Չհասցրինք վայելել նախորդ հանգստյան օրերն, ու արդեն կրկին շաբաթ է: Ուրախանալու 2 առիթ ունենք` նորից կկտրվենք աշխատանքից ու կվայելենք «Շաբաթօրյակը», որն այս անգամ շատ վառ ու պարային է ստացվել:
Շակիրան ու Լոպեսը ցույց տվեցին, թե ինչպես է պետք պարել 43 ու 50 տարեկանում: Կտեղեկանանք նաեւ, թե անսովոր ինչ նվերներ են ստանալու Օսկարի հավակնորդները, ինչ անունով է Միլա Յովովիչը կոչել իր 3-րդ դստերը, ինչպես է հաջողվել Ջեսիկա Բիլին ու Ջասթին Թիմբերլեյքին հաշտվել, ու հրաժեշտ կտանք 103 տարեկանում մահացած Քըրք Դուգլասին:
Սուպերբոուլի կրակոտ շոուն
Մայամիի «Hard Rock Stadium»-ում կայացավ ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպումը, որն առավել հայտնի է Սուպերբոուլ անվամբ: Առաջին անգամ իր պատմության մեջ հաղթողի կոչումը նվաճեց «Քանզաս Սիթին», սակայն խաղից ու ակումբի հաղթանակից առավել երկրպագուները սպասում էին ընդմիջման շոուին: Թեժ ելույթներով ու անզուգական պարային համարներով հանդես եկան Շակիրան ու Ջենիֆեր Լոպեսը:
Երաժշտական բացումը 2 մլն Swarovski բյուրեղներով պատված կարմիր զգեստով կատարեց Շակիրան: Նա երգել է իր հիթերն, ինչպես նաեւ Քարդի Բիի «I Like It»-ը: Ի դեպ, միջոցառման օրը՝ փետրվարի 2-ին, Շակիրան, ինչպես նաեւ ամուսինը՝ Ժերար Պիկեն, իրենց տարեդարձերն են տոնել. երգչուհին 43 տարեկան է դարձել, ֆուտբոլիստը՝ 33:
Շակիրային բեմում հաջորդել է Versace-ի կաշվե հագուստով Լոպեսը, որին ուղեկցել են 130 պարողներ:
Ամենավառը ստացվել է «Let’s Get Loud» կատարումը. Շակիրան թմբուկների մոտ է եղել, իսկ Լոպեսը բեմ է դուրս եկել իր դստեր՝ Էմմայի հետ: Վերջում երգչուհիները միասին երգել են 2010-ի ԱԱ-ի հայտնի երգը՝ «Waka, Waka»-ն ու ցույց տվել, թե որքան կրակոտ կարելի է լինել 43 ու 50 տարեկանում:
Կատարումները հավանել են թե՛ ստադիոնում հավաքվածները, թե՛ աշխարհով մեկ եզրափակչին հետեւող երկրպագուները: Այդ մասին են վկայում նրանց բուռն քննարկումները սոցցանցերում: Քիչ չեն եղել դժգոհողները. հատկապես երեխաների հետ հանդիպմանը հետեւած հեռուստադիտողները բողոքել են, որ խոշոր կադրով են ցուցադրել երգչուհիների կրքոտ շարժումները: Բայց մեծամասնությունը նրանց կատարումները Սուպերբոուլի պատմության ընթացքում ամենավառն է համարել:
Լոպեսն ինք էլ գոհ է մնացել երեկոյից ու այսպիսի գրառում կատարել՝ «Սուպերբոուլում էպիկական կատարմանս համար շնորհակալ եմ իմ անհավանական թիմին»:
Շոուից մի քանի օր անց հայտնի է դարձել, որ երգչուհիները չեն վարձատրվել իրենց ելույթների համար: ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային ասոցիացիան արդեն երկար տարիներ հետեւյալ քաղաքականությունն ունի՝ չվճարել 15 րոպեից կարճ շոուի համար, իսկ Շակիրան ու Լոպեսը միասին ելույթ են ունեցել մոտ 14 րոպե:
Բրիտանական կինոմրցանակներ
Փետրվարի 2-ին Լոնդոնի Ալբերտ սրահում 73-րդ անգամ կայացած BAFTA-ի կազմակերպիչները մեծ ուշադրություն էին դարձրել էկոլոգիական կայունությանը: Նախ երեկոն առանց ածխածնի արտանետումների էր, բացի այդ էլ հյուրերը նախապես ստացել էին կայուն նորաձեւության ուղեցույց. պետք է գեղեցիկ տեսք ունենային, բայց նոր հագուստ չգնեին:
Մասնագետները BAFTA-ն Օսկարից առաջ վերջին քայլն են համարում: Դերասաններից, պրոդյուսերներից ու ռեժիսորներից բացի, միջոցառմանը ներկա էին նաեւ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը:
Բրիտանական կինոյի ու հեռուստատեսության ակադեմիայի վարկածով լավագույն ֆիլմը «1917»-ն էր: 9 անվանակարգերից այն հաղթեց 6-ում, այդ թվում՝ լավագույն ռեժիսորի. մրցանակը ստացավ Սեմ Մենդեսը:
«Ջոքերը» 11 անվանակարգերից լավագույնն էր 3-ում. լավագույն դերասանի տիտղոսին արժանացավ Խոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհին էլ այս տարի արդեն որերորդ անգամ Ռենե Զելվեգերն է՝ «Ջուդի» ֆիլմում իր դերակատարման համար: Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը միայն մեկ մրցանակ ստացավ՝ Բրեդ Փիթի շնորհիվ. նա 2-րդ պլանի լավագույն դերասանն է: «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար էլ 2-րդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Լորա Դերնը:
Առանց մրցանակի չմնաց նաեւ «Մակաբույծները»՝ լավագույն օրիգինալ սցենար եւ օտարալեզու լավագույն ֆիլմ:
Օսկարի թանկարժեք նվերները
Փետրվարի 10-ի առավոտյան կայանալու է կինոաշխարհում ամենասպասված իրադարձություններից մեկը, վերջապես հայտնի են դառնալու Օսկարի հաղթողները: Անկախ նրանից, թե ովքեր կհաղթեն, 24 հիմնական հավակնորդները կստանան շուրջ 225 հազար դոլար արժողությամբ նվերների փաթեթ: Թեեւ Սքարլեթ Յոհանսոնը 2 անվանակարգում է ներկայացված՝ կնոջ լավագույն դեր («Ամուսնական պատմություն») ու 2-րդ պլանի լավագույն դեր («Ջոջո նապաստակը»), նա նվերների մեկ փաթեթ կստանա:
Այս տարի այն ներառելու է 12-օրյա շրջագայություն Scenic Eclipse զբոսանավով (Անտարկտիկա, Միջերկրական ծով): Առավել համարձակները կկարողանան նաեւ սուզանավով իջնել 300 մ: Բացի այդ, կա նաեւ ռոմանտիկ ուղեւորություն դեպի Իսպանիայի փարոսներից մեկը, որտեղ գործում է շքեղ հյուրանոց:
Կան նաեւ տարօրինակ նվերներ`մեզի հավաքման բժշկական Peezy Midstream համակարգ ու Soma-ի խելացի կրծկալ: Սա էլ վերջը չէ, պետք է նշել նաեւ Coda Signature կանեփով շոկոլադներն ու ոսկեզօծ էլեկտրոնային ծխախոտը:
Այս տարվա նվերները 70 հազար դոլարով թանկ են նախորդ տարվանից, իսկ Օսկարի մեկ արձանիկն արժե ընդամենը 400 դոլար: Ի դեպ, այս տարի մրցանակները հանձնողների թվում են լինելու Կիանու Ռիվզը, Պենելոպե Կրուսը, Դայան Կիտոնը, Սիգուրնի Ուիվերը, Ջեյմս Կորդենը:
Իսկ երեկոյի հաղորդավարների դերում են լինելու Ջեյն Ֆոնդան, Սանդրա Օն, Ջոշ Գադը, Նատալի Փորթմանը, Թոմ Հենքսը, Քրիս Ռոքը, Օսկար Այզեքը, Տայկա Վայտիտին:
Թիմբերլեյքն ու Բիլը հաշտվել են
Հոլիվուդում կայացել է «Մեղավորը» սերիալի 3-րդ եթերաշրջանին նվիրված երեկույթ: Սերիալում գլխավոր դերում հանդես է գալիս Ջեսիկա Բիլը: Այն պատմում է երիտասարդ Կորա Տանետտիի մասին, որն անբացատրելի զայրույթի նոպայի պատճառով սպանում է անծանոթ տղամարդու: Սպանությունը կատարվում է հերոսուհու ամուսնու, մահու չափ վախեցած որդու ու հանգստացող տասնյակ մարդկանց աչքերի առաջ: Ոչ նրանք, ոչ էլ Կորան չեն հասկանում, թե ինչն է նրան դրդել սպանության:
Սերիալի նոր եթերաշրջանի առթիվ կնոջը շնորհավորելու էր եկել Ջասթին Թիմբերլեյքը: Նրանց ընտանիքում նորից խաղաղություն է հաստատվել: 4 օր առաջ Ջեսիկան հուզիչ գրառում էր կատարել Ջասթինի 39-ամյակի առթիվ ու մի քանի նկար հրապարակել:
«Ծնունդ շնորհավոր, իմ իմացած բոլոր մարդկանցից ժամանակի ուժին ամենաշատը չենթարկվող: Դու մեծանում ես՝ չծերանալով: Մենք սիրում ենք քեզ»,- ամուսնուն էր դիմել նա:
View this post on Instagram
Հիշեցնենք, երգչին նկարել էին դերասանուհի Ալիշա Ուեյնրայթի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Նրանք՝ ձեռք ձեռքի բռնած, լավ ժամանակ էին անցկացնում: Ջասթինը ներողություն էր խնդրել կնոջից ու խոստացել ավելի լավ ամուսին դառնալ: Բիլը երկար ժամանակ չէր կարողանում ներել ամուսնուն, նրանք նույնիսկ ընտանեկան հոգեբանի են դիմել:
Ոճի դասեր Բրիջիտ Մակրոնից
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը վաղուց է հայտնի նորաձեւության նկատմամբ իր յուրահատուկ մոտեցմամբ, սիրում է նորարարություններ կատարել ու կարծրատիպեր կոտրել:
2017-ի սեպտեմբերին 65-ամյա Բրիջիտը ֆրանսիական ամսագրերից մեկի շապիկին հայտնվեց ջինսով, այդ համարը վերջին 10 տարիների ընթացքում ամենավաճառվածն էր, իսկ Մակրոնի կերպարն՝ ամենաքննարկվածն ու կրկնօրինակվածը: Հանրային առողջապահության եվրոպական ասոցիացիայում ելույթի համար Ֆրանսիայի առաջին տիկինը կրկին իր սիրելի հանդերձանքով էր եկել:
Նրա շնորհիվ ջինսն արագ վերածվեց եվրոպական քաղաքական էլիտայի պաշտոնական դրես-կոդի մի մասը: Բրիջիտն առիթը բաց չի թողնում իր գեղեցիկ ոտքերն ընդգծելու ու իր ժպիտով փայլելու:
Յովովիչի նորածին դուստրը
Պատմել ենք Միլա Յովովիչի հղիության մասին, հիմա ժամանակն է դիմավորել նորածին փոքրիկին: 44-ամյա դերասանուհին ու ռեժիսոր Պոն Անդերսոնը 3-րդ դուստրն են ունեցել եւ նրան Օշին անունը տվել:
Լավ լուրը երկրպագուներին հայտնել է Յովովիչի դուստր Էվան: Նա ողջունել է ընտանիքի նոր անդամին: «Բարի գալուստ աշխարհ, իմ նոր քույրիկ Օշին: Մենք սիրում ենք քեզ»,-գրել է նա:
Ավելի ուշ դստեր ծննդին անդրադարձել է նաեւ Միլան՝ նշելով, որ Էվան առանց իրենց տեղեկացնելու արդեն հայտնել է ուրախալի լուրը:
«02.02.2020-ի առավոտյան ժամը 8:56-ին ծնվել է Օշին Լարկ Էլիոթ Յովովիչ-Անդերսոնը: Արդեն հասկանում եմ, որ անունը երկար է, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում կողմնորոշվել: Նա այնքան գեղեցիկ է, արդեն գլուխը բարձրացնում է, որ տեսնի, թե ինչ է կատարվում: Այնքան շնորհակալ ենք, որ նրան ունենք»,- ավելացրել է երջանիկ մայրիկը:
Յովովիչն ու Անդերսոնն ամուսնացել են 2009-ին, հարսանիքից 2 տարի առաջ ծնվել էր Էվան, իսկ 2015-ին՝ Դաշիելը:
Բելուչիի գեղեցկուհի դուստրը
Դեռ անցած տարվա ապրիլին Վենսան Կասելի եւ Մոնիկա Բելուչիի ավագ դուստրը՝ Դեւան, դարձել էր Dolce&Gabbana-ի դեմքը: Թեեւ դեռ այս տարի է 16-ամյակը նշելու, նա արդեն լուրջ պայմանագիր է կնքել բրենդի հետ ու նկարահանվել օծանելիքի գովազդում, որի առաջին կադրերն արդեն հասանելի են: Բրենդի դեսպանն է նաեւ Բելուչին:
Գովազդում նկարվելուց հետո Դեւան հրավիրվել էր Միլանի նորաձեւության շաբաթին:
«Եթե աղջիկներիցս որեւէ մեկը ցանկանա գնալ իմ ճանապարհով, դեմ չեմ լինի: Հույս ունեմ, որ նրանք տարված կլինեն մարդկանցով, նույնիսկ, եթե բացեն սեփական փուռն ու ամեն առավոտ բուրումնավետ հաց թխեն: Կարեւորն այն է, որ այն, ինչով զբաղվում ենք, մեր կյանքն իմաստով լցնի, ստիպի առավոտյան արթնանալ շնորհակալության զգացումով»,- ասել է Մոնիկան:
Շեյքն ու Կուպերը՝ միասին
34-ամյա Իրինա Շեյքն ու 45-ամյա Բրեդլի Կուպերը հանդիպել են BAFTA-ի աֆթերփարթիի ժամանակ: 4 տարի հանդիպելուց ու գեղեցիկ սիրավեպից հետո զույգն արդեն տեւական ժամանակ է՝ բաժանված է, թեեւ իրենց դստերը՝ Լեային, միասին են դաստիարակում: Նրանք պահպանել են լավ հարաբերություններ, ինչը երեւաց նաեւ Fashion and Film Party երեկոյի ընթացքում:
Իրինան ու Բրեդլին առաջին անգամ միասին լուսանկարվեցին ու երկուսն էլ բավական ուրախ էին տեսախցիկների առաջ: Հյուրերը սպասում էին, որ նախկին սիրահարներն ամեն ինչ կանեն միմյանցից խուսափելու համար, սակայն երկուսն անմիջական էին ու բոլորի հետ շփվում էին:
Շեյքը Կուպերի հետ լուսանկար Ինստագրամում, իհարկե, չհրապարակեց, փոխարենը նա նկար ունի դիզայներ Ռիկարդո Տիշիի հետ, որը մոդելին իր գլխավոր մուսա է հայտարարել: Շեյքը Burberry բոլոր հավաքածուների դեմքն է:
View this post on Instagram
Գոմեսի նոր ապրանքանիշը
Փետրվարի 4-ի երեկոյան Սելենա Գոմեսը հայտարարեց սեփական բրենդի կոսմետիկայի արտադրանքի մասին: Իրականում երգչուհուց նման նախաձեռնություն ավելի վաղ էին սպասում:
Հայտնիների կողմից բրենդների ստեղծումը սկսվել է դեռ 2016 թվականից, այն ժամանակ իրենց արտադրանքները թողարկեցին Քայլի Ջենները, Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը: 2019-ին նրանց միացավ նաեւ Լեդի Գագան:
Սելենան բավական ժամանակ ուներ իր գործընկերների արտադրանքն ու շուկան ուսումնասիրելու եւ յուրահատուկ ապրանք պատրաստելու համար: Հայտնի է, որ ապրանքանիշի առաջին արշավը կոչվելու է Եզակի գեղեցկություն: Վաճառքում այն կլինի 2020-ի ամռանը:
Ամենագեղեցիկ տղամարդը
Դերասան Ռոբերտ Փեթինսոնը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդ: Նման եզրահանգման է եկել պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան: Դեմքերի համամասնությունների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ Փեթինսոնի դեմքը գրեթե կատարյալ է (92,15 %):
2-րդ տեղում դերասան Հենրի Քավիլն է` 91,64 %-ով, եռյակը եզրափակել է Բրեդլի Կուպերը: Տասնյակում են նաեւ Բրեդ Փիթը, Հյու Ջեքմանը, Դեւիդ Բեքհեմը, Իդրիս Էլբան, Քանյե Ուեսթն ու Ռայան Գոսլինգը:
Հոկտեմբերին նույն կերպ էլ որոշվել էին ամենահայտնի գեղեցիկ կանայք: Առաջինը Բելա Հադիդն էր, նրան հաջորդել էին Բեյոնսեն եւ Էմբեր Հարդը:
Դուգլասը
103 տարեկանում մահացել է դերասան Քըրք Դուգլասը: Լուրը հայտնել է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը:
«Մեծ ցավով ես ու եղբայրներս հայտնում ենք, որ այսօր Քըրք Դուգլասը լքել է մեզ: Աշխարհի համար նա լեգենդար դերասան էր, կինեմատոգրաֆի ոսկե դարաշրջանից, ով մինչեւ իր ոսկե տարիներին էլ հասավ: Նա մարդասեր էր ու մեզ համար օրինակ էր արդարությանն իր նվիրվածությամբ ու գաղափարներով, որոնց հավատում էր»,- Ինստագրամում գրել է Դուգլասը:
«Սպարտակի» հայտնի դերակատարն իր կարիերայի ընթացքում մեկ անգամ է Օսկարի արժանացել, բայց ոչ իր բազմաթիվ դերերի, այլ կինոյում ծավալած 50 տարվա գործունեության համար: Նա նկարահանվել է 80 ֆիլմում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: