×


«Թույլ տվեք չլինել կատարյալ». հայ կանանց Women Talks նոր հանդիպում-զրույցը բուռն է անցել

Ինչպե՞ս կազմակերպել առօրյան, որպեսզի ուշադրության պակաս չզգան թե՛ ընտանիքն ու երեխաները, եւ թե՛ սիրելի աշխատանքը, ինչպե՞ս լինել հաջողակ թե՛ անձնական կյանքում, եւ թե՛ աշխատավայրում` սրանք այն հարցերն են, որ մշտապես հուզում են ժամանակակից կանանց: Նրանցից շատերն այս հարցերի պատասխանները փնտրում են գրքերում, ոմանք` համացանցում, հայտնի բլոգերների էջերում: Հրաշալի տարբերակ է, իհարկե, երբ հնարավորություն է ստեղծվում կիսվել սեփական փորձով, պատմել հաջողությունների եւ խնդիրների մասին, լսել այլ կարծիքներ, որպեսզի կարողանաս այդ շփման արդյունքում ստանալ քեզ հուզող հարցերի պատասխանները: Օրերս այս ձեւաչափով նոր հանդիպում էր կազմակերպվել «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից` «Women Talks Hosted by IQOS» խորագրով: BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է եւ գրի առել կանանց զրույցների ամենաուշագրավ հատվածները:


Հանդիպման սկզբում միջոցառման բանախոսները ներկաներին առաջարկեցին խաղ խաղալ՝ միմյանց հետ ծանոթանալու եւ իրար ավելի լավ ճանաչելու համար: Կանանցից յուրաքանչյուրն ընտրում էր իր զույգին եւ պատասխանում առաջարկվող հարցերին, դիմացինին պատմում իր աշխատանքի եւ ընտանիքի մասին: Այդպիսով` հանդիպման առաջին մասն ավարտվեց եւ սկսվեց բուն քննարկումը: Այս անգամ այն ուներ «Կանայք բիզնեսում. աշխատանքի եւ ընտանիքի միջեւ բալանսավորումը» խորագիրը, որի շուրջ էլ ընթանում էին զրույցները: Ներկա կանանցից շատերը սկզբում կիսվեցին այն խնդիրներով, որ ունենում են իրենց առօրյայում: Ոմանք ասում էին, որ իրենց մեղավոր են զգում, երբ չեն կարողանում հաճախակի լինել տանը եւ հետեւել երեխայի առաջին քայլերին, լսել նրա առաջին բառերը: Ոմանք էլ անկեղծացան, որ ժամանակի ընթացքում նախընտրել են միայն աշխատանքը՝ որոշելով իրենց կյանքը կառուցել առանց դասական ընտանիքի մոդելի:

Ի վերջո, ինչպե՞ս անել, որ չտուժեն թե՛ աշխատանքը, եւ թե՛ անձնական կյանքը: Պարզվեց՝ հստակ բանաձեւ չկա այս հարցում, հարկավոր է վարվել այնպես, ինչպես սիրտն է թելադրում, եւ ճիշտ ժամանակին լինել այնտեղ, որտեղ այդ պահին ավելի կարեւոր է ու անհրաժեշտ: Եվ ոչինչ, եթե ընտրությունը սխալ լինի. կատարյալ մարդիկ չկան, հնարավոր չէ ապրել առանց սխալվելու, եւ հնարավոր չէ հմտանալ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում՝ առանց սեփական սխալներից սովորելու:


Ներկաներից Աննան, օրինակ, պատմեց, որ երկու բալիկ ունի, մեկը՝ երեք տարեկան, իսկ մյուսը՝ երկու: Ասաց՝ երբ ծնվել է դուստրը, որոշել է կյանքը նվիրել երեխաներին, քանի որ ընտանիքն ու երեխաներն իր երազանքն են եղել: Բայց ժամանակի ընթացքում հասկացել է՝ այդպես ճիշտ չէ: «Երբ աղջիկս արդեն մեկուկես տարեկան էր, դրսում գեղեցիկ կին կամ աղջիկ տեսնելիս վազում էր նրանց մոտ, շոյում էր, սիրում նրանց, երբ վառ դիմահարդարմամբ ու աչքի ընկնող հագուստով էին լինում: Ու ես հասկացա մի բան՝ իհարկե, երեխաները մեզ սիրում են այնպիսին, ինչպիսին կանք, բայց գալիս է մի պահ, երբ նրանց հետաքրքրում են ուժեղ, գեղեցիկ, հաջողակ կանայք: Եվ ես ուզում եմ լինել այնպիսին, որ տղաս ու աղջիկս իմ մեջ տեսնեն այդ կնոջը՝ գեղեցիկ, հաջողակ, ինքնաբավ: Դրա համար էլ ես հիմա աշխատում եմ, զբաղվում իմ սիրելի գործով, որովհետեւ նվիրել քեզ երեխաներին ու ընտանիքին, շատ լավ է, բայց երբ դու ներծծվում ես այդ ամենում, գալիս է մի պահ, երբ պարզվում է՝ դա այնքան էլ շնորհակալ գործ չէ»,- ընդգծեց նա:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Լիկա Թումանյանը, ով երկար ժամանակ Հանրային ռադիոյում զբաղեցնում էր ստեղծագործական գծով փոխտնօրենի պաշտոնը (այժմ նա միացել է «Քառյակ մեդիայի» նոր թիմին): Լիկան նույնպես անկեղծացավ ու կիսվեց իր անձնական փորձով` նշելով, որ ամուսնացած չէ ու չունի երեխաներ, սակայն իրեն հաջողակ կին է համարում` չունենալով դասական ընտանիքի մոդելը. «Ես ձեր խոսքերից հասկանում եմ մի բան, որ մենք մեր կենսաձեւով շատ ենք պարտական սոցիալական պահանջին: Այն հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք, շատ կարծրատիպեր ու չափանիշներ ունի, թե ով կարող է համարվել լավ մայր, լավ կին, իսկ ով` ոչ: Բայց որեւէ մեկը չի պարտադրում ենթարկվել այդ կարծրատիպերին: Կինն ինքն է որոշում, թե կյանքի որ հատվածում որ անհրաժեշտությունն է պետք բավարարել՝ լինել ավելի կայացած բիզնեսում, թե տվյալ պահին ամեն ինչ մի կողմ դնել եւ լինել մամա»,- նկատեց նա:


Լիկան նշեց, որ երկար ժամանակ է պահանջվել, մինչեւ իր շրջապատն իրեն ընդունել է այնպիսին, ինչպիսին կա, այն է` պարտավորված չլինել ամուսնանալու` հաջողակ համարվելու համար.«Իսկ ո՞վ ասաց, որ դա հաջողության նշան է, ո՞վ ասաց, որ դա է կայացման միակ ճանապարհը: Դա ընտրության հարց է միայն: Եվ այո, դուք իրավունք ունեք սխալվելու. մենք կատարյալ չենք, մենք պարտավոր չենք լինել կատարյալ: Երբեմն մեզ ուղղակի չի հերիքում խիզախությունը` ասել` հերիք է ինձ թելադրեք: Այդ խիզախությունը գալիս է ժամանակի ընթացքում, տարիքի հետ ու շրջապատի շնորհիվ: Սխալվեք ինչքան ուզում եք, թեկուզ եւ ձեր երեխաների հետ: Թույլ տվեք չլինել կատարյալ, սա է բանաձեւը»,- ընդգծեց նա:

Հանդիպման ավարտին բոլոր կանայք տուն վերադարձան հաճելի նվերներով: Միջոցառման կազմակերպիչները նրանց նվիրեցին Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը, որ վերջերս է հրատարակվել «NewMag» ընկերության կողմից: Նրանք միմյանց խոստացան, որ նման հանդիպումները շարունակական են լինելու եւ ամեն անգամ ընտրվելու է մի թեմա, որն ամենից շատ է հուզում հայ կանանց: Նշենք, որ սա այս ձեւաչափի արդեն երկրորդ հանդիպում-քննարկումն էր` կազմակերպված «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից: Վերջինիս կորպորատիվ հարցերով հաղորդակցության գործադիր Տաթեւ Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հիմնական նպատակն է հայ կանանց ու աղջիկների համար շփման հարթակ ստեղծելը:


«Մենք նրանց հնարավորություն ենք ընձեռում, որ կիսվեն իրենց գաղափարներով, միմյանց մոտիվացնեն, ոգեշնչեն, խոսեն առկա մարտահրավերներից եւ առհասարակ այն խնդիրներից, որոնց առնչվում են իրենց առօրյայում: Իհարկե, նման հանդիպումներ դեռ էլի են լինելու, որոնց քննարկման թեման ու ձեւաչափը տարբեր են լինելու: Մենք փորձում ենք չկրկնել, այնպես որ, սպասեք անակնկալների»,- եզրափակեց Տաթեւը:

Դե, իսկ մինչ այդ առաջարկում ենք նաեւ կարդալ այս նախաձեռնության շրջանակում իրականացված առաջին` «Կանանց 50 երանգները» խորագրով միջոցառման մասին այստեղ:

#womentalks #hostedbyIQOS

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին