×


«Շոկային էր. կա՛մ ես պետք է ներկայացնեի, կա՛մ Հայաստանը չէր մասնակցի այս անգամ». Արտյոմ Հակոբյան

Արդեն հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն օգոստոսին Սոչիում կայանալիք «Նոր ալիք 2019» մրցույթում: Պաշտոնական աղբյուրը հայտնում է Արտյոմ Հակոբյանի անունը, սակայն չի փոխանցում նրա զգացողություններն ու սպասելիքները, ինչն էլ BRAVO.am-ը պարզել է վերջինիս հետ զրույցի ընթացքում:

Երգչից տեղեկացանք, որ Հայաստանից երգի միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 10 հոգի: Ընտրությունն անցկացվել է երկու փուլով: Երկրորդ օրը՝ մրցութային կիսաեզրափակչին, լրացուցիչ երգել են, եւ ընտրվել է Արտյոմը:

Արտյոմ Հակոբյանը


- Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ պահին եւ ի՞նչ տրամադրվածություն ունեք հիմա:
-Այդ պահին ամեն ինչ խառնվել էր իրար, որովհետեւ չէի հավատում: Նախ՝ ամենաառաջին օրը շոկային էր, իսկ երկրորդ օրն այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ կամ ես պետք է ներկայացնեի, կամ Հայաստանը չէր մասնակցի այս անգամ: Լարվածությունը քառակի մեծացավ:

Բացի դրականից, բացասական ինչ-որ մի բան չեմ կարող սպասել այս մրցույթից, որովհետեւ աշխատելու եմ պրոֆեսիոնալների հետ. ես դա հասկացա արդեն իսկ կիսաեզրափակչից հետո: Գիտակցումը, որ քեզ հետ աշխատելու են Իգոր Կրուտոյը, Անաստասիա Մուխինան եւ մյուսները, միայն հարգանքի եւ սիրո զգացողություններն է փոխանցում:

-Ի՞նչ երգ եք ներկայացնելու:
-Չգիտեմ, որովհետեւ կան խոսակցություններ, որ այս անգամ մրցույթի ձեւաչափը փոխվելու է: Ամեն ինչ պարզ կլինի մայիսի 15-ից հետո: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի՝ ինչ երգ ներկայացնել: Բեմում կլինեմ, հավանաբար, առանց պարային խմբի, քանի որ սա ոչ թե շոու, այլ երգի մրցույթ է:


- Մրցութային ձեւաչափը կարծես հոգեհարազատ է Ձեզ: Շատերն են Ձեզ հիշում «X Factor» մրցույթից: Իսկ ի՞նչ կտա Ձեզ այս մրցույթը:
- Այդքան էլ սեր չունեմ մրցույթների, ուղղակի իմ կյանքում այնպես դասավորվեց, որ երկու մեծ մրցույթի մասնակցեցի: Ես չափազանց ուրախ եմ եւ երախտապարտ, որովհետեւ նման մրցույթների արդյունքում օգտակար բաներ ես քաղում քեզ համար, որոնք չես քաղի քո սովորական պրակտիկայի ընթացքում: Նաեւ մոսկովյան երկու օրերին հասցրի ընկերանալ անգամ այլազգի մասնակիցների հետ: Այստեղ կային հայտնի խմբերից հայտնի կատարողներ, օրինակ՝ «ՎԻԱ գրա» խմբի աղջիկներից մեկը նույնպես մասնակցելու է մրցույթին: Ուրախ եմ, որ ձեռք բերեցի նոր ընկերներ:

Զրուցեց Ստելլա Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արտյոմ Հակոբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին