×


«Իմ երկրորդ երեխայի հայրը նույնն է, ինչ առաջնեկինս». Իռա Հարությունյան

Իռա Հարությունյանը, թեեւ քսան տարուց ավելի է, ինչ խաղում է թատրոնում, հանրությանն առավել հայտնի դարձավ սերիալների շնորհիվ: Դրանցից մեկը՝ «Նռան հատիկը», ավարտվեց օրեր առաջ: BRAVO.am-ի նոր ֆոտոշարքը եւ զրույցը դերասանուհու հետ՝ նկարահանումների, շուրջ հինգ տարվա դադարից հետո թատրոն վերադառնալու, բալիկների եւ ամուսնու մասին:

- Ավարտվեց «Նռան հատիկ» հեռուստասերիալը: Նման զարգացումներ Վիվյենի կերպարի հետ կապված սպասո՞ւմ էիք:
- Բոլորը սրտատրոփ սպասում էին ավարտին: Ես ե՛ւ տխուր եմ, ե՛ւ ուրախ: Տխուր եմ, քանի որ մեր ամբողջ անձնակազմը դարձել էր մեկ համերաշխ ընտանիք՝ խնդիրներով, երջանիկ պահերով: Սերիալի ընթացքում նույնիսկ դերասանուհիներից Աննան մայրացավ: Այս ամենը միասին ենք ապրել: Մեծ հաճույք եմ ստացել նախագծի ամբողջ ընթացքում: Վիվյենի կերպարային զարգացումները շատերը չէին սպասում, բայց բոլոր իրադարձություններն արդարացի էին: Սկզբում իմ կերպարը կարծես ոչնչի կարիք չուներ, ուներ գեղեցիկ ընտանիք, իսկ հետո ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի սխալների պատճառով այդ ընտանիքը փլուզվեց: Սա կյանքի մի մեծ պատմություն էր:

Իռա Հարությունյանը


- Շուրջ երկու տարի հեռուստասերիալը եթերում էր: Կկարոտե՞ք Վիվյենին:
- Իհարկե: Ես նույնիսկ փորձում եմ նրան արդարացնել: Փոքր սխալը դարձավ մեծ պատմություն: Վիվյենի ընտանիքում բոլորը խնդիրներ ունեին, սակայն նրանց բոլորին միավորում էր սերը:

- «Նռան հատիկը» բավական բարձր վարկանիշ ուներ, սակայն քիչ չէին նաեւ քննադատությունները: Ի՞նչ եք կարծում, սա ինչի արդյունք է:
- Ինչքան բարձր վարկանիշ է ունենում նախագիծը, այդքան շատ են լինում քննադատությունները: Ինձ շատ են ասել, որ շատ ենք երկարացնում, բայց մարդիկ դիտում էին: Եթե չդիտեին, շուտ կավարտվեր: Եվ հետո, տրամաբանական լուծումներ են պետք՝ կյանքը ներկայացնելու համար: Մենք չենք պարտադրում դիտել, մենք անում ենք մեր գործը եւ անում ենք ազնիվ: Եթե դուր չի գալիս, կարելի է չդիտել: Հեռուստադիտողը նաեւ սիրում է անձնավորել բացասական կերպարները դերասանների հետ, քննադատել նրանց: Այդ դեպքում ապրի դերասանը, որ կարողացել է լավ կերտել կերպարը:

- Հաճախ եք նշում , որ Ձեզ համարում եք թատրոնի դերասանուհի: Դժվար չէ՞ թատրոնից հետո նման սերիալներում նկարահանվելը:
- Քսան տարուց ավելի է` աշխատում եմ թատրոնում եւ, այո՛, ինձ համարում եմ թատրոնի դերասանուհի: Բայց սա չի նշանակում, որ սերիալներում չեմ կարող նկարահանվել: Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ: Կան դերասաններ, ովքեր մեկ նախագծի, մեկ ֆիլմի համար են: Լինում են նաեւ պատահական մարդիկ, ովքեր նկարահանվում են մի նախագծում ու իրենց պրոֆեսիոնալ են համարում:

Իռա Հարությունյանը


- Նման դերասանների հետ խաղալը խնդիրներ չի՞ առաջացնում:
- Ոչ: Եթե մարդն ունի ձգտում, պատրաստ եմ նրա հետ մի քանի դուբլից ստանալ տեսարանը: Ինձ նյարդայնացնում են այնպիսի դերասանները, ովքեր չգիտեն եւ չեն էլ ուզում սովորել: Խոսքս կոնկրետ այս նախագծի մասին չէ:

- Իռա, բոլորն էլ գիտեն, որ հեռուստատեսությունը շատ բան է տալիս: Իսկ ի՞նչ է այն խլում դերասանից:
- Այն ժամանակ է խլում եւ շատ: Դժվար է խաղալ ե՛ւ թատրոնում, ե՛ւ հանդես գալ հեռուստատեսային ինչ-որ նախագծում: Հեռուստատեսությունը տալիս է հանդիսատեսի բանակ: Ես շատ շնորհակալ եմ թատրոնի հանդիսատեսին, բայց նույնիսկ թատրոն շատերը գալիս են, քանի որ հեռուստատեսությամբ տեսել են տվյալ դերասանին: Բացի ժամանակը, ուրիշ ոչինչ չի խլում:

- Հիմնականում նկարահանվում եք բազմասերիանոց սերիալներում: Ո՞րն է պատճառը:
- Ուղղակի այդպես է ստացվում: Բազմասերիանոց սերիալները, որոնցում նկարահանվել եմ, ունեցել են բարձր վարկանիշ: Երբեք չեմ մտածել, թե երբ կվերջանան, որովհետեւ հաճելի է եղել ընթացքը: Քսան սերիանոց սերիալում նկարահանվելու փորձ եւս ունեմ: Ուղղակի այնպես է ստացվում, որ բազմասերիանոց սերիալների առաջարկներն ավելի շատ են լինում:

Իռա Հարությունյանը


- Երկարատեւ դադարից հետո՝ սեպտեմբերին, վերադարձաք Ձեր հարազատ թատրոն, սակայն նշում էիք, որ վերադառնալով մեծ հիասթափություն եք ապրել: Հիմա թատրոնում մթնոլորտը վերականգնվե՞լ է:
- Այսօր թատրոնում մթնոլորտը վերականգնվել է: Իմ վերադարձը շոկային էր. չկար գեղարվեստական ղեկավար, անհասկանալի իրավիճակներ էին, թատրոնը համարյա փլուզվում էր: Նոյեմբերին նշանակվեց նոր գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն: Հիմա թատրոնը գրեթե առաջվանն է: Ամենուրեք փորձեր են, նոր շունչ է մտել թատրոն: Համոզված եմ՝ տարիների ընթացքում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կլինի առաջատարներից:

- Երկու բալիկի մայր եք: Աշխատանքային զբաղվածությունը խնդիրներ չի՞ առաջացնում նրանց հետ շփման հարցում:
- Առաջին տղայիս քիչ ժամանակ եմ տրամադրել, բայց փոքրիկի հետ փորձում եմ մաքսիմալ շատ ժամանակ անցկացնել: Ինձ մայրս շատ է օգնում նրանց խնամքի հարցում: Հիմա ամեն փորձից, նկարահանումից հետո միանգամից տուն եմ շտապում:

- Ինչպիսի՞ մայր եք: Խի՞ստ եք, թե՞ պատրաստ եք կատարել երեխայի քմահաճույքները:
- Մեծի հետ խիստ եմ եղել, բայց փոքրիս շատ եմ երես տալիս: Դրա հետ մեկտեղ ամեն ինչ չափի մեջ է, կան արգելքներ. դա դաստիարակություն է: Եթե փոքրուց չսերմանես, հետո չի հասկանա:

Իռա Հարությունյանը


- Ձեր մասնակցությամբ նախագծերը երեխաները դիտո՞ւմ են:
- Դավիթը չի հասկանում, որ սերիալ է, նայում է, ասում է՝ «Մամա՛» : Իսկ մեծս՝ Արամը, նայում էր առաջ, հիմա՝ ոչ: Մանավանդ կերպարիս հետ կապված վերջին դեպքերից հետո: Դե, բարդ շրջան է, տասնվեց տարեկան է, մենք էլ ապրում ենք Հայաստանում: Ես բացատրում եմ, որ ուղղակի սերիալ է, բայց իմ նկատմամբ խանդ կա: Ես միայն ուրախ եմ:

- Ձեզ ու Ձեր ամուսնուն լրագրողները բազմիցս «բաժանել» ու «միացրել» են: Ի՞նչ եք կարծում, պատճառը Ձեր՝ նրան գաղտնի պահե՞լն է:
- Անձնականն այնքան ժամանակ է շարունակում մնալ անձնական, քանի դեռ ոչ ոք չգիտի, երբ իմացան, դառնում է հանրային: Ես հասկանում եմ մարդկանց հետաքրքրությունը եւ փորձում եմ անկեղծ լինել: Բայց այսպիսի հարցերում զուսպ եմ: Իմ երկրորդ երեխայի հայրը նույնն է, ինչ առաջնեկինս: Ամուսինս էլ է նորմալ ընկալում այս խոսակցությունները:


Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Saryan’Notes» գինետանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին