×


«Դա մեր մութ անկյունն էր». Ինչու է Հերմինե Ստեփանյանը դուրս եկել «Առավոտ լուսո»-ից

«Ավարտվեց «Առավոտ լուսո»-ում իմ չորս տարվա կյանքը»՝ օրեր առաջ նման վերտառությամբ գրառում էր կատարել հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում: Պարզվում է՝ նոր եթերաշրջանում Հանրային հեռուստաընկերությունը ներկայանալու է մի շարք փոփոխություններով ու նոր նախագծերով, որոնցով պայմանավորված էլ՝ «Առավոտ լուսո» ծրագիրն այսուհետ հանդես է գալու նոր դեմքերով: Թե ինչպիսին են եղել անցնող չորս տարին եւ ինչ նոր նախագծում է աշխատելու Հերմինեն, պարզել է BRAVO.am-ը:

«Ես ցանկություն էի հայտնել հնարավորության դեպքում արդեն փոփոխություն կատարել իմ աշխատանքում, քանի որ չորս տարին բավական երկար ժամանակահատված է մեկ հաղորդում վարելու համար: Չնայած՝ շատ դժվար էր թիմից բաժանվելը, քանի որ բոլորի հետ մտերմիկ հարաբերություններ ունեմ եւ առանց կոնֆլիկտների եմ աշխատել հիմնականում: Հիմա, երբ բարձրանում եմ «Առավոտ լուսո»-ի տաղավար, շատ եմ ուրախանում նոր փոփոխությունների ու այն մարդկանց համար, ովքեր աշխատելու են նոր պայմաններում»,- ասաց հաղորդավարուհին:

Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանը


Հերմինեն հեռուստատեսային աշխատանքի ավելի քան տասը տարվա փորձ ունի, բայց խոստովանում է, որ «Առավոտ լուսո»-ն հաղորդավարներին ամրացնելու յուրահատուկ դաշտ է.«Երբ դու գրեթե ամեն օր 2,5 ժամ ուղիղ եթերում ես աշխատում, հետագայում կարողանում ես ոտքերիդ վրա ավելի ամուր կանգնել: Այդ իմաստով այն շատ լավ հնարավորություն էր ինձ համար: Տաղավարային գործընկերներիս` Արման Մարգարյանի եւ Մարատ Օրդյանի հետ հրաշալի աշխատանքային փորձ ունեցա: Դժվար պահեր էլ են եղել. հատկապես Արմանի հետ սկզբում մի քիչ դժվար հասկացանք իրար: Դա, կարելի է ասել, մեր մութ անկյունն էր, որի մասին լրագրողները երբեք չեն իմացել, եթերում դա երբեք չի երեւացել: Բայց հետո իրար շատ սիրեցինք, լեզու գտանք, ու կարծում եմ` Արմանը երիտասարդ սերնդի եզակի հաղորդավարներից է, ում կարիքն ունի հայկական հեռուստաեթերը: Դե, Մարատ Օրդյանի պարագայում էլ այնպես է, որ նա շնչում է, դու պիտի սովորես»:

Մարատ Օրդյանը եւ Հերմինե Ստեփանյանը


Ինչ վերաբերում է նոր աշխատանքին, ապա Հերմինե Ստեփանյանն այսուհետ Արթուր Բախտամյանի հետ վարելու է «Կեսգիշերն անց» հաղորդաշարը Հ1-ի եթերում: Ասում է` մեծ հաճույք է նրա հետ աշխատելը, ու նրա թիմում կան մարդիկ, որոնց հետ համագործակցելու ցանկություն վաղուց է ունեցել.«Ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ թիմի հետ աշխատել: Ուզում եմ հաջողություն մաղթել իմ բոլոր գործընկերներին, ովքեր նոր են սկսելու իրենց աշխատանքն «Առավոտ լուսո»-ում: Հեռուստադիտողներն էլ անակնկալներով լի նոր ձեւաչափ են տեսնելու նոր եթերաշրջանում»:

Արթուր Բախտամյանը եւ Հերմինե Ստեփանյանը


Ինչպես հայտնի է, առաջիկայում երկու նոր ֆիլմ է սպասվում Հերմինեի մասնակցությամբ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են «Սպիտակը» եւ «Անատոլիական պատմություն» ֆիլմերի նկարահանման աշխատանքները: Պարզվեց` «Սպիտակ»-ի հայաստանյան պրեմիերան կլինի արդեն սեպտեմբերի վերջին: Ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրություն է՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին, Հերմինեն էլ գլխավոր հերոսուհու դերում է: Իսկ ինչ վերաբերում է «Անատոլիական պատմություն» ֆիլմին, ապա այն էկրաններ կբարձրանա 2019-ի ընթացքում: Հիշեցնենք, որ ռեժիսորն Արտակ Իգիթյանն է, կոմպոզիտորը` Միշել Լեգրանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Սամի Նասերին, Ժերար Դարմոնը եւ Հերմինե Ստեփանյանը:

«Քանի որ ֆիլմը բարդ աշխարհագրություն ունի, այսինքն` նկարահանվում է տարբեր երկրներում, այդ իսկ պատճառով մեծ էկրաններ կբարձրանա ոչ թե այս, այլ եկող տարվա ընթացքում: Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունն էլ կաջակցի, եւ որպես համատեղ արտադրություն` ֆիլմում անպայման կհնչի Հայաստանի անունը»,- եզրափակեց դերասանուհին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին