×


«Մենք ենք» հիմնադրամի լողավազանային երեկույթը՝ նվիրված փոքրիկ Մանեին

Ձեզնից շատերը գուցե հիշում են փոքրիկ Մանեին, ով ի ծնե չէր լսում։ Շնորհիվ բազմաթիվ սրտացավ մարդկանց աջակցության՝ 2016-ի դեկտեմբերին երեխան Իսպանիայում բարեհաջող վիրահատվել է: Երեխայի մոտ 6 ամսեկանում ծնողները նկատել էին անտարբերություն ձայների նկատմամբ: Տարբեր բժիշկներին այցելելուց ու հետազոտություններից հետո ախտորոշվել էր երկկողմանի ծանրալսություն (խլություն)։ Բարեբախտաբար, Մանեն, արդեն լսում է։

Երեկ լողավազանային երեկույթ էր կազմակերպել «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը, իսկ գլխավոր հերոսուհին գեղեցկուհի Մանեն էր։ Աղջնակը ոչ միայն լսում է, այլեւ սկսել է խոսել, հաճախում է խոսքի զարգացան դասերի. «Առաջընթաց կա, ձայն եմ տալիս, մոտենում է ինձ, բառեր ու բառակապակցություններ է արտաբերում։ Իսպանիայի Պամպլոնա քաղաքում տեղադրել են կոխլեար իմպլանտ, ինչի շնորհիվ մեր աղջիկը լսում է», - պատմում է մայրը՝ Ռուզաննան։

«Մենք ենք» բարեգործական հիմնադրամի կազմակերպած երեկույթին


Այս բարեգործական երեկույթը նվիրված էր 5-ամյա Մանեին, քանի որ փոքրիկը կրկին վիրահատության կարիք ունի։ Ամիսներ առաջ Մանեի գլխուղեղում հայտնաբերվել է կիստա, նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել, ցավոք, ընտանիքը չունի բավարար միջոցներ։ BRAVO.am-ի հետ զրույցում Մանեի հայրը՝ Արմենը, հայտնել է, որ վիրահատության համար հարկավոր է մոտ 20.000 եվրո, որոշ մասն արդեն հավաքվել է. «Իսպանիայում վիրաբույժի հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ կիստան սկսում է աճել եւ սպառնալ Մանեի նյարդային համակարգին՝ նաեւ վտանգի ենթարկելով նրա լսողական կարողությունները: Մանեի լսողությունը պահպանելու միակ միջոցը նրան հրատապ նորից վիրահատելն է, փաստորեն, կիստան ի ծնե եղել է, օր օրի մեծանում է»:

«Մենք ենք» հիմնադրամի նախագահ, ջութակահար Սոնա Ազարյանը տարբեր ձեւաչափով միջոցառումներ եւ աճուրդներ է կազմակերպում։ Նա Մանեի ընտանիքին աջակցել է առաջին վիրահատության անհրաժեշտ գումարի մի մասը գտնելու հարցում, որոշել է ամառային այս երեկույթը նվիրել Մանեին՝  գումարը կրկին տրամադրելու երեխայի բուժմանը. «Յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել ու աջակցել Մանեի ընտանիքին։ Այստեղ են հայկական ընկերությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք աջակցում են ընտանիքին։ Երկրորդ անգամ Մանեն Պամպլոնա քաղաքում կվիրահատվի, վստահ ենք՝ ամեն ինչ փայլուն կանցնի», - նշել է Սոնան։

«Մենք ենք» բարեգործական հիմնադրամի կազմակերպած երեկույթին


«Դելիս» լողավազանային ակումբում տեղի ունեցած երեկույթին մոդելները ցուցադրել են Taraz.am-ի նոր հավաքածուի թավշյա զգեստները, ելույթ են ունեցել «Տիեզերք» բենդի աղջիկները, երաժիշտ Աշոտ Ադամյանը։ Ներկաները մասնակցել են նաեւ աճուրդի ու կատարել հանգանակություն։
 
Դուք եւս կարող եք փոխանցումներ կատարել, նշելով՝ Ստացող՝ Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ, նպատակ` օգնություն Մանե Հարությունյանին", հետևյալ հաշվեհամարով՝
1570020931340100` ՀՀ դրամ
1570020931340101`ԱՄՆշդոլար
1570020931340146` եվրո
1570020931340158` ՌԴ ռուբլի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 094868200 Արմեն (հայր)

Հավելենք, որ «Մենք ենք» նախաձեռնությունը միավորում է խոշոր բարեգործական հիմնադրամների եւ ծագումով Հայաստանից ու Ռուսաստանից մի շարք հասարակական գործիչների՝ ստեղծելով միասնական հարթակ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին եւ այլ խոցելի խմբերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին