×


Լաուրա Ռիզոտոն

«Եվրատեսիլ 2018»-ի ամենաոճային մասնակիցները

«Եվրատեսիլ 2018»-ն այլեւս պատմություն է: Լիսաբոնում տեղի ունեցած եզրափակչում «Ալտիս Արենա»-ի բեմում հանդես եկան մասնակիցներ 26 երկրից, իսկ շոուի վերջում երկար սպասված քվեարկությունն էր, եւ որոշվեց մրցույթի հաղթողը: Երգչուհի Նետան հաղթանակ պարգեւեց Իսրայելին՝ իր «Toy» երգով: Երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը ներկայացնող Էլենի Ֆուրեյրան «Fuego» երգով, իսկ երրորդը՝ Ավստրիայից Սեզար Սեմփսոնը՝ «Nobody but You» ստեղծագործությամբ:

Զարմանալիորեն այս տարի հաջողություն չգրանցեց հետխորհրդային գրեթե ոչ մի երկիր: Եզրափակիչում չկային ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Վրաստանն ու Ադրբեջանը: Բացառություն կազմեց Ուկրաինայի ներկայացուցիչը, որը դուրս եկավ եզրափակիչ, սակայն, ի վերջո, հայտնվեց ցուցակի վերջնամասում՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը:

Այս տարի հաջողությունն ուղեկցում էր Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներին, մասնավորապես՝ Գերմանիային, Իտալիային, Շվեդիային, Էստոնիային, Դանիային, Մոլդովային, եւ ոչ միայն, որոնք զբաղեցրին իրենց տեղն առաջին տասնյակում:

Ֆրանկա Բատելիչը

2018-ի «Եվրատեսիլ»-ի առանձնահատկությունը կարել է համարել մայրենի լեզվով կատարումների առատությունը: Այս քայլին դիմել էին Ալբանիայի, Հայաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի եւ այլ երկրների մասնակիցները:

Հաջորդ «Եվրատեսիլն» անց է կացվելու Երուսաղեմում, ինչի մասին իր թվիթերյան էջում հատուկ նշել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ շնորհավորելով հաղթանակած հայրենակցուհուն եւ գրելով հետեւյալը.«Նետա, դու մեծ փառք բերեցիր
Իսրայելին: Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»:

Իհարկե, ավանդույթի համաձայն, մենք չէինք կարող չանդրադառնալ Եվրատեսիլի մասնակիցների բեմական նորաձեւ զգեստներին: Եվ այսպես.

«The Humans»-ի երգչուհու դեկոլտեն

Ռումինիան ներկայացնող «The Humans»-ը հանդես եկավ «Goodbye» երգով, որը պատմում է սեփական աձի նկատմամբ հավատի եւ մոտիվացիայի մասին: Խմբի վոկալիստ Քրիստինա Կարամարկուն ելույթի համար չափազանց նորաձեւ զգեստ էր ընտրել՝ լայն ուսեր, մանուշակագույն կտոր եւ խոր լանջաբացվածք, ինչն այս տարվա թրենդն է:

Լաուրա Ռիզոտոյի բաց ոտքերը

Բրազիլական արմատներով երգչուհի Լաուրա Ռիզոտոն, հաղթելով Supernova մրցույթում, իրավունք էր ստացել Լատվիան ներկայացնել այս տարվա Եվրատեսիլում: Նա հանդես եկավ «Funny Girl» բալլադով: Կրքոտ շիկահեր գեղեցկուհին եզրափակչում չհայտնվեց, սակայն ոտքերն ընդգծող իր կարմիր զգեստը հանդիսատեսի հիշողության մեջ դեռ երկար կմնա:

Կիսաթափանցիկ զգեստով Ֆրանկան

«ShowTime» խորվաթական շոուի 1-ին եթերաշրջանի հաղթող Ֆրանկա Բատելիչը Եվրատեսիլում ներկայացավ «Crazy» երգով, որը հեղինակել էր երգահան Բրանիմիր Միխալեւիչի հետ: Երգչուհին հանդիսատեսին ներկայացավ կիսաթափանցիկ սեւ ժանեկազարդ նրբաճաշակ զգեստով, որը, ցավոք, չօգնեց եզրափակիչ դուրս գալ:

Յանա Թերզիի ճերմակ ընտրությունը

Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակչի մասնակից Յանա Թերզին հայտնի հույն երգիչ Պասխալիս Թերզիսի դուստրն է: «Եվրատեիլ 2018»-ում նա «Oniro Mou» երգը կատարեց մայրենի հունարենով: Ցավոք, իր գեղեցիկ, երկար սպիտակ զգեստը նույնպես չօգնեց եզրափակիչ դուրս գալու համար:

Ֆրանսիական ոճով

Ֆրանսիայից «Madame Monsieur» դուետը, որը ներկայացնում էին վոկալիստ Էմիլի Սատը եւ պրոդյուսեր Ժան-Կարլ Լյուկը, արժանացավ «Eurostory Best Lyrics Award» մրցանակին` որպես երգի լավագույն տողերի հեղինակ: Ընդհանուր առմամաբ, նրանք բավարար ուշադրության չարժանացան, բայց, իհարկե, ներկայացան ֆրանսիական ձեւով, այսինքն` ինչպես կարգն է:

Պատրաստեց Ռուզաննա Մարտիրոսյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին