×


«Շաբաթօրյակ». Լոպեսի մայրիկի ռիթմիկ պարը, աստղային տարեդարձերը, ցավոտ բաժանումն ու թափանցիկ զգեստը

Այս շաբաթը նշանավորվեց աստղային տարեդարձերի շքերթով. բոլորին ներկա լինելու համար 7 օրն էլ չէր բավականացնի: 1 տարով մեծացան, բայց իրենց հմայքն ու ձայնը չկորցրին Բրեդ Փիթը, Ջեյք Ջիլենհոլը, Diddy-ն, Քրիստինա Ագիլերան ու Թեյլոր Սվիֆթը:

Ձեզ համար բացահայտելու ենք նաեւ Ջենիֆեր Լոպեսի գատնիքը, աննկատ չմնալու բաղադրատոմսն ու էլի շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հատուկ BRAVO.am-ի ընթերցողների համար են, իսկ մինչ կարեւորին անցնելը.

Երաժշտական ընդմիջում

Այն ամենը, ինչ ցանկանում եմ Ամանորին. չնայած՝ ինչու բացատրել, եթե կարելի է լսել Մրայա Քերիին, որը սիրված ու հայտնի երգի նոր տեսահոլովակն է ներկայացրել:



Լոպեսի լավ գեները

Ջենիֆեր Լոպեսի էներգիային ու շարժունակությանը միայն նախանձել կարելի է: 50 տարեկանում նա դեռ չափազանց պլաստիկ է ու ճկուն: Օրեր առաջ դերասանուհին բացահայտել է գաղտնիքը: Պարզվում է՝ այդ ամենը լավ գեների շնորհիվ է:

Իր համաշխարհային շրջագայության ժամանակ երգչուհին բեմ է հրավիրել մայրիկին, որն այդ օրը 74-ամյակն է նշել: Ու Գվադելուպեն իր դինամիկ ռիթմերով գերել է ներկաներին:

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on


Օրեր առաջ Լոպեսն Instagram-ի իր էջում կիսվել է այս հոլովակով ու շնորհավորել իր մայրիկին.

«Մարդիկ ինձ հարցնում են, թե որտեղից եմ ստանում իմ էներգիան, «դրայվն» ու պարային շարժումները: Հիմա պատասխանն արդեն գիտեք: Ինչ ինձ հիշում եմ, մայրիկս անընդհատ պարում է, ծիծաղում ու լույս սփռում ամենուր, ուր լինում է: Նա սիրում է երաժշտություն, պատմություն, մյուզիքլներ ու հավատում է իսկական սիրուն: Այդ ամենը նա փոխանցել է նաեւ ինձ»:


Ցավոտ բաժանում

Բրիտանացի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ օսկարակիր Քոլին Ֆերտն ու Eco-Age ընկերության համահիմնադիր Լիվիա Ֆերտը պաշտոնապես հայտարարել են ամուսնալուծության մասին:

Զույգը բաժանվել է, բայց լավ հարաբերություններ է պահպանում ու հանուն երեխաների կշարունակի շփվել:

Նշվում է, որ ամուսնալուծության պատճառ է դարձել Լիվիայի դավաճանությունը մանկության ընկերոջ հետ: Զույգն ամուսնացած է եղել 22 տարի եւ 2 որդի ունի:


Թափանցիկ զգեստը

Օլիվիա Կալպոյին անհնար է չնկատել, իսկ երբ նա այսպիսի թափանցիկ լուք է ընտրում, միանգամից ուշադրության կենտրոնում է հայտնվում: Մոդելն առհասարակ սիրում է միջոցառումների ժամանակ կրել գեղեցիկ զգեստներ, որոնցով ժամերով կարելի է հիանալ:

Լուսանկարիչները Կալպոյին բռնացրել են փողոցում: Նրա տեսքը շլացնող է եղել. փայլուն քարերով զգեստ, կոշիկներ ու պայուսակ, էլ ինչպե՞ս էր հնարավոր աննկատ մնալ:


Մեկ այլ փայլուն կերպար

Դուբայում կայացել է ամենամյա The Global Gift Gala մրցանակաբաշխությունը, որի ընթացքում, ինչպես միշտ, կարեւորվել են հայտնիների կատարած բարեգործությունները: Երեկոյի հաղորդավարն էլ եղել է Եվա Լոնգորիան:

44-ամյա դերասանուհին բեմին է հայտնվել շքեղ տեսքով: Նա տեղացի դիզայներ Rami Al Ali-ի արծաթագույն հագուստն է ընտրել ու էլ ավելի գեղեցկացրել միջոցառումը: Կերպարը դերասանուհին ամբողջացրել է նուրբ ու յուրահատուկ զարդերով:


Անկրկնելի շիկահերը

Առանց գեղեցկուհի Շարլիզ Թերոնի ոչ մի կերպ չէր լինի: Դերասանուհին Good Morning America հաղորդմանն է հյուր եղել, դա է պատճառը, որ արեւածագից էլ շուտ նրան պապարացիները հասցրել են նկարել Նյու Յորքում:

«Սկանդալ» ֆիլմի հերոսուհիներից մեկը եթերում պատմել է նկարահանումների մասին ու թե ինչպես է մարմնավորել հաղորդավարուհի Մեգան Քելլիի կերպարը:



Թեեւ Շարլիզը շատ համեստ հագուստ է ընտրել, միեւնույն է՝ անկրկնելի տեսք է ունեցել իր կարմիր շրթներկով:

Diddy-ի 50-ամյակի հյուրերը

Անցնենք շաբաթվա տարեդարձերին, որոնք իսկապես շատ են եղել: Սկսենք պրոդյուսեր ու ռեփեր Diddy-ի 50-ամյակից, որը դեռ նոյեմբերին է լրացել, սակայն նա հյուրերին հավաքել է օրեր առաջ: Երեկույթն այնքան շքեղ էր, որ 1 ամիս էր պետք այն մեծ շուքով կազմակերպելու համար:

Հյուրերի թվում են եղել Քանյե Ուեստը, Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն ու Jaz Z-ն, Քեյթ Բեկինսեյլը, Նաոմի Քեմփբելը, որի հետ հոբելյարը հանդիպել է, ու էլի այլ աստղեր: Երեկոյի ոճն է եղել՝ «black tie», դրա համար էլ հյուրերից աչք կտրել հնարավոր չէր:


Holmby Hills-ում գտնվող ռեփերի առանձնատունը մեկ գիշերվա ընթացքում վերածվել է գիշերային ակումբի, որտեղ մինչեւ առավոտ օղի է հոսել, համբուրգերներ ու խնձորի կարկանդակներ են մատուցել, ու ելույթ է ունեցել Մերի Ջեյ Բլայջը:

Երեկոյի ամենաթեժ պահին ներս է բերվել Love-ի տեսքով տորթը, որը հյուրերը միանգամից չէ, որ նկատել են, քանի որ մի մասը պարահրապարակում է եղել, մյուսը՝ լուսանկարվելիս, ինչի համար երաժիշտը մի ամբողջ սենյակ է հատկացրել:


30-ամյակը նշող Սվիֆթը

Երգչուհին իր տարեդարձին շատ աղմկոտ երեկույթ է կազմակերպել ու հրավիրել ամենամտերիմ ընկերներին: Հյուրերի թվում են եղել Ջիջի Հադիդը, Բլեյք Լավլին, Ռայան Ռեյնոլդսն ու էլի շատերը:

«Հիմա եմ զգում, թե բախտս որքան է բերել ընկերներիս ու երկրպագուներիս հարցում: Թվում է՝ մի ամբողջ հավերժություն պետք կգա, որ ճիշտ բառեր գտնեմ ու շնորհակալություն հայտնեմ»,- Instagram-ի իր էջում գրել է Սվիֆթը:

Սպասվող տոների պատճառով երեկույթին Ամանորի գույներն ու տրամադրությունն են իշխել, բոլորը կրել են Սանտա Կլաուսի գլխարկներ ու լուսանկարվել զարդարված տոնածառի մոտ:


Մինչ երեկոն սկսելը Ջիջի Հադիդը Instagram-ում խոստովանել է, թե որքան շատ է սիրում ընկերուհուն ու նշել, որ անհամբերությամբ է սպասում տոնական երեկոյին:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ բոլորը մի լավ զվարճացել են:

Հմայիչ մեկ այլ հոբելյար

Դերասան Ջեյք Ջիլենհոլն էլ արդեն 39 տարեկան է, սակայն շարունակում է մնալ նույնքան հմայիչ ու գեղեցիկ: Նա Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկն է, հիմա էլ դարձել է Marvel-ի աշխարհի անփոխարինելի կերպարներից մեկը:



Ջիլենհոլը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, որոնցից ամենայուրահատուկը եղել է նրա գործընկեր Թիմ Հոլանդից: Սարդ-մարդու դերը մարմնավորած դերասանը նկար է հրապարակել ու գրել.
«Նա խորհրդավոր է իմ Սարդ-մարդու համար: Շնորհավոր տարեդարձդ, եղբայր»:

View this post on Instagram

A post shared by Tom Holland (@tomholland2013) on


Ջիլենհոլի հասակակից Ագիլերան

Դեկտեմբերի 18-ին 39 տարեկան դարձավ Քրիստինա Ագիլերան: Նրա կարիերան բավական բուռն է եղել. երգչուհին անհավանական ճանաչում է ունեցել, ավել քաշ հավաքել, ապա կորցրել այն, մազերը կարմիր ու սպիտակ գույն ներկել:

Ագիլերան հայտնի է դարձել 18 տարեկանում, նրա յուրաքանչյուրը երգը հիթ էր դառնում, բայց փայլուն հաջողություններից հետո երգչուհին որոշեց ընդմիջում վերցնել, որը տեւեց 10 տարի: Այդ ընթացքում ամուսնացավ ու երեխաներ ունեցավ, արտաքնապես փոխվեց:


Ագիլերան վերադարձը նշանավորեց The Liberation Tour-ով: 2018-ին ապրիլին զարմացրեց իր երկրպագուներին ու առանց շպարի հայտնվեց Papermag-ի շապիկին:

Արդեն 56-ամյա Բրեդ Փիթը

Անհավատալի է, բայց մեկ այլ սրտակեր Բրեդ Փիթը 56 տարեկան է: Չնայած տարիքին՝ նա շարունակում է սեքս խորհրդանիշ լինել ու հետաքրքրել կանանց: Անջելիան Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո նրա կողքին դեռ որեւէ կին չի հայտնվել: Թեեւ նշում է, որ սիրավեպեր է ունեցել այլ դերասանուհիների, այդ թվում՝ Շարլիզ Թերոնի հետ, սակայն լուրերն այդպես էլ չեն հաստատվել: Փիթն ավելի շատ կենտրոնացած է աշխատանքի ու երեխաների հետ ժամանակ անցկացնելու վրա:

Դերասանը տարեդարձը ոչ աղմկոտ նշեց, ոչ էլ բազմաթիվ հյուրերի հետ: Փոխարենը ներկա եղավ իր մեկ այլ նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված երեկույթին: Էնիսթոնը տոները շատ է սիրում ու ամեն տարի մեծ երեկույթ է կազմակերպում:


Այս տարի հրավիրվածների թվում է եղել նաեւ Փիթը, դերասաններն ամուսնացած են եղել 2000-2005 թթ.: Այս տարվա փետրվարին էլ Ջենիֆերը Բրեդին հրավիրել էր իր 50-ամյակին: Էնիսթոնն ու Փիթը հանդիպելու են նաեւ հունվարի 5-ին կայանալիք Ոսկե Գլոբուսի ժամանակ: Երկուսն էլ հավակնորդների թվում են:

«Փոքրիկ կանայք» ու Մերիլ Սթրիփը

Մերիլ Սթրիփը «Փոքրիկ կանայք» ֆիլմի նկարահանումների ժամանակ բնության գրկում խնջույք է կազմակերպել: Ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 26-ին, ու թեեւ նկարահանումները վաղուց ավարտվել են, բայց դերասանական կազմը շարունակում է միմյանց հետ անցկացրած հետաքրքիր պահերով կիսվել:

Այս անգամ Տիմոտի Շալամեն է հիշել դրանցից մեկը: Նա Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կադրից դուրս մնացած դրվագներն են: Դրանցում նա իր գործընկերներ Էմմա Ուոթսոնի, Ֆլորենս Պյուի, Սիրշա Ռոնանի ու մյուսների հետ քայլում է ծովափին, հանգստանում կանաչ խոտերի վրա ու անընդհատ ուտում:


Նկարներից մեկում նրանց հետ է նաեւ Մերիլ Սթրիփը, խումբը կարտոֆիլ ֆրի է համտեսում: Սթրիփը պարբերաբար նկարահանման հրապարակ փաստ ֆուդ է պատվիրում ու բոլորին հյուրասիրում:

Ընթերցասեր Էմմա Ուոթսոնը

Դերասանուհի Էմմա Ուոթսոնը ընթերցասեր է այն աստիճան, որ գրքեր է թաքցնում, որպեսզի որեւէ մեկը գտնի դրանք ու կարդա:

Նա բրիտանական Vogue-ին պատմել է, թե որտեղ փնտրել իր նվերները: Այս տարի նա «Փոքրիկ կանայք» վեպն է թաքցրել:

«Ուրախ եմ հայտնել գլխավոր ֆլեշմոբի՝  @bookfairiesworldwide-ի մասին, որի ընթացքում 2000 գիրք եմ պահել: #LWBookFairies սկսվում է այսօր, այպիսով նշում ենք #LittleWomenMovie-ին: Այս անգամ մասնակցում է 38 երկիր, ինչն այս արշավն ամենամեծն է դարձնում»,- նախաձեռնության մասին պատմել է դերասանուհին:


Ուոթսոնը Գրետա Գերվիգի համանուն վեպի հիման վրա նկարահանած ֆիլմում Մեգի դերն է մարմնավորում ու ցանկանում է, որ ընթերցողները նախ գիրքը կարդան, հետո ֆիլմը դիտեն:

Տարիներ առաջ դերասանուհին ստեղծել է սեփական օնլայն գրքի ակումբը: Our Shared Shelf-ի նպատակն է աջակցել կին գրողներին ամբողջ աշխարհում:

«Հարրի Փոթերի» դերասանների հավաքույթը

«Հարրի Փոթերի» դերասանները Ամանորի երեկույթ են կազմակերպել: Դրակո Մալֆոյի դերասան Թոմ Ֆելտոնն է իր գործընկերներ Էմմա Ուոթսոնի (Հերմիոնա Գրեյնջեր), Էվաննա Լինչի (Պալումնա Լավգուդ), Բոննի Ռայթի (Ջիննի Ուիզլի) ու Մեթյու Լյուիսի (Նեւիլ Դոլգոպուպս) հետ լուսանկար հրապարակել: Բացակայել են Հարրին ու նրա ընկեր Ռոն Ուիզլին՝ Դանիել Ռեդքլիֆն ու Ռուպերտ Գրինտը:

View this post on Instagram

A post shared by Tom Felton (@t22felton) on

«Շնորհավորանքներ իմ դպրոցական ընկերների կողմից», -գրել է Ֆելթոնը: Նա նաեւ ավելացրել է, որ Լյուիսի հետ շարունակում է վիճել, թե Հոգվարդսի որ ֆակուլտետն է ավելի լավը՝ Սլիզերի՞նը, թե՞ Գրիֆինդորը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին