×


«Երբեմն ծնողներիս մեջ արթնանում է հայի գենն, ու սկսում են խոսել վրաս». Ցողիկ Մարտիրոսյանը նոր ֆոտոշարք ունի

Երիտասարդ դերասանուհի, ով իրեն այս շրջանում ամբողջովին նվիրել է թատրոնին, ինչն էլ հնարավորություն է տալիս իրեն անդադար ստեղծագործել ու վայելել դրա բերկրանքը: Ցողիկ Մարտիրոսյանը տարբերվում է ներկայացումներում համարձակ կերպարներով, ֆոտոօբյեկտիվի առջեւ նույնպես ազատ է: Նա 2 նոր ֆոտոշարք ունի, որոնք տրամադրել է BRAVO.am-ին, խոսել կերպարների, քննադատությունների, նաեւ ընտանիքի արձագանքի մասին:

Ցողիկ Մարտիրոսյանը


Նախ հետաքրքրվել ենք՝ ինչպիսին է այսօր դերասանուհու առօրյան.«Աշունն ինձ համար անձրեւ է ու թախիծ: Պատկերացնում եմ դրսում գույնզգույն տերեւները գետնին թափված, իսկ ես տանը թեյ եմ խմում ու ֆիլմ դիտում: Անձրեւից ոգեշնչվում եմ եւ սկսում ինչ-որ բաներ գրել ու խզբզել: Ի դեպ, թեյի ու սուրճի հարցում ագահ եմ, կարեւորը՝ դառը: Իրականում, այս եղանակին կցանկանայի միայն պատուհանից դուրս նայել, վայելել ու ստեղծագործել, սակայն աշխատանքի բերումով չի ստացվում տանը նստել»,-ասել է դերասանուհին եւ ապա նշել, որ իր ամենասիրելի եղանակը գարունն է.«Քանի որ չափազանց շատ եմ սիրում ծաղիկներ, այդ իսկ պատճառով գարունն ինձ համար ուրիշ աշխարհ է: Նոր բույրեր եմ զգում ու խորհրդավորություն տեսնում գարնանը»:

Ցողիկը լուսանկարահանումների սիրահար է.«Հաճախ եմ իրականացնում ֆոտոշարքեր, սակայն ոչ թե Ինստագրամի եւ Ֆեյսբուքի էջերս զարդարելու, այլ ինձ համար: Փորձում եմ ամեն անգամ ստանալ նոր ու հետաքրքիր կերպարներ, հագուստս ու տեսքս ես եմ որոշում՝ ինչպիսին լինի, խորհրդակցում եմ ամենատարբեր լուսանկարիչների հետ եւ լուսանկարվում»:

Ցողիկ Մարտիրոսյանը


Նրա կերպարները հաճախ լինում են բավական համարձակ ու գայթակղիչ: Այդ հարցում հանդիպող քննադատությունների առիթով ասել է.«Կարծում եմ, որ համարձակությունը չունի սահման: Իհարկե, կան որոշակի օրենքներ, եւ յուրաքանչյուրն ինքն է գծում իր համարձակության սահմանները: Դե, իսկ խոսակցություններն ու քննադատությունները լինում են նաեւ ոչ համարձակ մարդկանց հասցեին: Այո՛, ես համարձակ եմ, քննադատություններին նայում եմ թեթեւ: Գուցե անեմ հետեւություններ, սակայն չեմ վիրավորի երբեւէ որեւէ մեկին, ստատուսներ ու վատ մեկնաբանություններ չեմ գրի: Նորմալ է, պետք է նաեւ քննադատեն, քանի որ մարդիկ ու իրենց պատկերացնումները տարբեր են»:

Ցողիկ Մարտիրոսյանը


Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են վերաբերվում իր բաց կերպարներին ու դերասանական կարիերային հարազատները.«Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, քանի որ միշտ իմ կողքին է: Ամենալավն ինձ հասկանում է հայրս, ում հետ միշտ ամեն բան քննարկում եմ եւ գալիս ընդհանուր հայտարարի: Իհարկե, երբեմն ծնողներիս մեջ արթնանում է հայի գենն ու սկսում են խոսել վրաս, թե այս ինչ լուսանկարներ են եւ այլն, բայց, այնուամենայնիվ, նրանք համակերպվել են իմ մասնագիտության ու աշխատանքի հետ, ընդունում են, եւ ես շատ շնորհակալ եմ նրանց»:

Ցողիկը նշել է նաեւ, որ տան անդամներն անպայման գալիս ու դիտում են իր մասնակցությամբ ներկայացումները, հետո քննարկում, կարծիքներ ասում, իսկ երբ երբեմն-երբեմն չեն կարողանում ներկա լինել, Ցողիկը նեղանում է նրանցից:):

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Դալլաքյանի եւ Նվարդ Թերզիբաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին