×


«Չկարողացան նույն խաղերն իմ գլխին էլ խաղալ». Գեւորգ Հարությունյանն անկեղծանում է «Նոր ալիք 2018» մրցույթի մասին

Օրեր առաջ Սոչիում ավարտվեց «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը ներկայացված էր մեկ մասնակցով՝ ի դեմս Գեւորգ Հարությունյանի, ով մրցութային երեք օրերի ընթացքում աչքի ընկավ փայլուն ելույթներով: Առաջին երկու օրերի արդյունքներով՝ Գեւորգը բացարձակ առաջատար էր մրցույթում, սակայն երրորդ օրն ինչ-որ բան այնպես չընթացավ... Ժյուրիի անհասկանալի քվեարկության արդյունքում մեր մասնակիցը մրցույթն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Նշենք, որ առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, իսկ մյուս մասնակիցը՝ Դարյա Անտոնյուկը, Գեւորգի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում էր Հունաստանը ներկայացնող երգչուհի Դեմին: BRAVO.am-ը զրուցել է Գեւորգի հետ, ով անկեղծորեն կիսվել է մրցույթից ստացած տպավորություններով, ինչպես նաեւ խոսել հիասթափությունների մասին:

«Շատ էմոցիոնալ պահեր էին»

Շատ հագեցած են անցել մրցութային եւ համերգային օրերը՝ ծանրաբեռնված, ուրախ, հետաքրքիր, արդյունավետ ու տարբերվող: Ինձ համար է՛լ ավելի հետաքրքիր էին մեր ելույթները. շատ էմոցիոնալ պահեր էին: Լավ էներգիա ստացա այնտեղից, որ մինչեւ օրս հիշում եմ:
Հետաքրքիր մի քանի առաջարկ եմ ստացել այնտեղ, առաջիկայում կհասկանամ՝ որն է ավելի լուրջ: Բայց համոզված եմ` այս մրցույթն ինձ համար կարող է մեծ հաղթաթուղթ հանդիսանալ ավելի լուրջ բեմերի համար:

«Սյուզաննան ինձ ասել էր, թե ինչ է սպասվում այնտեղ»

Սպասելիքներն առաջին հերթին ելույթների հետ էին կապված. ցանկանում էի տպավորիչ ներկայանալ, որ հանդիսատեսը հիշեր ինձ: Ունեմ տարբերվող ձայն, բայց միշտ չէ, որ տարբերվող լինելն ընդունվում է: Այս դեպքում միանշանակ ընդունվեց, եւ արձագանքը սպասվածից ավելին էր: Այդ մասին վկայում են նաեւ իմ ելույթների դիտումները համացանցի տարբեր հարթակներում՝ ի տարբերություն մյուս մասնակիցների ելույթների: Այդ առումով, իհարկե, սպասելիքներս արդարացան: Չնայած՝ ես մայիսից պատրաստվել էի թե՛ հոգեբանորեն, եւ թե՛ տեխնիկապես, որպեսզի իմ դեպքում էլ չկրկնվեր այն, ինչ մեր նախորդ մասնակիցների դեպքում է եղել... Նախորդ տարվա մեր մասնակից Սյուզաննա Մելքոնյանն ինձ ասել էր, թե ինչ է սպասվում այնտեղ, այդ պատճառով էլ չկարողացան նույն խաղերն իմ գլխին էլ խաղալ...


«Ինձ ասացին՝ սա խաղ է...»

Գիտեք, երբ ինչ-որ մրցույթ է մեկնարկում, դու նախապես ստանում ես ամբողջ փաթեթը, թե ինչ պիտի անես՝ «ա» կետից «բ» կետը հասնելու համար: Այս դեպքում մի շարք կարեւոր մանրամասներ քեզ ասում են այն ժամանակ, երբ դու արդեն Սոչիում ես ու ոչինչ չես կարող անել: Ինձ, օրինակ, ապրիլին ասել էին, որ մեր հագուստներով իրենք են զբաղվելու, բայց նաեւ զգուշացրել էին, որ մեր կոստյումներն էլ մեզ հետ տանենք: Ես էլ հատուկ բեմական շորեր էի պատրաստել, բայց այնտեղ պարզվեց, որ դիզայներն ինձ համար ոչինչ չի արել, եւ իրենք էլ իմ հագուստը չեն հավանում: Հետեւաբար, ես պիտի նոր հագուստ գնեի, բայց ես ոչինչ չգնեցի ու հագա այն, ինչ ունեի: Ինձ ասել էին նաեւ, որ մազերս չկտրեմ, բայց այնտեղ պարզվեց` բոլոր տղաները կարճ մազերով են: Ես էլ դիտմամբ նույն օրը կտրեցի մազերս ու այդպես դուրս եկա բեմ: Բացի այդ, ես իմ խոսքն ասել եմ անգլերեն ու հայերեն, ոչ թե ռուսերեն: Դրա համար էլ ինձ ասացին՝ ամենաքմահաճ հայ մասնակիցն եմ իրենց մրցույթում: Բայց դա ինձ համար կարեւոր չէր, որովհետեւ ես իմ ուզածին հասա ու մեծ արդյունքով հետ եկա այնտեղից:

Իրենք իրավունք չունեին չհավանել իմ հագուստն այն դեպքում, երբ առաջարկելու այլ բան չունեին, երբ ես չափսերի խնդիր ունեմ ու խանութից շոր չեմ գնում, դիզայներների հետ եմ աշխատում, որպեսզի հագուստս հարմարավետ լինի: Այդ 9 միավորներն էլ վերջում երեւի դիտմամբ նշանակեցին՝ իմ պահվածքի համար, այլապես ուրիշ ոչ մի հիմք չկար: Նույն Ֆիլիպ Կիրկորովը, որին հիմա շատերը քննադատում են 9 նշանակելու համար, Ինստագրամի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Հայաստանը զարմացրեց եւ ուրախացրեց իր հրաշալի արտիստով ինչպես երբեւէ: Կարող եմ ասել, որ ընդամենը չոր հաշվարկ էր, որով իրենք կոտրեցին իրենց ստեղծած տպավորությունը եւ իրենց գցեցին վատ վիճակի մեջ: Ելույթիս ավարտին էլ ինձ ասացին՝ «Սա խաղ է...»: Բայց կարծում եմ՝ իրենց դուր եկավ, որ ես մինչեւ վերջ հավատարիմ մնացի իմ սկզբունքներին:

Գեւորգ Հարությունյանը


«Եթե օգնեին, ստիպված չէի լինի վարկ վերցնել»

Անկեղծ ասած՝ բացարձակ անտարբերություն էր Հայաստանի կողմից: Եթե հաջորդ տարիներին էլ մեր մասնակիցներին այդպես ուղարկեն «Նոր ալիք», ես չգիտեմ, թե նրանք ինչպես են հաղթահարելու այդ հոգեբանական խնդիրն ու դուրս գալու բեմ: Ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունն ու մնացած ամեն ինչ ինձ վրա էր: Միգուցե ես սխալ մարդկանց եմ դիմել կամ անտաղանդ եմ հովանավոր գտնելու հարցում, բայց եթե դու պետություն ես ներկայացնում, պետք է գոնե որոշակի աջակցություն ունենաս քո երկրի կողմից: Թեկուզ հեռարձակում կարող էին ապահովել, կամ գոնե լուսաբանել տարբեր հեռուստաալիքներով: Ես տեսնում էի՝ ամբողջ համացանցը գրում էր՝ «Ինչո՞ւ չեք խոսում այդ մարդու մասին»: Ես գնալուց առաջ հանդիպեցի նաեւ Մշակույթի նախարարին, եւ շատ ուրախ եմ ընդունելության համար: Նա ինձ խոստացավ, որ իրենց հնարավորությունների սահմանում կփորձեն աջակցել, բայց փաստորեն բյուջեով նախատեսված չէր աջակցել «Նոր ալիք»-ի մասնակցին: Դե, մտածեցի, որ մշակութային քայլ եմ անում, եւ եթե նախարարությունն ի վիճակի չէ օգնել, էլ ես ո՞ւմ դիմեմ: Մեծ կազմակերպությունների էլ դիմեցի, եւ եթե բոլորն ինչ-որ չափով օգնեին, ստիպված չէի լինի վարկ վերցնել ու գնալ այնտեղ` պետություն ներկայացնելու: Իրականում սա աբսուրդ է:

«Հաջորդ քայլը «Եվրատեսիլն» է»

Արդեն 6-րդ, բայց առաջին միջազգային մրցույթն էր, որին մասնակցեցի: Եթե տեսնեմ, որ կա էլի ինչ-որ մրցույթ, որ կարող է ինձ շատ բան տալ, միանշանակ կմասնակցեմ: Հաջորդ քայլը «Եվրատեսիլն» է: Ես Հանրային հեռուստաընկերության թիմին էլ եմ հայտնել իմ պատրաստակամությունը Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: «Նոր ալիք»-ում իմ ելույթներով ապացուցեցի, որ արդեն պատրաստ եմ այդ հարթակում յուրահատուկ ձեւով հանդես գալ եւ իմ գաղափարները ներկայացնել: Զգացի, որ միջազգային մրցույթներում ներկայանում եմ բացարձակ հանգստությամբ. դուրս էի եկել բեմը վայելելու: Ինձ համար միեւնույն էր՝ այնտեղ կա ժյուրի, թե ոչ, եւ իրենց հենց դա դուր եկավ: Այդ ամբողջ դահլիճն ու ամբողջ էներգիան կարծես կառավարում էի իմ ձեռքերով, ու ես չէի ուզում, որ այդ վայրկյաններն ավարտվեն. չէ՞ որ արժանացել էի այդ մեծ բեմին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գեւորգ Հարությունյանը






Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին