×


«Ոտաբոբիկ»՝ Վիգեն Հովսեփյանի հետ

Հասարակության լայն զանգվածներին նա հայտնի դարձավ երկու տարի առաջ՝ «Մի քիչ»-ի պրեմիերայից հետո։ Այսօր արդեն նրա մասին «մի քիչ» ավելին իմանալը անհրաժեշտություն է։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը հայկական ֆոլկ եւ իսպանական երգեր կատարող երաժիշտ Վիգեն Հովսեփյանն է։

- Վիգե՛ն, վերջին երկու տարիները «հեղափոխական» էին քո կյանում։ Ամուսնություն, առաջին ձայնասկավառակ, համերգային շրջագայություններ, առաջնեկ… Հինգ տարի առաջ ինչպե՞ս էիր պատկերացնում ոչ հեռու ապագադ։

- Չէի պատկերացնում ու տվյալ պահին էլ հինգ տարի հետոն չեմ պատկերացնում։ Երազանքներս, պարզապես, միշտ ավելի գլոբալ են։ Երբեք չեմ մտածել, թե ինչ է լինելու այսօր, բայց շատ ուրախ եմ այն ամենով, ինչ՝ կա։

- Հարցազրույցներիցդ մեկի ժամանակ նշել ես, որ եթե չտեղափոխվեիր Իսպանիա, գուցեեւ երաժշտությամբ երբեւէ չզբաղվեիր, իսկ երաժշտությամբ սկսել ես զբաղվել 18 տարեկանում։ Պատանի Վիգենի մասին շատ քիչ բան գիտենք։

- Ճիշտն ասած՝ բան էլ չկա պատմելու... 14 տարեկանում տեղափոխվել եմ Իսպանիա։ Մինչեւ 18 տարեկան հասցրել եմ սովորել լեզուն։ Այդ ընթացքում երազում էի ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց չստացվեց, քանի որ ֆուտբոլային տաղանդ ընդհանրապես չունեմ։ Երբեւէ առիթ չեմ ունեցել նշելու, բայց երաժշտության ասպարեզում առաջին քայլերս արել եմ հայկական վատ, այսպես ասած՝ ռաբիս երգեր կատարելով։ Հետո արդեն սեր առաջացավ ամենատարբեր երաժշտական գործիքների հանդեպ, իսկ 2010-ից «Barcelona Ethnic Band»-ի կազմում սկսեցի զբաղվել որակյալ երաժշտությամբ։

Դիանա Հովհաննիսյանը եւ Վիգեն Հովսեփյանը


- Դեռահասության շրջանն ինքնին բարդ է։ Օտարության մեջ ի՞նչ խնդիրների ես բախվել։

- Մշակութային մեծ տարբերություններ ունենք, մտածելակերպի տարբերություն։ Սկզբում շատ դժվար էր. չգիտեի՝ ինչ ասել, ինչ անել։ Իրար չէինք հասկանում պարզապես։ Հումորներս անգամ անհասկանալի էին նրանց համար։ Բացի այս, կային երեւույթներ, որոնք ինձ համար աղետալի սխալ էին, իսկ նրանց համար՝ լրիվ նորմալ։ Ժամանակ էր պետք։ Հայաստան վերադարձիցս հետո անգամ ժամանակ պետք եկավ, որ համակերպվեմ։

- Հայաստան վերադառնալուդ դեռ, իհարկե, կանդրադառնանք։ Հետաքրքիր է` ծնողներդ ինչպե՞ս արձագանքեցին, երբ հասկացան, որ իրենց տղան ինքնուս երաժիշտ դառնալու ճանապարհին է։

- Քննադատում էին, խորհուրդներ տալիս, որ չարժե, չի կարելի, որ կդժվարանամ գումար վաստակել։ Բնականաբար, նրանք սխալ չէին, բայց ես շատ էի ուզում զբաղվել երաժշտությամբ։

- Երբեւէ ֆորմալ երաժշտական կրթության կարիք ունեցե՞լ ես։

- Հիմա ունեմ։ Կուզեի նոտագրություն, հարմոնիա իմանալ, որ պատկերացրածս հեշտությամբ կարողանայի թղթին հանձնել։ Երբ փորձերի ընթացքում խմբով հավաքվում ենք, ձեռքով-ոտքով պատկերացրածս հասանելի եմ դարձնում։ Կրթությունը զուտ կհեշտացներ իմ գործը։

Վիգեն Հովսեփյանը


- Վիգե՛ն, դու մերօրյա շոու-բիզնեսի շրջանակներից դուրս ես հանդես գալիս։ Ամեն դեպքում, ես այդպես եմ կարծում։ Ինչպե՞ս ես կարողանում «չխառնվել» շոուբիզնեսյան «աշխարհին»։

- Հիմա կոպիտ բան եմ ասելու, բայց բոլորն են ինձ հետ համաձայնելու։ Երբ ունես աշխատանք ու չես փորձում գումար վաստակել երաժշտությամբ, ընտրում ես որակյալ ուղին, չես մատուցում ժողովրդին նրանց ուզածը։ Ես ժողովրդին մատուցում եմ իմ ուզածը։

- Չի՞ «խեղդում» այդ վիճակը։

- Չէ՛, իմ արած գործը ես համարում եմ ավելի… մշակութանվե՞ր ասեմ, ի՞նչ ասեմ։ Լավ եմ ինձ զգում, որ հայկական ինչ-որ երգ եմ գտնում ու նորովի մատուցում այն։ Վստահ եմ, որ դա մնալու է, չի մոռացվելու։

- Ինչպես դու ես հաճախ ասում, «հայապահպաններից» շատերը կարծում են, որ մեր հին երաժշտական ստեղծագործություններին ձեռք տալ չի կարելի, կվնասվեն։ Ինչպիսի՞ն են այդ նույն «հայապահպանների» արձագանքները քո արած գործերի վերաբերյալ։

- Ե՛վ դրական, ե՛ւ բացասական, բայց միշտ գերակշռում է նրանց զարմանքն իմ արած աշխատանքի վերաբերյալ։ «Հայապահպաններին» ես եւս հասկանում եմ. նրանք չեն ուզում այդ ստեղծագործությունները հանձնել այս իրականությունը. կարող է փչացնի։ Բայց, ամեն դեպքում, պետք չէ այդքան պահպանողական լինել այն նյութի հանդեպ, որ տարիներով հավաքվել է հենց այս ազգի համար։ Փուշու մեջ պահել են, ո՞ւմ են սպասում։ Այդ լիրիկական ձայներով կատարումներն այլեւս չեն լսվելու։ Չի լինելու նման բան։

- Վիգե՛ն, գիտեմ, որ ավտոմեքենայումդ հաճախ հնչում են երգեր հենց քո երգացանկից...

- Հաճախ չէ, բայց ժամանակ առ ժամանակ հնչում են։ Մտքեր եմ «քաղում» հետագա աշխատանքներիս վերաբերյալ։ Ի վերջո, այդքան աշխատել ես, չլսե՞ս:):

Դիանա Հովհաննիսյանը եւ Վիգեն Հովսեփյանը


- Բացի քո գործերից, ինչե՞ր ես լսում։

- Տարբեր ազգերի երգեր եմ լսում՝ բուլղարական, իսպանական, արաբական, իրանական, թուրքական… Թուրքական միայն երաժշտական, առանց երգեցողության կատարումներ եմ լսում. ականջս չի ընդունում լեզուն։

- Իսկ թուրքական երաժշտությունն ինչպե՞ս ես ընդունում։

- Նորմալ։ Շատ սիրուն գործեր ունեն։ Թողնենք այն հանգամանքը, որ նրանք երաժշտություն չունեն, եւ այն, ինչ մատուցում են, հայկականի, հունականի, արաբականի խառնուրդն է, բայց արդյունքը շատ հետաքրքիր է։

- Քչերը գիտեն, որ նաեւ նկարում ես։

- Մանկուց եմ նկարել։ Ծնողներս են նկարիչներ։ Մութ տարիներին, երբ թուղթ հայթայթելը խնդիր էր, զուգարանի թղթերն էի բացում, տնով մեկ փռում ու սկսում նկարել։ Հետո մի ամսով գնացի նկարչության ու դուրս եկա։ Չսիրեցի սովորելու ընթացքը։ Բայց մինչ օրս էլ, երբ մուսա եմ ունենում, նկարում եմ։

- Լրիվ արվեստի մարդ ես, բայց ստացվել է այնպես, որ այսօր նաեւ բիզնեսով ես զբաղվում։

- Բիզնեսն էլ է արվեստ։ Իհարկե՛։ Բիզնեսում պետք է հասկանաս դիմացինիդ հոգեբանությունը, որ կարողանաս գոհացնել։

- Հարցազրույցի սկզբում մտածված նշեցի «հինգ տարի առաջը». 2013-ին, երբ դեռ Իսպանիայում էիր, մի առիթով նշել էիր, որ եթե գործնական լավ առաջարկներ ունենաս, հենց հաջորդ օրն էլ կվերադառնաս Հայաստան: Ի վերջո, ի՞նչը քեզ բերեց հայրենիք՝ երաժշտությո՞ւնը, թ՞ե սերը։

- Չէ՛, երաժշտությունը չի բերել ինձ հետ։ Սերն է ինձ բերել Հայաստան, եւ խոսքը հայրենասիրությանը չի վերաբերում, ինչքան էլ որ հայրենասեր եմ։

Դիանա Հովհաննիսյանը


- Շաքեն՝ սիրելիդ, այսօր արդեն՝ կինդ, ով մասնագիտությամբ բժիշկ է, եւս երգում է։ Ձեր ծանոթության «մեղավորն» էլ հենց երաժշտությունն է եղել։ Զուգերգով հանդես գալու մտքեր չունե՞ք։

- Չէ՛, ես իր հետ չեմ երգի. Շաքեն ավելի լավ է երգում:): Բայց կմտածենք այդ մասին։

- Խնդրում եմ առաջարկս հաշվի առնել:): Շաքեն կյանքդ ե՞րբ փոխեց։

- 2012 թվականի փետրվարի 24-ին, երբ առաջին անգամ Ֆեյսբուքով նրան գրեցի, որ լավ է երգում։

- Բա հետո՞։

- Հետո երկար շփվեցինք։ Ինքը եկավ Բարսելոնա հանգստանալու, հետո ես երեք անգամ եկա Հայաստան, հետո կրկին ինքը եկավ Բարսելոնա, հետո էլ հասկացանք, որ կամ ինքը պետք է տեղափոխվի Իսպանիա, կամ ես՝ Հայաստան։ Նախընտրեցի ես գալ, քանի որ մեծ դժվարություններ էին սպասվում, իսկ ես կարող էի այդ դժվարությունները հաղթահարել որպես տղամարդ։

- Նոր տարին բոլորիս համար է տոն, քեզ համար այն այս տարի կրկնակի տոն էր. ամանորի գիշերը լույս աշխարհ եկավ որդիդ…

- «Մարդ ստեղծելը» մեծ պատասխանատվություն է։ Ուրախանում ես ամեն շարժումով. վա՜յ, ժպտաց, ձայն հանեց, փորիկը լավ չի… :) Հետաքրքիր բան է, ու մեր ազգի համար կարեւոր է շատ երեխաներ ունենալը։

- Հայր, ամուսին, երաժիշտ, բիզնեսմեն… Անելիքներդ շատ են. երբեւէ սպառվո՞ւմ ես։

- Վերջին դեպքերի հետ կապված էի ամբողջովին սպառվել (նկատի ունի հեղափոխությունը, - հեղ.): Զգում էի, որ ագզս խնդիր ունի, ես խնդիր ունեմ, բայց լուծումը չէի տեսնում։ Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ «անցնցում» անցավ։

Դիանա Հովհաննիսյանը եւ Վիգեն Հովսեփյանը


- Մինչեւ վերջին, ստանդարտ հարցին անցնելը... Եթե հնարավորություն ունենայիր 18 տարեկան Վիգենին խորհուրդ տալ, ի՞նչ կասեիր։

- Ոչ մի բան էլ չէի ասի։ Իրո՛ք։ Ճիշտ է, շատ դժվարություններ են եղել, բայց այդ ամենը տվել է իր արդյունքը։

- Այսօր ոտաբոբիկ էինք. որքանո՞վ էիր անկեղծ։

- Շատ։ Չնայած, կարծում եմ՝ միշտ եմ անկեղծ, բայց այսօր ավելի անկեղծ էի, քանի որ դու իմ ընկերն ես։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Vigen's Studio»-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին