×


«Ինչ արել ենք, հայերի համար ենք արել». Վարդան Զադոյանը, Աննա Մանուչարյանը եւ Տիգրան Պետրոսյանը համատեղ ալբոմ են թողարկել

Հումորիստ, սցենարիստ, երգիչ, երգահան Վարդան Զադոյանը, դերասանուհի Աննա Մանուչարյանը եւ երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանը համատեղ երաժշտական նոր ալբոմ ունեն, որն օրերս է թողարկվել ու հասանելի է առցանց տիրույթում: «Eth.No.Rules»՝ այսպես է կոչվում նոր ալբոմը, որում ընդգծրկված է տասնչորս երգ` հայկական ֆոլկ եւ էթնո ոճերում: Այս անսպասելի համագործակցության ու նախագծի մասին բոլոր հետաքրքիր մանրամասները BRAVO.am-ը պարզել է Վարդան Զադոյանի հետ զրույցում:

Նախագիծը, որի շուրջ համախմբվել են արտիստներն ու փորձել նոր շունչ հաղորդել հայկական ֆոլկ երաժշտությանը, «Three Trees» (Երեք ծառ) անվանումն ունի: Վարդան Զադոյանն ասաց՝ այդպես են անվանել համանուն երգի հիման վրա. «Այդ երեք ծառը համապատասխանաբար խորհրդանշում ենք մենք. Աննան ծիրանի ծառն է, Տիգրանը՝ բարդին, իսկ ես՝ կաղնին: Կարելի է ասել՝ երգը նաեւ բնապահպանական իմաստ ունի: Նկատի ենք ունեցել, որ պետք է պահպանել բնությունը, եւ հատկապես Հայաստանում ամեն մի ծառը, թուփը շատ կարեւոր են ու ոսկուց էլ թանկ են մեզ համար»:

Երգահանը պատմեց, որ ինքն ու Տիգրան Պետրոսյանը վաղուց էին ցանկանում համատեղ որեւէ նախագիծ իրականացնել, եւ Աննա Մանուչարյանին հանդիպելուց ու նրա ձայնային տվյալներին ծանոթանալուց հետո վերջապես որոշել են կյանք տալ իրենց ծրագրին.«Նախագծի հիմնական միտքն այն է, որ կարողանանք ստեղծել բարձրաճաշակ ու մաքուր ֆոլկ երաժշտություն, որը հետո կփոխանցվի մեր երիտասարդներին՝ առանց ռաբիզ հնչերանգների: Այդպիսով՝ որոշեցինք նման ալբոմ թողարկել, որը լսելով մարդիկ կհպարտանան հայ լինելու համար. մեր երգերն անդրադառնում են հայ գինեգործին, հայ զարդագործին, գորգագործին եւ այլն: Կան որոշ հայտնի երգեր, որոնք մենք ուղղակի մշակել ենք ու մեր մեկնաբանությամբ ներկայացրել: Բայց ընդհանուր առմամբ երգերի մեծ մասը հեղինակային են. խոսքերն ու երաժշտությունը գրել ենք հիմնականում ես եւ Տիգրան Պետրոսյանը»:

«Three Trees» նախագծի ալբոմի շապիկը


Վարդան Զադոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք՝ ալբոմը ներկայացնեն նաեւ համերգային տարբերակով: Նա չբացառեց, որ համերգ կարող է լինել, սակայն ընդգծեց, որ միայն հետաքրքիր առաջարկից հետո կարող են մտածել այդ մասին. «Անկեղծ ասած՝ ինձ համար ավելի նախընտրելի է, որ երգերը լսելի լինեն հենց ալբոմային տարբերակով, բայց եթե լավ առաջարկ լինի, ու կարողանանք համաձայնության գալ, գուցե մտածենք նաեւ համերգ նախապատրաստելու մասին»:

Իսկ կա՞ն արդյոք նման երաժշտական նախագծերի նոր մտքեր, որոնք առաջիկայում կարող են կյանքի կոչվել: Մեր այս հարցին Վարդան Զադոյանը պատասխանեց, որ կախված է մարդկանց արձագանքից.«Տեսնենք՝ ժողովուրդն ինչպես կընդունի այս նախագիծը, որովհետեւ եթե չհավանեն, կամ աննկատ մնա, էլ ի՞նչ իմաստ կա նոր ալբոմ ձայնագրել: Մենք չենք պատրաստվում մեր աշխատանքը տանել ԱՄՆ-ում վաճառել, դրսում ինչ-որ գործեր անել: Մենք հայերի համար ենք արել, ինչ արել ենք: Եթե հավանեն, շատ լավ կլինի, ու կշարունակենք»:

Ալբոմը հասանելի է այստեղ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Ալբոմի շապիկի դիզայնը՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին