Դեկտեմբերի եռուզեռն ու տոնական տրամադրությունը ոչնչի հետ չեն համեմատվի: ԱՄՆ-ում առանց զարդարվելու գրեթե ոչ մի տոնածառ չի մնացել, Իսպանիայում խելահեղ գումարներ ու ադամանդներ են ծախսել տոների գլխավոր խորհրդանիշի վրա: Chanel-ը հերթական գեղեցիկ ցուցադրությունն է կազմակերպել, Լոնդոնում էլ հավաքվել են նորաձեւության սիրահարները:
Դա էլ բավական չէ՝ Բոնդը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ապրել է պետք ու մեռնելու ժամանակ չկա, հատկապես որ առաջիկայում աստղային հարսանիք է սպասվում:
Համեստ նշանադրություն
Այս շաբաթ աստղային հարսնացու ունենք: Էմմա Սթոունն ու սցենարիստ Դեյվ Մքքարին, որոնք միասին են արդեն 2 տարի, վերջապես նշանադրվել են: Երջանիկ զույգը լուսանկար է հրապարակել Ինստագրամում: Դերասանուհին ադամանդե մատանիով պարզապես փայլում է երջանկությունից:
View this post on Instagram
Նրանք ծանոթացել են Saturday Night Live շոուի ժամանակ, որտեղ Դեյվը սցենարիստ է աշխատում: Դերասանուհին հաղորդմանը հյուրրընկալվել է 2017-ին` «Լա-Լա Լենդ» ֆիլմում Օսկար ստանալուց հետո:
Մեռնելու ժամանակ չկա
Համացանցում է հայտնվել Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմի երկար սպասված թրեյլերը: Դանիել Քրեյգի համար «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը վերջինն է լինելու:
Գործակալ 007-ն իր վաղուց սպասված արձակուրդն է վայելում Ճամայկայում, երբ նրան դիմում են խնդրանքով: Աշխարհին սպառնում է հերթական չարագործն, ու միայն Բոնդը կարող է նրան կանգնեցնել, դրա համար էլ նա վերադառնում է Լոնդոն:Քրեյգի սիրահարների համար ֆիլմը առանձնահատուկ է լինելու, քանի որ հետո նա որոշել է այլեւս չմարմնավորել բրիտանացի գործակալի կերպարը: Մինչ այդ նա խաղացել է «Կազինո Ռոյալ (2006 թ.), «Գթասրտության քվանտ» (2008 թ.), «Սքայֆոլ» (2012 թ.) ու «Սպեկտոր» (2015թ.) ֆիլմերում:
«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020-ի ապրիլին:
Գանգսթերական ֆիլմը
Բոնդից անցում կատարենք գանգսթերական «Իռլանդացուն», որը հաղթող է դարձել Նյու Յորքի կինոքննադատների ասոցիացիայի ներկայացրած լավագույն ֆիլմ անվանակարգում: Մարտին Սկորսեզեի ֆիլմի հաջողությունը սպասելի էր:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել են Բեն ու Ջոշուա Սեֆդիները` «Չհղկված զարդեր» ֆիլմի համար:
Գլխավոր դերի լավագույն կատարողները Անտոնիո Բանդերասն («Ցավ ու փառք») ու Լյուպիտա Նիոնգոն («Մենք») են: 2-րդ պլանի լավագույն դերասաններ ճանաչվել են Ջո Պեշին («Իռլանդացին») ու Լորա Դերը («Ամուսնական պատմություն»):
Լավագույն սցենարը Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմինն է, անիմացիոն լավագույն ֆիլմը ֆրանսիական «Ես կորցրել եմ իմ մարմինն» է, իսկ արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հերթական անգամ հաղթել է «Մակաբույծները»:
Մրցանակների հանձնման արարողությունը կայանալու է 2020-ի հունվարին:
Լոնդոնի նորաձեւ հյուրերը
Դեկտեմբերի սկզբին Լոնդոնում տեղի ունեցավ ամենամյա The Fashion Awards-ը՝ CFDA-ի բրիտանական տարբերակը: Նորաձեւության ոլորտի ներկայացուցիչները, առաջին մեծության աստղերն ու սուպերմոդելները հավաքվեցին ամենատաղանդավոր ու հեռանկարային դիզայներներին շնորհավորելու համար:
Urban Luxe անվանակարգում մրցանակի արժանացավ Ռիհաննան, աքսեսուարների լավագույն դիզայները Bottega Veneta-ի համար աշխատած Դանիել Լին է, տարվա բրենդը՝ Bottega Veneta-ն, տղամարդկանց ու կանանց հագուստի լավագույն դիզայները` կրկին Լին:
Բետանի Ուիլյամսը տղամարդկանց հագուստի նոր տաղանդն է, իսկ Ռեջինա Պիոն` կանանց: Նորաձեւության կուռքը սուպերմոդել Նաոմի Քեմփբելն է, տարվա մոդելը՝ Ադուտ Ակեչը:
Ակնառու վաստակի համար հատուկ մրցանակն էլ տաղանդավոր Ջորջիո Արմանիինն է:
Երեկոյի հյուրերին հենց այնպես բաց թողնել չենք կարող. նրանից շատերը գեղեցիկ հագուստներով էին ներկայացել, որոնք էլ միասին կդիտենք:
Շանելային հրաշքը
Փարիզում էլ կայացավ ամենամյա Chanel Métiers d’Art շոուն, որը ֆրանսիական բրենդն 2000 թվականից ցուցադրում է աշխարհի տարբեր կողմերում: Այս տարի այն Լագերֆելդի մահից հետո բրենդի կրեատիվ տնօրեն դարձած Վիրջինիա Վիարի հարազատ քաղաքում էր: Այս հավաքածուն առաջինն է, որ Վիարն ինքնուրույն է պատրաստել:
Վիարը 18-րդ ցուցադրությունը կոչել է Paris-31 rue Cambon, հենց այդտեղ է 1910 թվականին իր առաջին խանութը բացել ու նորաձեւության աշխարհ մուտք գործել Կոկո Շանելը: Վիարը վերստեղծել է Շանելի բնակարանն իր բոլոր դետալներով՝ բյուրեղյա լամպերից մինչեւ հայելային աստիճանները, իսկ ցուցադրության ոճը նա կոչել է «Կարլի ու Շանելի խառնուրդ»:
Chanel Métiers d’Art-ը կայացել է փարիզյան փոքր արհեստանոցների շնորհիվ, հենց նրանց համար էլ 2002-ից ստեղծվել է Métiers d’Art ձեւաչափը: Desrues արհեստանոցում 1965 թվականից Chanel-ի համար պատրաստում են կոճակներ, Lemarie-ում աշխատում են փետուրների ու բարդ ապլիկացիաների հետ, Lesage-ում` ասեղնագործությամբ զբաղվում: Թեեւ նրանք տարբեր բրենդների հետ եւս համագործակցում են, բայց միայն Chanel-ին է հաջողվում արհեստանոցներին միավորել ու բոլորին էլ այդքան արժեւորել:
Երեկոյին ներկա են եղել Chanel-ի մուսաներն ու ընկերները: Լիլի-Ռոուզ Դեպը եկել է մայրիկի՝ դերասանուհի Վանեսա Պարադի հետ, ցուցադրության առաջին շարքերում են եղել Պենելոպե Քրուսը, Քրիստեն Ստյուարտը, Մարիոն Կոտիյարն ու հայտնի այլ աստղեր:
Գրավիչ պիջակով Լիման
Թվում է՝ Նյու Յորքում ոչ մի երեկո առանց շնորհանդեսի ու մրցանակների հանձնման չի անցնում: Դրանցից մեկի ժամանակ հյուրերը Չելսիում հավաքվել են Footwear News Achievement Awards տալու համար: Միջոցառման անունից էլ պարզ է, որ այստեղ ուշադրության կենտրոնում ոչ թե հագուստն է, այլ` կոշիկները:
Երեկոյի հյուրերից սուպերմոդել Ադրանա Լիման կարողացել է երկրպագուներին զարմացրել իր յուրահատուկ ու գրավիչ հագուստով: Նա շեշտը դրել է բյուրեղներով պատված Gianvito Rossi կոշիկների վրա ու կրել միայն մասամբ կոստյում հիշեցնող վերնազգեստ:
Լիման փոխել է պիջակի մասին նախկինում եղած պատկերացումներն ու նոր փայլ տվել դրան:
Բեքհեմի անսովոր հագուստը
Դեւիդ Բեքհեմը Մայամիում կայացած Dior-ի ցուցադրությանը տարօրինակ հագուստ է կրել: Dior-ի կրեատիվ տնօրեն Քիմ Ջոնսը ներկայացրել է իր նոր հավաքածուն, ու Բեքհեմը հատուկ հյուրերի թվում է եղել: Բեքհեմն այնքան փայլուն է եղել, որ աննկատ մնալ ու խուսափել լուսանկարիչներից նա չի կարողացել:
Այդ լուքը պատահական չի ընտրված եղել, Բեքհեմը կրել է Dior pre-fall 2020-ի հավաքածուի զգեստներից մեկը: Թեեւ բրիտանացի ֆուտբոլիստը չի համագործակցում Dior-ի հետ, սակայն վաղուց Քիմի ընկերն է:
Բեքհեմները միշտ են աջակցել Ջոնսին ու նրա կողքին են եղել, երբ ոչ հեշտ որոշում է կայացրել հեռանալ Louis Vuitton-ից: Վիկտորիա Բեքհեմը միշտ ներկա է լինում Ջոնսի ցուցադրություններին:
Երեւի հիշում եք, թե որքան հմայիչ տեսք ուներ Դեւիդ Բեքհեմը արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանիքին: Այդ օրը նա Dior-ում Ջոնսի առաջին հավաքածուի կոստյումով էր:
Սպիտակ Տան տոնական շունչը
Ամեն տարի ԱՄՆ առաջին տիկինը որոշում է, թե ինչպես է Ամանորի տոներին զարդարված լինելու Սպիտակ տունը: Դեռ ամռանն է Մելանիա Թրամփը մասնագետների հետ որոշում, թե ինչ գույների է տալու նախապատվությունն ու ինչ դեկորներ է օգտագործելու դեկտեմբերին:
Այս անգամ ԱՄՆ-ի նախագահական նստավայրի միջանցքներում կախված են սպիտակ աստղեր, իսկ տոնածառերը զարդարված են ոսկեգույն փուչիկներով ու խաղալիքներով: Չնայած` ավելի լավ է ինքներդ տեսնենք հեքիաթային Սպիտակ տունը:
View this post on Instagram
Զարդարանքը ստացել է Ամերիկայի ոգի անվանումն, ու Թրամփի մտահղացմամբ արտացոլում է հայրենասիրական ոգին:
Սպիտակ տունը զարդարելու ու իր մտահղացումը կյանքի կոչելու համար նա կամավորներ է հրավիրել ողջ ԱՄՆ-ից: Առաջին տիկինը ուշադիր հետեւել է աշխատանքների ընթացքին ու վերջում բոլորին շնորհակալություն հայտնել:
Աշխարհի ամենաթանկ տոնածառը
Իսկ աշխարհի ամենաթանկ տոնածառը տեղադրված է Իսպանիայի Մարբելյա առողջարանային քաղաքի «Կեմպինսկի Բայա» հյուրանոցում: 6 մետրանոց տոնածառը զարդարված է 3 հազար Սվարկովսկի բյուրեղներով, ջայլամների իսկական ձվերով ու 14 մլն դոլար արժե: Այն պատված է ալմաստի փոշով, շափյուղաներով եւ ադամանդներով պատրաստված խաղալիքներով: Տոնածառն ամենօրյա հսկողության տակ է գտնվում:Խաղալիքների ստեղծման համար դետալներ են ձեռք բերվել Cartier, Chanel ու Louis Vuitton բրենդներից, իսկ բրիտանացի նկարչուհի Դեբբի Ուինգեմը դրանք պատրաստելու վրա 1 ամիս է ծախսել:
Ամենաթանկը 2,3 ու 4,9 մլն արժողությամբ վարդագույն ու օվալաձեւ կարմիր ադամանդներն են:Մինչ այդ ամենաշատ գումարը՝ 11,4 մլն դոլար, տոնածառի զարդարման վրա ծախսվել էր 2010-ին Աբու Դաբիի Emirates Palace-ում:
Ամանորի շպարը` Քարդաշյանից
Ու վերջում՝Քիմ Քարդաշյանը կօգնի Ամանորին անկրկնելի տեսք ունենալ: Այս անգամ նա չի կարողացել դիմակայել փայլուն շրթներկին: Քարդաշյանը տոներից առաջ թողարկել է նոր փայլուն Glitz & Glam հավաքածուն:
Այն իր մեջ ներառում է մարմնի ու դեմքի համար նախատեսված ապրանքներ, որոնք բոլորն էլ իսկապես փայլում են:
View this post on Instagram
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: