×


«Գութան» փառատոնին

«Գութան» փառատոնին հաշված օրեր են մնացել

«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի եւս ինքնատիպ տոն կպարգեւի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք, մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:

Արսեն Գրիգորյանը


«Մենք ունենք սկզբունք՝ ամեն տարի փառատոնի յուրաքանչյուր մասնակից խումբ ներկայացնում է ամբողջական Հայաստանի որեւէ տարածքի ֆոլկլորը: Այդպիսով մենք նաեւ հարստացնում ենք տվյալ խմբերի ծրագիրը: Այս տարի եւս երգի-պարի խմբերը ներկայացնելու են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Ընդ որում՝ բոլոր երգերն ու պարերը ներկայացվում են պարտադիր կենդանի նվագակցությամբ, բացառապես կատարվում են մեր ազգային նվագարաններով:

Արդեն 5-րդ տարին անցկացվող փառատոնը հայտնաբերում է նոր խմբերի, որոնք եւս, ինչպես ավանդաբար մասնակցողները, ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերը հայտնաբերելուց, փառատոնն իր առջեւ նպատակ է դրել երեւան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք եւ հրամցնել ունկնդրին: Չէ՞ որ այս փառատոնը կրում է հայ ավանդական երաժշտարվեստի, երգարվեստի եւ պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունը: Եվ, ըստ կազմակերպիչների, այսօր առավել քան արդիական խնդիր է մեր ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին:

«Գութան» փառատոնին


Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա մեկ ամիս շուտ. կազմակերպիչները հաշվի են առել երկու կարեւոր հանգամանք՝ սեպտեմբերի անկանխատեսելի եղանակային պայմանները եւ զբոսաշրջիկների ներկայիս մեծ ներհոսքը մեր երկիր: Բացի նրանից, որ հայ մշակույթը ներկայացվում է տեղաբնակներին, այն նաեւ ճանաչելի է դառնում օտարերկրացիներին:

Տեղեկացնենք, որ փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երեւանի որեւէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաեւ գեղարվեստական համարներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին