×


«Շաբաթօրյակ». Թրամփի արաբական արկածները, Դուգլասների ընտանիքի նոր անդամն ու Բեքհեմի բիզնեսի ճգնաժամը

Եկան երկար սպասված հանգստյան օրերը, եւ արժե ժամանակ տրամադրել նաեւ հետաքրքիր նորություններ կարդալուն: Դրանում մենք ձեզ կօգնենք. ինչեր ասեք՝ տեղի չեն ունեցել այս 7 օրերի ընթացքում. արքայազն Հարրիի ընտանիքը հաստատվել է Կանադայում, Սոֆի Լորենը երկարատեւ դադարից հետո նորից կհայտնվի հեռուստաէկրաններին, երջանիկ Օռլանդո Բլումն ու Քեթի Փերրին սիրահարների տոնն են նշել, Վիկտորիա Բեքհեմը նոր ցուցադրություն է կազմակերպել, Բեն Աֆլեքն էլ բուժվում է ալկոհոլային կախվածությունից:

Հարրին ու Մեգանը՝ Կանադայում

Արդեն մի քանի շաբաթ է՝ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն իրենց որդու հետ բնակվում են Կանադայում: Այնտեղ նրանք հաստատվել են՝ վայր դնելով իրենց թագավորական պարտավորությունները: Հայտնի է, որ նրանք դեռ երկար ժամանակ Մեծ Բրիտանիա վերադառնալ չեն պատրաստվում:

Կանադա տեղափոխվելուց հետո լրատվամիջոցներին չէր հաջողվել լուսանկարել զույգին, թեեւ նրանք արդեն մի քանի միջոցառման են մասնակցել: Նախորդ շաբաթ նրանք Սթենֆորդի համալսարանում էին, սակայն կազմակերպիչներին խնդրել էին  իրենց այցելության լուսանկարները չհրապարակել:


Երկար սպասված կադրերը համացանցում են հայտնվել օրեր առաջ: Նրանցում Հարրին եւ Մեգանը Վալենտինի տոնին Վիկտորիա օդանավակայանում են. մասնավոր չվերթով ԱՄՆ-ից վերադարձել են Կանադա: Փոքրիկ Արչին ծնողների հետ չէ, նրանց տանն է սպասում:

Դուգլասների ընտանիքի նոր անդամը

Քեթրին Զետա-Ջոնսի եւ Մայքլ Դուգլասի ընտանիքում փոքրիկ շնիկ է հայտնվել:

«Թույլ տվեք ձեզ ներկայացնել Թեյլոր Դուգլասին»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասանուհին:

View this post on Instagram

A post shared by Catherine Zeta-Jones (@catherinezetajones) on



Նոր շնիկի շնորհիվ Քեթրինն ու Մայքլը փորձում են իրենց տուն վերադարձնել ուրախությունն ու ժպիտները: Նրանք դեռ ողջ ընտանիքով սգում են Քըրք Դուգլասի մահը. դերասանը կյանքից հեռացել է փետրվարի 6-ին՝ 103 տարեկանում:

«Մեր ընտանիքը շատ է գնահատում այն աջակցությունը, որը ցուցաբերում եք: Ձեզ ենք ուղարկում մեր սերը»,- գրել է Դուգլասը:

Վիկտորիա Բեքհեմի ցուցադրությունը

Թեեւ Վիկտորիա Բեքհեմի նորաձեւության կայսրությունում վաղուց ամեն ինչ հարթ չէ, նա շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր հավածաքուներով: Այս անգամ մասնակցել է Լոնդոնի նորաձեւության շաբաթին՝ ներկայացնելով 2020/2021 աշուն-ձմեռ հավաքածուն:

Առաջին շարքերում, ինչպես միշտ, եղել են նրա ամուսին Դեւիդ Բեքհեմն ու երեխաները՝ Ռոմեոն, Քրուզն ու Հարպերը, եւ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը:


Ընտանիքը, սակայն, ամբողջական կազմով չի եղել. բացակայել է Բրուքլինը, որն աշխատում է Միացյալ Նահանգներում: Նա մայրիկին ջերմ հաղորդագրություն է ուղարկել: Լուսանկարում Բրուքլինը դեռ շատ փոքր տարիքում Վիկտորիայի գրկում է: «Սիրում եմ քեզ մայրիկ»,- գրել է նա:

Արդեն մի քանի տարի է՝ Բեքհեմը ֆինանսական դժվարություններ ունի, եւ որպեսզի իրավիճակը փոքր-ինչ շտկի, 2019-ին հրաժարվել է անձնական վարորդից: Հիմա Վիկտորիան է վարում ավտոմեքենան, կամ էլ տաքսիից է օգտվում:

Ներդրողները խորհուրդ են տվել Վիկտորիային կրճատել իր աշխատավարձն ու հրաժարվել դիզայներական ծաղիկներից ու ինտերիերի այլ պարագաներից, որոնք զարդարում են ապրանքանիշի գլխավոր գրասենյակն ու չափազանց թանկ արժեն:


Վերջին տարիներին Վիկտորիային աջակցել է ամուսինը: 2016-ին Դեւիդը 5,2 մլն ֆունտ ստերլինգ է տրամադրել կնոջն այն բանից հետո, երբ Վիկտորիան 3,5 մլն է կորցրել: Դա պայմանավորված էր Լոնդոնում նոր խանութի բացմամբ, որի վրա 3 մլն է ծախսվել: 2018-ի ընթացքում Դեւիդ Բեքհեմը կնոջ բիզնեսում ներդրել է 23 մլն ֆունտ ստերլինգ, գումարների մեծ մասը կոսմետիկայի արտադրության վրա է ծախսվել:

Հարսանիքի հյուր Ադելը
Երգչուհի Ադելն աստիճանաբար դուրս է գալիս ստվերից: Մի քանի տարի տեւած լռությունից հետո նա չի խուսափում մարդաշատ վայրերում հայտնվելուց՝ միաժամանակ ցուցադրելով իր նոր, սլացիկ կազմվածքը:

View this post on Instagram

A post shared by Adele Adkins ITALIAN FANPAGE (@adeleinitaly) on



Ադելը միշտ չի սիրել, երբ իրեն քննադատել են ավելորդ քաշի համար, եւ երկար ժամանակ է՝ հատուկ սննդակարգի է հետեւում, նաեւ մարզվում է: Արդյունքում նիհարել է 45 կգ-ով:

Նա վերջերս մասնակցել է իր ընկերների հարսանիքին ու կատարել բրիտանական հայտնի երգեր՝ ոչ միայն իր, այլեւս Spice Girls խմբի երգացանկից:

View this post on Instagram

A post shared by Adele Adkins ITALIAN FANPAGE (@adeleinitaly) on



Սիրահարներ Քեթին ու Օռլանդոն

Թեեւ սիրահարների տոնն անցած շաբաթ էր, սակայն աստղերից շատերն իրենց պատրաստած անակնկալների ու ռոմանտիկ երեկոյի մասին պատմեցին վերջին օրերին:

Քեթի Փերիին, օրինակ, Ինստագրամում մի շարք լուսանկարներ հրապարակեց շքեղ երեկույթից, որն իր սիրեցյալ Օռլանդո Բլումի հետ փետրվարի 14-ին էին կազմակերպել իրենց նշանադրության 1-ամյակի առթիվ:

«Մեկ տարի առաջ այո էի ասել կյանքին, որը լի է սիրով ու փոփոխություններով: Ես երբեք չեմ ձանձրանալու»,-գրել է երգչուհին:


Բոլոր հյուրերը իրենց համար պատվիրված հատուկ սվիտերներով էին:

Օռլանդո Բլումը Փերիին առաջարկություն էր արել նախորդ տարվա Վալենտինի տոնին: Նա բավական ավանդական մոտեցում էր ցուցաբերել ու նախ հարսնացուի ձեռքը նրա ծնողներից խնդրել:

«Հիշում եմ, որ ընթրում էինք իտալական ռեստորաններից մեկում: Ես մեկ ցանկություն ունեի՝ անչափ շատ պաստա ուտել: Բայց Օռլանդոն սափրված էր ու առանց կեդերի, զարմացա, թե ինչ է պատահել: Մենք ուղղաթիռ նստեցինք, եւ Օռլանդոն առաջարկեց ամուսնանալ: Երբ վայրէջք կատարեցինք, նկատեցի ընկերներիս, ընտանիքիս անդամներին ու այնքան ծաղիկներ, որքան երբեք չէի տեսել»,- հարցազրույցներից մեկում պատմել է երգչուհին:


Նրանք ավելի վաղ էլ են հանդիպել. 2017-ին մեկ տարվա հարաբերություններից հետո որոշել էին բաժանվել, սակայն հետո նորից վերամիավորվել են: Բլումը վախեցել է նախորդ ամուսնության պատմությունը կրկնվի ու նորից ամուսնալուծվի: Նրա կինն է եղել հայտնի մոդել Միրանդա Քերը, որի հետ որդի ունեն:

Իվանկա Թրամփի արաբական հեքիաթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականի ու դստեր`Իվանկայի հետ ԱՄԷ-ում էր: Մինչ նախագահը երկար հանդիպումներ էր անցկացնում, Իվանկան այցելում էր Աբու Դաբիի Լուվրը, շեյխ Զաեդի ազգային թանգարանն ու հանդիպում տեղի կին նախարարների հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանում գենդերային խնդիրները:


Թանգարան այցելելու համար ամերիկուհի հյուրն ընտրել էր արծաթագույն ու սեւ երկար զգեստ, նաեւ գլխաշոր կրել: ԱՄԷ-ում արտասահմանցի հյուրերը կարող են սովորական հագուստ կրել, գլուխն էլ չծածկել: Մինչդեռ Իվանկան որոշել է ամեն դեպքում հարգել երկրի ավանդույթները:

Նա շարունակել է այցի ընթացքում հիացնել իր գեղեցիկ զգեստներով՝ յուրահատուկ տեսքով հայտնվելով նաեւ Դուբայի թանգարանում: Բոլոր զգեստները, որոնցով նա հայտնվել է ԱՄԷ-ում, տեղական Bouguessa-ի արտադրանքն են:

View this post on Instagram

A post shared by Ivanka Trump (@ivankatrump) on



Իվանկան խոստովանել է, որ կախարդական երեկո է անցկացրել ԱՄԷ-ի արքայադուստր Լաթիֆա բին Մոհամմեդ Ալ Մաքթումի ու Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Լոպեսի նոր բիզնեսը

Ջենիֆեր Լոպեսն իսկապես ամեն ինչ հասցնում է. դաստիարակում է 2 երեխաներին, Ալեքս Ռոդրիգեսի հետ այցելում տարբեր միջոցառումների, ֆիլմերում նկարահանվում, հայտնի ապրանքանիշերի դեմքը դառնում, համերգներով հանդես գալիս ու հիացնում երկրպագուներին 50 տարեկանում իր հիանալի մարզավիճակով Սուպեր Բոուլի ժամանակ:


Հիմա էլ նա որոշել է կոշիկի արտադրությամբ զբաղվել: Այն կկոչվի JLO JENNIFER LOPEZ ու կվաճառվի միայն DSW կայքում: Այս պահին առկա է 5 զույգ կոշիկ, ամբողջ հավաքածուն հասանելի կլինի մարտի 16-ից:

Քիչ էր մնում մոռանայինք, որ երգչուհին նաեւ հանգստի մասին չի մոռանում, որի ժամանակ կրկին իր հիանալի մարզավիճակի մասին խոսելու առիթ է տվել: Դե, այս լուսանկարը դիտելուց հետո հնարավոր չէ անտարբեր մնալ:

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on



Թրամփի հակառակորդ Քլունին

Գարդիանին վերջերս տված հարցազրույցում Ամալ Քլունին մի քանի խիստ քննադատություն է հնչեցրել Դոնալդ Թրամփի հասցեին: Նա առաջին անգամ չէ միջազգային լրատվամիջոցներում քննարկում ԱՄՆ նախագահի պահվածքը:

Քլունիին վաղուց են անհանգստացնում Թրամփի արտահայտությունները, ով լրագրողներին անարդար ու սարսափելի մարդիկ է անվանել:



Ամալ Քլունիի կարծիքով՝ այլ երկրների առաջնորդներն էլ օրինակ են վերցնում Թրամփից.«Բառապաշարը, որը ղեկավարները կիրառում են լրագրողների նկատմամբ, հենց Թրամփինն է»,-ասել է հայտնի փաստաբանը, որը վաղուց է պաշտպանում ԶԼՄ-ին ու խոսքի ազատությունն ամբողջ աշխարհում:

Սոֆի Լորենը վերադարձել է

Ավելի քան 10 տարի 84-ամյա Սոֆի Լորենը չէր հայտնվել մեծ էկրաններին: Էդուարդո Պոնտիի «Ողջ կյանքն առջեւում է» ֆիլմը հայտնվելու է Netflix-ի հեռարձակման հարթակում:

Սյուժեի հիմքում Հոլոքոստը վերապրած տարեց կին է, որն անսպասելիորեն նոր ընկեր է գտնում՝ 12-ամյա փախստական արաբ տղայի, որը փորձել էր նրան թալանել:


Այն մասին, որ Լորենը նկարահանվելու է, հայտնի էր դարձել դեռ 2019-ին: Օսկարակիր դերասանուհին ուրախ է Netflix-ի հետ համագործակցելու համար:

«Իմ կարիերայի ընթացքում շատ հեղինակավոր ու մեծ կինոստուդիաների հետ եմ աշխատել, բայց նրանցից ոչ մեկն այդքան ընդգրկուն չի եղել: Այն հիանալի հասկանում է, որ մեծ ստուդիաների կարիք բնավ էլ չկա, եթե չես աճեցրել տաղանդներին ամբողջ աշխարհում ու նրանց ձայնը լսելի դարձրել»,- ասել է Լորենը:

Ֆիլմի պրեմիերայի հստակ ժամկետները դեռ չեն նշվում, սակայն հայտնի է, որ տեղի է ունենալու այս տարի:

Chanel-ի նոր դեմքը

Chanel նորաձեւության տունը հայտարարել է, որ № 5 օծանելիքի նոր դեմքն է դարձել Մարիոն Կոտիարը: Դերասանուհին բրենդի հավատարիմ երկրպագուներից է իր կարիերայի ամենասկզբից, կարմիր գորգերին հաճախ է հայտնվել Շանելի զգեստներով, այդ թվում՝ եւ իր ֆիլմերի պրեմիերաներին:


Էդիթ Պիաֆի դերում հանդես եկած Կոտիարն արժանացել է Օսկարի, Սեզարի, Ոսկե արմավենու ու BAFTA-ի: Միջազգային ճանաչումն օգնել է նրան համագործակցել ամենահայտնի ռեժիսորների հետ:

Աֆլեքի կախվածությունը

Բեն Աֆլեքն արդեն երկար տարիներ է՝ փորձում է բուժվել ալկոհոլային կախվածությունից, ինչի պատճառով ամուսնալուծվել է ու քիչ է մնացել հրաժեշտ տա կարիերային: Դերասանը խոստովանել է, որ իրեն օգնել են բուժվել Բրեդլի Կուպերն ու Ռոբերտ Դաունի Կրտսերը:

«Փորձում ես քեզ լավ զգալ առօրեական գործեր անելիս, բայց արդյունքում ավելի ես վատանում: Հետո անհարմարություններից խուսափելու համար այդ ամենի մեջ ավելի ես խորասուզվում: Այդ ժամանակ էլ իսկական ցավն է սկսվում ու վերածվում մի բանի, որից դուրս գալ չես կարողանում: Հենց այդպես է պատահել նաեւ ինձ հետ»,- պատմել է նա:


Նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների շնորհիվ Աֆլեքը բուժման կուրս է անցել ու վերականգնվել, սակայն ամբողջովին բուժվել չի կարողացել:

Ավելի վաղ իր ալկոհոլային կախվածության մասին պատմել էր Բրեդ Փիթը, որին նույնպես շատ է օգնել Բրեդլի Կուպերը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին