×


«Միկան առաջին հայացքից սիրեց եղբորը». Աելիտա Չիլինգարյանի եւ Կարեն Ստեփանյանի ընտանեկան զբոսանքը

Երբ ընտանիքի անդամներից մեկը մասնագիտությամբ լրագրող է, մյուսն էլ՝ օպերատոր, ամբողջ ընտանիքով անգամ հասարակ զբոսանքները հաճախ չեն ստացվում: Հաղորդավարուհի Աելիտա Չիլինգարյանի եւ օպերատոր Կարեն Ստեփանյանի ընտանիքում հենց այդպես է: BRAVO.am-ին օրերս հաջողվել է լուսանկարել նրանց ամբողջ կազմով:): Ծանոթացել ենք գերակտիվ Միկայի ու փոքրիկ Ռոբերտի հետ եւ հետաքրքիր զրույց ունեցել Ալկայի հետ:

Տղաների մասին
Միքայելն ու Ռոբերտը երկու տարբեր մարդիկ են: Տարբեր են թե՛ բնավորությամբ, եւ թե՛ արտաքինով: Շատերը, ովքեր մեր ընտանիքը լավ չեն ճանաչում, կարծում են, որ բալիկներս նման են իրար: Մենք ակնհայտ իրենց տարբերությունները տեսնում ենք: Միկան անհանգիստ է (Միքայելն այդ պահին միջամտում է՝ «Մամ, կապույտով եմ ուզում պղպջակներ անեմ»,- հեղ.): Այ, այսպես միշտ սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Հակապատկերն է Ռոբը: Չնայած, որ փոքրը նա է, ոչ մի անհանգստություն չի պատճառում, չի լացում: Միկայի հետ բարդ է, Ռոբի հետ՝ հեշտ:

Աելիտա Չիլինգարյանի եւ Կարեն Ստեփանյանի ընտանիքը


Փոքրիկ օգնականը
Հղիությանս ընթացքում Միքայելն ասում էր, որ իրեն եղբայր պետք չէ: Մտածում էի՝ երբ բալիկը ծնվի, դժվարություններ կլինեն, սակայն տեղի ունեցավ հակառակը: Միկան առաջին հայացքից սիրեց Ռոբին: Քանի որ փոքր երեխաներին չեն թողնում հիվանդանոց գալ, իրենց առաջին հանդիպումը տեսազանգով եղավ: Նույնիսկ ինձ օգնում է երեխայի հետ կապված հարցերում:

Այդ խոստումը… :)
Միկան լեգոյի սիրահար է, նաեւ «Այլ կերպ» է սիրում խաղալ, բայց իր կանոններով: Միկան ութ ամսականում մեր ննջասենյակի հայելին կոտրեց, իսկ այսօր ամեն օր բաժակ է կոտրում (Միկան հաստատում է՝ «Էդ ճիշտ ա. ես եմ անում»,-հեղ. ): Միկան խոստացել է, որ շինարար է դառնալու, շենքեր է կառուցելու, ինձ համար էլ՝ առանձնատուն: Խոստացել է մեծ լոգարանով: Երբ մեծանա, ցույց կտամ այս զրույցը:

Կարեն Ստեփանյանը՝ որդու հետ


Ամբողջ կյանքի համար
Երբ պատրաստվում ես երեխա ունենալ, պետք է հասկանաս, որ ամբողջ կյանքի համար է: Չի գա մի պահ, երբ ասես՝ հոգնել եմ: Երբ աշխատանքդ դուր չգա, կարող ես այն փոխել, բայց ծնող լինելուց չես կարող հրաժարվել: Որոշում կայացնելը շատ դժվար է: Մանավանդ երկրորդ երեխայի դեպքում ժամանակ էր պետք, որ հասկանայինք՝ արդեն պատրաստ ենք: Դա մեր դեպքում հինգ տարի տեւեց:

«Հեռուստատեսությունը միշտ է լինելու»
Հեռուստաեթերը շատ խնդիրներ ունի: Այսօր հեռուստատեսության մարդու գլխավոր խնդիրն է՝ հասցնել համացանցի հետեւից վազել: Համացանցն ավելի օպերատիվ է, իսկ հեռուստատեսությունն ավելի խնամքով է պատրաստում եթերը: Այն կադրը, որ ստանում են եթերում, համացանցում չի կարող լինել: Սակայն հեռուստադիտողի համար կարեւոր է տեղեկություն ստանալը եւ հաճախ նախապատվությունը համացանցին է տալիս: Բայց հեռուստատեսությունը միշտ լինելու է. չի գա մի օր, որ դրա փոխարեն ուրիշ մի բան լինի: Պետք են ուղղակի նոր մտքեր՝ մրցակցությանը դիմանալու համար:

Աելիտա Չիլինգարյանը՝ որդու հետ


Հ.Գ. Վերջում, երբ այգուց դուրս էինք գալիս.

Ես. Սիրո՞ւմ ես Ռոբին, Միկա:

Միկա. Հա՛:

Ես. Ինչքա՞ն ես սիրում:

Միկա. Շա՜տ:

Աելիտա. Իսկ Ռոբը ո՞ւմ է ամենաշատը սիրում:

Միկա. Ինձ, էլ ո՞ւմ:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին