղունգի համար: Այն ավելի գեղեցիկ է, ավելի երկար է մնում, մեկ-երկու օր հետո ջրի հետ շփումների արդյունքում չի պոկվում եւ այլն: Հարցն այն է, թե ինչպես է հեռացվում գել-լաքը: Գիտեք, որ այն ացետոնով չես կարող հանել, գոյություն ունի հատուկ սարք, եւ եթե մասնագետը պրոֆեսիոնալ չէ, այո, գել-լաքը հեռացնելիս կարող է վնասել եղունգը, եթե նյութից բացի, խարտի նաեւ հենց եղունգը: Փչացնում են կանանց եղունգները նրանք, ովքեր ասում են, որ շելաքն է վտանգավոր, այնինչ, կա հեռացնելու հատուկ տեխնիկա:



- Հաճախորդը միշտ ճի՞շտ է:
- Ցավոք, ոչ: Լինում են դեպքեր, երբ հաճախորդն այնպիսի մանիկյուր է ուզում, որը հնարավոր չէ ստանալ իր եղունքների կառուցվածքի դեպքում, ու եթե անես, վատ ստացվի, դրանից քո հեղինակությունն է ընկնելու: Մարդիկ չեն ասելու, որ հաճախորդն ուզել է, դրա համար արել են, ասելու են` նայի` ինչ վատ մասնագետ է, ինչ վատ է արել: Փորձում եմ բացատրել, որ դա հնարավոր չէ, սխալ է, բայց եթե չեն ընդունում, պնդում են, հրաժարվում եմ տվյալ աշխատանքից:


- Բարեկամների համար անվճա՞ր եք աշխատում:

- Ոչ, չեմ հասցնում իրենց համար աշխատել: Տանը քիչ եմ լինում, հիմնականում աշխատավայրում եմ, իսկ մատնահարդարման սրահ գալիս պետք է վճարեն. սրահում անվճար սպասարկել չեմ կարող:


Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին