×


«ԴԵՏՔ»-ի վերջին անդամն էլ վերադարձավ բանակից. խմբի ֆոտոշարքն ու առաջիկա ծրագրերը

«ԴԵՏՔ» հայկական բոյ-բենդի կազմը երեք տարի անց կրկին ամբողջական է: Խմբի անդամները՝ Արմանը, Վահանն ու Միքայելը, հերթով վերադարձան բանակից եւ այժմ նորից հնարավորություն ու ժամանակ ունեն ակտիվ ստեղծագործելու: Այդ առիթով խումբը հասցրել է նոր ֆոտոշարք ստեղծել, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին: Թե ինչպես են ծառայությունից վերադառնալիս դիմավորել Արման Պետրոսյանին, ինչ աշխատանքներով են զբաղված այժմ, եւ ինչ նորություններ են սպասվում առաջիկայում, պատմել է խմբի պրոդյուսեր Արման Ամպ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ խմբի երրորդ անդամին դիմավորելու համար ինքն ու Տիգրան Պետրոսյանը՝ Արմանի հայրը, գնացել են Ստեփանակերտ եւ անձամբ են նրան ուղեկցել դեպի Երեւան: Վերադառնալու հաջորդ օրն իսկ սկսել են նոր երգի ձայնագրման աշխատանքները.«Ոչ թե մենք, այլ ինքն իրեն հանգստանալու հնարավորություն չի տալիս: Երաժշտությունն է իր հանգիստը, իր գործը, իր բոլոր հետաքրքրությունները դրանում են: Ձայնագրված առաջին երգը կոչվում է «Երկու թռչուն»: Երաժշտության հեղինակն Արմանն է, խոսքերի հեղինակը՝ Համլետ Առաքելյանը, իսկ գործիքավորումն արել է Տիգրան Պետրոսյանը: Շուտով նաեւ նոր տեսահոլովակ կնկարահանենք»:

Արման Պետրոսյանը


Արման Մելքոնյանն ընդգծեց, որ այսուհետ «ԴԵՏՔ»-ը ներկայանալու է նաեւ ազատ ոճի երգերով, այսինքն՝ ոչ միայն բանակային կամ հայրենասիրական թեմաներով: «Տղաների ազատ մտքի թռիչքով գրված երգեր են»,- ասաց նա: Արմանը նաեւ նշեց, որ առաջիկայում պատրաստվում են մի նոր նախագծով հանդես գալ, որի մանրամասներից խոսել առայժմ չի կարող, քանի դեռ վերջնական չի հաստատվել: Բայց մի բան հստակ է՝ եթե նախագիծը կյանքի կոչվի, ուրեմն կլինի նաեւ խմբի համերգը: Պրոդյուսերի խոսքով՝ իրենց բոլոր շնորհանդեսները միշտ էլ համերգով են ուղեկցվում:

«Ունենք նաեւ առաջարկներ մարզերից, արտասահմանի հայ համայնքներից, որոնք դեռեւս քննարկման, մշակման փուլում են: Ամեն դեպքում խումբը մոտ երկու-երեք ամիս պիտի փորձեր կատարի, որպեսզի կարողանա լիարժեք վերադառնալ բեմ»,- նկատեց պրոդյուսերը:

«ԴԵՏՔ» խումբը


Ինչպես արդեն նշել ենք, օրեր առաջ «ԴԵՏՔ»-ի անդամները նոր լուսանկարահանման են մասնակցել: Առիթն Արմանի զորացրվելն է, իսկ թեման՝ խմբի ստեղծագործական բուռն աշխատանքների մեկնարկը.«Մենք չէինք ուզում, որ լուսանկարները կրկին զորամասում արվեին, բայց պարզվեց՝ մեր ընտրած վայրը զորամաս էր (ժպտում է,- հեղ.): Երեք տարի անց տղաները կրկին ազատ ստեղծագործելու հնարավորություն ունեն, խանգարող որեւէ հանգամանք չկա: Հիմա նաեւ արդեն հասկացել ենք՝ խմբի հիմնական կազմն ինչպիսին պետք է մնա: Այնպես որ, սպասեք լավ նորությունների»,- եզրափակեց Արմանը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արման Ամպ Մելքոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին