×


«Պատրաստվում ենք մեծ ծրագրեր իրագործել». Դիջեյ Սերժոն եւ Արամ Չախոյանը նոր նախագիծ ունեն

Երեւանյան հայտնի երաժշտական ակումբներում ու ժամանցի վայրերում այսուհետ ավելի հաճախ կտեսնենք Սերժոյի եւ Արամ Չախոյանի համատեղ ելույթները: Նրանք վաղուց է, ինչ միասին հանդես են գալիս որպես դիջեյներ, սակայն այժմ որոշել են իրենց դուետը վերածել նոր նախագծի եւ այն ներկայացնել հայ երաժշտասերներին: Սերժի եւ Արամի նոր նախագիծը կոչվում է «Doppio», որը նշանակում է կրկնակի էսպրեսսո, այսինքն՝ վերադառնում են թարմ ուժերով եւ նոր գաղափարներով: Թե ինչ երաժշտություն է հնչելու նախագծի շրջանակում, եւ ինչ նորություններ են սպասվում առաջիկայում, BRAVO.am-ը պարզել է դիջեյ Սերժոյի հետ զրույցում:

«Doppio»-ն էլեկտրոնային նախագիծ է եւ ներկայացնում է անդերգրաունդ հաուս ոճի երաժշտություն: Երգացանկում կընդգրկվեն առավել մեղեդային, ինչպես Սերժոն է ասում, մարդկանց հոգուն եւ սրտին մոտ գործեր.«Մենք հիմնականում միասին դիջեյ սեթ ենք նվագում, որտեղ ավելի շատ տեղ է գտնում էլեկտրոնային երաժշտությունը, բայց չի բացառվում, որ, օրինակ, ինքս նվագեմ հեղինակային որեւէ գործ: Շուտով մեր նախագիծը հասանելի կլինի նաեւ համացանցում, այսինքն՝ պարբերաբար կներկայացնենք, թե որտեղ ինչ ենք նվագել, եւ մարդիկ կկարողանան այդ սեթերը ներբեռնել եւ լսել»:

Արամ Չախոյանը եւ դիջեյ Սերժոն


Սերժոյի խոսքով՝ իրենք արդեն մի քանի անգամ առիթ ունեցել են նոր նախագծով հանդես գալ: Նպատակ ունեն առաջիկայում նաեւ դրսից հյուրեր հրավիրել եւ միասին նվագել տարբեր երեկոների ժամանակ.«Առաջին անգամ ելույթ ենք ունեցել «El Sky Bar»-ում, իսկ երկրորդ անգամ` մեր դիջեյներից մեկի ծննդյան տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը: Այսինքն՝ երաժշտության տեսանկյունից շատ բան չի փոխվել. ինչպես նախկինում ենք աշխատել միասին, այդպես էլ հիմա ենք աշխատում, պարզապես նախագիծը դարձել է ավելի ընդհանուր մի գաղափար, որի շուրջ պատրաստվում ենք շատ մեծ ծրագրեր իրագործել»:

Կլինի՞ արդյոք հեղինակային միջոցառում՝ նվիրված «Doppio» նախագծին, Սերժոն դժվարանում է ասել: Նրա խոսքով` այս պահին նման համերգ նախատեսված չէ, քանի որ կազմակերպչական հարցեր կան դեռ շտկելու: Բայց վստահեցնում է` նախագծի շրջանակում հաջորդ ելույթը շատ չի ուշանա: Շուտով պարզ կլինի միջոցառման օրն ու ժամը, եւ այդ մասին իրենք կտեղեկացնեն երաժշտասերներին: Այնպես որ, եթե դուք էլեկտրոնային երաժշտության սիրահար եք, ապա հետեւեք Սերժոյի եւ Արամ Չախոյանի նոր նախագծի ընթացքին եւ բաց մի թողեք հաճելի համերգային երեկոներ անցկացնելու հնարավորությունը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է դիջեյ Սերժոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին