×


Ռաֆայել Ղազանչյանը եւ դուստրը

«100 տոկոսով վստահում եմ երկու մարդու՝ աղջկաս եւ որդուս։». Ռաֆայել Ղազանչյան

Դերասան, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը BRAVO.am-ին պատմել է վերջերս հեռուստատեսությամբ շատ չերեւալու պատճառների, սոցցանցերում ակտիվ չլինելու, նոր նախագծերի, վստահություն ներշնչող մարդկանց, իր բաժին երջանկության եւ դստեր հետ պատահած միջադեպի մասին։

«Մարդիկ սպասում են…»

Ժամանակ կար, երբ ես առհասարակ չէի օգտվում «Ֆեյսբուք»-ից: Հիմնական պատճառն այն էր, որ ժամանակ էր խլում, հիմա էլ ակտիվ ինձ չեմ համարում այս տիրույթում: Եթե գործնական առումով, որպես գործիք պետք է լինում այդ հարթակն օգտագործել, ապա, իհարկե լավ է, բայց եթե պետք է ուղղակի մտնես, տեսնես՝ ով ինչ է անում, ով ինչ ասաց, այնքան էլ նպատակային չէ, իսկ «Ինստագրամ»-ում չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ լուսանկար տեղադրել կամ որեւէ գործողություն կատարել։

Վերջին շրջանում «Ֆեյսբուք»-ում պարզապես չէիր կարող չլինել ակտիվ, բացատրեմ՝ ինչու, որովհետեւ, երբ դու կաս վիրտուալ տիրույթում այս խառը իրադարձությունների ժամանակ եւ ոչինչ չես գրում, այսինքն՝ ավելի չեզոք ես, ապա արձագանքը բացասական է: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր քեզ լավ գիտեն, ճանաչում են, բոլոր դեպքերում սպասում են, որ ինչ-որ բան կասես։

Եթերում չլինելու մասին

Այս դադարի համար կան մի քանի պատճառներ. առաջինը՝ հեռուստատեսությունն արդեն այն դաշտը չէ, որտեղ կարող ես իրագործել մտածածդ նախագծերը, մյուսը հեռուստատեսային նախագծերի սահմանափակ լինելն է, որովհետեւ կամ առավոտյան որեւէ ծրագրի առաջարկ է, որը ժամանակին ես արել եմ ու, կարծում եմ, վատ չի ստացվել, կամ նման ձեւաչափի մի բան, ինչն էլ չեմ անի. կստացվի նույնը, որովհետեւ ժամանակը փոխվել է, եւ պետք է շարժվել համընթաց՝ հետաքրքրությունը չկորցնելու համար։

Ազատության եւ դրա հետեւանքների մասին

Ես միշտ ազատ եմ եղել եւ հիմա էլ ազատ եմ իմ խոսքում, ինչը նույնպես նպաստեց հեռուստատեսությունում քիչ երեւալուս։ Այն ժամանակ, ինչու եմ ասում՝ այն ժամանակ, որովհետեւ հիմա կիսում ենք՝ մինչ 2018 թվականը եւ դրանից հետո, այն ժամանակ, երբ դու ազատ էիր քո խոսքում եւ արտահայտվում էիր ազատ, դա կարող էր խանգարել, հիմա, հուսով ու վստահ եմ, որ այլ կլինի։

Ռաֆայել Ղազանչյանը


Աշխատանքի մասին

Նորաբաց Arev օնլայն TV-ում անում եմ հարցազրույցներ հետաքրքիր մարդկանց հետ, ինչու եմ ասում՝ հետաքրքիր, այլ ոչ՝ հայտնի, որովհետեւ շատ անգամ հայտնիությունը դեռ չի ենթադրում հետաքրքրություն։ Իհարկե, այս տիրույթը դեռեւս հնարավորություն չի տալիս վաստակել այն գումարները, որոնք, օրինակ, կարող էիր աշխատել՝ հեռուստատեսությամբ որեւէ նախագիծ անելով, բայց զարգացող հարթակ է: Կա նաեւ նոր նախագիծ USArmenia TV-ի համար, որը շուտով կցուցադրվի։

Հորդոր-խնդրանք

Այն, ինչ կատարվեց վերջին ժամանակներում, իսկապես դրական է, բայց խնդրում եմ ու դիմում եմ հանրությանը, որ պետք չէ քննադատել այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով անմասն են մնացել, լինի երգիչ, դերասան, հաղորդավար։

Վստահություն ներշնչող մարդկանց մասին

Հարյուր տոկոսով վստահում եմ երկու մարդու՝ աղջկաս եւ որդուս։

Իր բաժին երջանկության մասին

Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ: Կյանքում ամենաթանկ մարդկանց՝ երեխաներիս հանդեպ ունեմ հատուկ ընդգծված ուշադրություն: Խոսքն այն մասին չէ, որ բարկանամ եւ խրատեմ, օրինակ, ուսանող դստերս՝ ընդունված ժամից ուշ տուն գալու համար, այլ՝ ներքին անհանգստության եւ ուշադրության, որը փորձում եմ շատ ցույց չտալ, այ, սրա մեջ էլ է երջանկությունը։

Դստեր մասին

Աղջկաս հետ միջոցառման էինք հրավիրված, հետաքրքիր մի դեպք պատահեց. այն մարդիկ, ովքեր չէին ճանաչում նրան եւ չգիտեին, որ աղջիկս է, հետո հարցնում էին՝ «Ռաֆ, նորություն կա՞ քո կյանքում, ո՞վ էր այն օրիորդը»: Դժվար է հաղթահարել այն միտքը, որ աղջիկս արդեն երեխա չէ, որ աշխատում է, ունի իր առանձին շրջապատը, դժվար է մերվել այն մտքի հետ, որ երեխադ այլեւս մեծ է։

Տեքստը՝ Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Ղազանչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին