×


«Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խումբը

«Լվացքի տախտակով» զայդեկո նվագող ամերիկյան խումբը ելույթ կունենա Կասկադում

Այսօր երեկոյան Կասկադում ամերիկյան զայդեկո կհնչի: Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ եւ ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Dwayne Dopsie and the Zydeco Hellraisers խումբը, որը Հայաստան է ժամանել ԱՄՆ դեսպանատան հրավերով: Խմբի բացօթյան անվճար համերգով դեսպանատունն այս տարի կտոնի Միացյան Նահանգների անկախության օրը: Մինչ այդ, սակայն, BRAVO.am-ը հասցրել է հանդիպել խմբի անդամներին, լուսանկարել եւ զրուցել նրանց հետ զայդեկո երաժշտության, «Լվացքի տախտակ» կոչվող ինքնատիպ գործիքի, հայաստանյան այցի եւ այլ հետաքրքիր մանրամասների շուրջ:

Նշենք, որ «Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խումբը ղեկավարում է «ամերիկացի ամենակրքոտ ակորդեոնահար» Դուեյն Դոպսին, ում հայրը՝ Ռոքին Դոպսին, զայդեկո երաժշտության առաջամարտիկներից էր: Զայդեկոն սկիզբ է առել ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով եւ ակորդեոնի լայն կիրառմամբ: Փորձելով բնութագրել իրենց ներկայացրած արվեստը` Դուեյն Դոպսին ընդգծեց` զայդեկոն կենսուրախ եւ աշխույժ երաժշտություն է, որը շատ առումներով նաեւ ամերիկյան ոգու մարմնավորումն է.

«Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խմբի անդամներից


«Այն ծնվել է 1900-ականների սկզբին եւ եղել է ստրուկների երաժշտություն: Ժամանակին մարդիկ աշխատում էին դաշտերում, բամբակ էին հավաքում, եգիպտացորեն, լոբի եւ այլն: Ու երբ աշխատանքից հետո հավաքվում էին որեւէ տեղ, քեֆ-ուրախություն էին անում, դա կոչվում էր լա-լա երաժշտություն: Նրանցից մեկն ակորդեոն էր նվագում, մյուսն էլ լվացքի համար օգտագործվող տախտակի վրա էր նվագում: Այդպիսով մարդիկ կարողանում էին մեկտեղել տարբեր ձայներ, հնչյուններ ու մեղեդիներ»,- պատմում է խմբի առաջատարը:

Ինչ վերաբերում է «լվացքի տախտակին», ապա նշենք, որ այն չժանգոտվող պողպատյա ակոսավոր թիթեղից պատրաստվող հարվածային մի ինքնատիպ գործիք է, որն իր տեսքով հիշեցնում է հնում կիրառվող լվացքի մզման տախտակը: Խմբի անդամներից Փոլ Լեֆլուրը, ով էլ նվագում է երաժշտական այս ինքնատիպ գործիքը, իր խոսքում նշեց, որ զայդեկո երաժշտությունը ճանաչելի է նաեւ «լվացքի տախտակի» կիրառմամբ: Նրա խոսքով՝ այսօր այն համարվում է արդեն պրոֆեսիոնալ երաժշտական գործիք, թեեւ հնում այդպես չէր:

«Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խմբի անդամներից


«Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս»-ն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգեւների, իսկ 2018թ. առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ ավանդական ամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի անվանակարգում: Խումբը հանդես է եկել 20 տարբեր երկրներում եւ հայտնի է իր աշխույժ ու ազդեցիկ կատարումներով: Դուեյն Դոպսիից հետաքրքրվեցինք, թե այս ամենը հաշվի առնելով՝ որն է համարում իրենց ամենամեծ ձեռքբերումը: Երաժիշտն ընդգծեց, որ ամենամեծ նվաճումը Հայաստանի նման երկրներում հանդես գալն է, որտեղ իրենց երաժշտությունը քիչ ճանաչելի է. «Մեր նպատակն է զայդեկո երաժշտությունը տարբեր երկրներում հայտնի դարձնելը, մեր մշակույթը մարդկանց ներկայացնելը, որպեսզի պատնեշները կոտրվեն, եւ մարդիկ իրար ավելի լավ ճանաչեն»:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ գիտեր հայերի ու Հայաստանի մասին մինչեւ մեր երկիր գալը: Պարզվեց՝ ամերիկացի երաժիշտը շատ լավ տեղյակ է 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքերից, ինչպես նաեւ հասցրել է փոքր-ինչ ուսումնասիրել հայկական երաժշտությունը: Ասում է՝ այն իրեն շատ է տպավորել. ինքնատիպ է ու մեղեդային: Դոպսիի խոսքով՝ իրենք շատ են հավանել նաեւ Երեւանը, այստեղ նրանց դուր է եկել հատկապես հայերի բարյացակամությունը, ինչպես նաեւ հայկական խոհանոցը:

«Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խմբի անդամներից


Երբ նրան հարցրինք, թե ինչ ծրագիր են ընտրել այսօրվա համերգային երեկոյի համար, ծիծաղեց ու ասաց, որ իրենք սովորաբար ընտրված ծրագիր չեն ունենում. «Զայդեկո երաժշտության լավ կողմերից մեկն այն է, որ մենք նվագում ենք այն, ինչ կարծում ենք՝ ժողովուրդն ուզում է այդ պահին: Եթե մենք ընտրեինք, օրինակ, տասը երգ եւ որոշեինք հենց դրանք կատարել, գուցե այդ երգերն այնքան էլ լավ չընդունվեին Հայաստանի, Իտալիայի, Ամերիկայի կամ այլ երկրի հանդիսատեսի կողմից: Դրա համար էլ մենք սկսում ենք նվագել, տեսնում ենք՝ մարդիկ ինչպես են ընդունում մեր երաժշտությունը, եւ ըստ այդմ էլ արդեն փոփոխում ենք երգացանկը»,- ասաց նա:

Իսկ մենք հավելենք, որ «Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խմբի երեւանյան համերգի սկիզբը կլինի ժամը 20:00-ին, այնպես որ բաց չթողեք ուրախ եւ հաճելի երեկո անցկացնելու ձեր հնարավորությունը:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին