×


«Ուրվական»-ի էլեկտրոնային ռիթմերը Երեւանի լքված վայրերում

Հայ երաժշտասերներն ու Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ երեք օրերին հնարավորություն ունեին մասնակցել ժամանակակից մշակույթի եւ նորագույն երաժշտական ձեւաչափերի «Ուրվական» միջազգային փառատոնին: Մայիսի 3-ից 5-ը Երեւանի լքված վայրերն ու շինությունները վերածվել էին յուրօրինակ հարթակների, որտեղ ներկայացվում էին հնչյունային արվեստի, էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ եւ ակումբային երաժշտության արդի միտումները: Փառատոնը, որին մասնակցում էր 22 երկրի ավելի քան 80 արտիստ, ուղեկցվում էր նաեւ հանրային ելույթներով, քննարկումներով, հատուկ տարածքային արտ-ինստալյացիաներով ու ցուցադրություններով:

Նախագծի սկիզբը. Երեւանի լքված վայրերը` որպես քաղաքի ուրվականներ

Փառատոնի համահիմնադիր Համլետ Մովսիսյանը, ով նույնպես երաժիշտ է եւ ապրում է Սանկտ Պետերբուրգում, BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ միջոցառման գաղափարն առաջացել է դեռ 2018-ի դեկտեմբերին, երբ գործընկերոջ` Նաիրի Սիմոնյանի հետ եկել է Երեւան ու շրջել քաղաքի մոռացված անկյուններով: Հենց այդ ընթացքում էլ որոշել են իրենց միջոցառման շնորհիվ նոր շունչ հաղորդել լքված կառույցներին` հույս ունենալով, որ մի օր դրանք կրկին կվերակենդանանան ներդրողների շնորհիվ: «Այդ գեղեցիկ շինությունները, մշակութային վայրերն ու գործարաններն իրենց կարգավիճակով կարծես ուրվական լինեն մեր քաղաքում: Այդտեղից էլ միտք առաջացավ փառատոնն անվանել «Ուրվական»»:


Համլետի խոսքով` միջոցառման նպատակներից մեկն էլ հարթակ ստեղծելն է այն տաղանդավոր արտիստների համար, որոնց տարբերվող ձայները շարունակում են դուրս մնալ համաշխարհային երաժշտության ասպարեզից: Խոստովանեց` նման ձեւաչափի ու մասշտաբի փառատոն կազմակերպելն այնքան էլ հեշտ չի եղել, հատկապես որ ամբողջ նախապատրաստական աշխատանքներն ընդամենը երեք ամսվա ընթացքում են իրականացրել: Բայց միաժամանակ ընդգծեց, որ այդ աշխատանքը չափազանց հաճելի ու ոգեւորող է եղել:

Փառատոնային հարթակները` ամենայուրօրինակ տարածքներում

«Ուրվական»-ի բացման միջոցառումը հյուրընկալել էր «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Երեկոյի սկզբում այստեղ ելույթ ունեցավ հայ եւ ռուս արտիստներից կազմված քառյակը`տեղացի երաժիշտներ Միքայել Ոսկանյանի, Վարդան Հարությունյանի, մոսկվացի Լուիզա Ղազարյան-Թոփչյանի (Margenrot) եւ հայտնի ջազմեն Սերգեյ Լետովի մասնակցությամբ: Այնուհետեւ համերգը շարունակվեց իրանցի կոմպոզիտոր Ata «Sote» Etkebar-ի նոր ստեղծագործության հայաստանյան պրեմիերայով:

Միքայել Ոսկանյանը


Նույն օրը փառատոնն իր ընթացքը շարունակեց «Միրզոյան» գրադարանում, որը դարձել է տարածաշրջանի լուսանկարչական գրքերի առաջին գրադարանը: «Ուրվական»-ի օրերին այն վերածվել էր հանրային զրույցների, քննարկումների եւ փառատոնի արտիստների հետ հանդիպումների բազմաֆունկցիոնալ հարթակի:

Մայիսի 4-ին եւ 5-ին փառատոնի անցկացման ամենայուրօրինակ վայրերից մեկն էր դարձել Երեւանի կիսալքված զվարճանքների այգին՝ Մանկական երկաթուղին: «Ուրվական»-ի օրերին այն դարձել էր իրադարձությունների հիմնական տարածք՝ ունենալով երեք բեմ, հատուկ արտ-ինստալյացիաներ, սննդի եւ ձեռքի աշխատանքների կետեր:


«Կայարան» բեմը զբաղեցնում էր Մանկական երկաթուղու սիրտը՝ վերածվելով առաջադեմ երաժիշտների եւ հնչյունային արտիստների կենդանի ելույթների հարթակի: Հրազդան գետի վրա գտնվող հիդրոէլեկտրոկայանի կողքին կառուցված «Դամբարան» բեմն ապահովում էր ավելի թեթեւ, բայց միեւնույն ժամանակ, հաճելի փորձառություն փառատոնի այն այցելուների համար, որոնք ավելի շատ նախընտրում են ռիթմ ու մեղեդի, քան ծանր ձայնային էքսպերիմենտներ: Իսկ երրորդ՝ անտառի խորքերում կառուցված «Թունել» բեմը նվիրված էր ավելի ծանր էմբիենթ հնչյուններին ու ներկայիս ակումբային երաժշտության տարաբնույթ դրսեւորումներին:

Էլեկտրոնային երաժշտություն` առանց ժանրային սահմանափակման

Նշենք, որ փառատոնը ժանրային ու ոճային սահմանափակում չուներ մասնակից արտիստների համար: Իհարկե, հիմքում էլեկտրոնային երաժշտությունն էր, սակայն այն ներկայացվում էր ոչ միայն ակումբային, այլեւ տեխնո, նոյզ, ավանգարդ, էմբիենթ, հաուս եւ այլ ոճերով ու ձեւաչափերով: Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Կանադայից եւ այլ երկրներից ժամանած երաժիշտները, ինչպես պարզվում է, մեծ հետաքրքրությամբ են համաձայնել մասնակցել փառատոնին: Համլետ Մովսիսյանը պատմեց, որ իրենց համար էլ էր դա հաճելի անակնկալ. «Իսկապես բոլորը, ում դիմել ենք մեզ մոտ ելույթ ունենալու համար, միանգամից դրական են արձագանքել ու լրիվ այլ պայմաններով են եկել Հայաստան: Իրենց համար էլ է նոր ու հետաքրքիր մեր երկիրը, մշակույթը»:


«Ուրվականը»` որպես առաջիկա տարիների մեծ նախագիծ

«Ուրվական»-ի հիմնադիրներն ասացին՝ իրենց նպատակներից մեկն էլ Հայաստանում երաժշտական տուրիզմը զարգացնելն է, որպեսզի բազմաթիվ մարդիկ մեր երկիր գան ոչ թե ավանդական տուրիզմի, այլ հենց երաժշտական միջոցառումներին մասնակցելու համար: Իհարկե, կարելի է ասել՝ իրենց այս նպատակին նրանք հասել էին, քանի որ ներկաների մեծ մասը հենց արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներ էին:

Համլետի խոսքով՝ «Ուրվականը» չի սահմանափակվելու միայն երաժշտական փառատոնով: Այն դառնալու է մի մեծ նախագիծ, որն առաջիկա մի քանի տարիների ընթացքում փորձելու է նոր մշակույթ ձեւավորել Հայաստանում.«Երբ 2018-ի դեկտեմբերին եկանք Երեւան, մեր կյանքը 180 աստիճանով շուռ եկավ: Վերջին ամիսների ընթացքում մենք գրեթե չենք էլ եղել Ռուսաստանում, որոշել ենք այստեղ տարբեր նախագծեր իրականացնել՝ համերգներ, փառատոներ, հետաքրքիր այլ միջոցառումներ: Մենք մոտ հինգ տարվա ծրագիր ենք կազմել, տեսնենք՝ ինչ կստացվի»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել են փառատոնի կազմակերպիչները

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին