×


«Ես ինձ շատ լուրջ խնդրի առաջ էի դրել». Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերան և հյուրերը

Մեկ ամսից ավելի է՝ Միքայել Պողոսյանի նոր ֆիլմի թրեյլերը բոլորին կանչում էր կինոթատրոններ՝ դիտելու «Լորիկ» դրաման: Սպասված ֆիլմի պրեմիերան երեկ էր` «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ ներկա էին հայտնի ու սիրված դերասաններ, ռեժիսորներ, մշակույթի գործիչներ, պաշտոնյաներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական անձնակազմը: BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել հյուրերին, այնուհետև հանդիսատեսի հետ դիտել ֆիլմը և զրուցել սցենարի հեղինակ ու գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանի հետ:

Նշենք, որ ֆիլմում հանդես են եկել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի դերասաններ, այդ թվում՝ Եվգենիա Դմիտրիևան, Իռեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Ֆորշը, Ջոն Մակարյանը, Արման Ղազարյանը, Աննա Հարությունյանը, Տաթևիկ Ղազարյանը և այլք: Նկատենք, որ այս կազմում Ֆորշը միակ դերակատարն է, ով մասնագիտությամբ դերասան չէ: Նա հանդես է գալիս երաժիշտ հարևանի դերում, ով ֆիլմի որոշ հատվածներում նաև նվագում է ու երգում: «Մի քանի ֆիլմում Ֆորշը մասնակցություն ունեցել է, նկարահանվել է, բայց այսպիսի մեծ դերակատարում նախկինում չի ունեցել: Նա արտիստիկ տղա է, և նրա հետ շատ հեշտ է աշխատելը»,- մեր զրույցում ասաց Միքայել Պողոսյանը:

Միքայել Պողոսյանը


Նա նաև նշեց, որ ֆիլմն արտադրվել է վեց տարբեր երկրներում՝ Շվեյցարիայում, Մոսկվայում, Սերբիայում, Կիպրոսում, Հայաստանում և այլուր, այսինքն՝ մինչ վերջնական արդյունքի հասնելն այն երկար ճանապարհ է անցել: Դերասանի խոսքով՝ նկարահանումները երկու տարի են տևել, իսկ երբ նրան հարցրինք, թե ինչ զգացողություններ ունի ֆիլմի առաջին ցուցադրությունը հանդիսատեսի հետ դիտելուց հետո, նա ասաց՝ «Ես այսօր լիցքաթափվեցի...»:

«Լորիկը» դիտելիս կնկատեք, որ ֆիլմում առկա են ֆանտաստիկ ժանրի որոշ տարրեր: Միքայել Պողոսյանն ընդգծում է, որ դա իրական ֆանտաստիկա է, այլ ոչ թե ֆանտաստիկ ժանրում նկարահանված ֆիլմ: Պարզապես օգտագործված են ժանրին բնորոշ հնարքներ, որոնք դերասանին հետաքրքիր են թվացել. «Ես ինձ շատ լուրջ խնդիրների առաջ էի դրել, որ կարողանամ կերպարանափոխվել ուրիշ մարդկանց մեջ` փոխելով արտաքինս: Իհարկե, նաև շրջապատն է իր խաղով օգնել, որ ես կերպարանափոխվեմ: Ասեմ նաև, որ հիմա նոր ֆիլմ եմ նկարահանում, որը կոչվում է «Արև, սարեր և սեր»: Ռոմանտիկ կոմեդիա է, որը նկարահանվելու է Ենոքավանում, Ռուսաստանում և այստեղ: Մի խոսքով` այն լրիվ ուրիշ ժանրում է, ավելի լիրիկական, ավելի ռոմանտիկ, և հրաշալի ստեղծագործական խումբ է աշխատում ինձ հետ»:

Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերային


Նշենք, որ «Լորիկ» ֆիլմը պատմում է շնորհալի, բայց և տարօրինակություններով լի դերասան Լորիկի՝ մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակցի մասին, որը փողոց է դուրս գալիս թատերական հանդերձանքով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի էլ նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նույնիսկ կնոջ՝ Աննայի անկեղծ սերն ի վիճակի չէ ջերմացնելու Լորիկի սիրտը. նա ապրում է միայն իր հերոսների հույզերով: Բայց մի օր թատրոնը փակվում է, և շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում: Նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա…

Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերային


Թե ինչ փորձությունների միջով է անցնում գլխավոր հերոսը, և ինչով է այդ ամենն ավարտվում, կարող եք պարզել՝ դիտելով «Լորիկ» ֆիլմը Երևանի կինոթատրոններում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին