×


10-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը

«ՌեԱնիմանիա»-ն 10 տարեկան է. ովքեր են հյուրերը եւ ինչպես է անցել բացման միջոցառումը

Հայկական անիմացիան արդեն 80-ամյա պատմություն ունի, որն ամեն տարի իր արձագանքն է գտնում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման միջազգային փառատոնի շրջանակում: Ի դեպ, փառատոնն էլ այս տարի նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Այդ առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երեկ հանդես եկավ յուրահատուկ համերգով՝ կատարելով հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությունները դասական ձեւաչափով: Փառատոնի բացման միջոցառմանը հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել եւ զրուցել կազմակերպիչների հետ:

Հատկանշական է, որ այս տարի «ՌեԱնիմանիա»-ին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 100 երկրից՝ մոտ 2000 անիմացիոն ֆիլմով: Արդյունքում փառատոնի ընթացքում ցուցադրվելու է շուրջ 400 ֆիլմ՝ ներառված մրցութային 5 ծրագրում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ» եւ «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»:

«ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին


«ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնը հյուրընկալելու է համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի: Նրանց թվում են ֆրանսիացի ռեժիսոր Ստեֆան Կազանջյանը, մի շարք մրցանակների դափնեկիր լրագրող Էրիկ Փեյփը եւ այլք: Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել 12 հրավիրված հատուկ հյուր, ինչպես նաեւ հայտնի այլ ռեժիսորներ, որոնք ոչ միայն գնահատելու են ցուցադրվող ֆիլմերը, այլեւ վարպետության դասեր են անցկացնելու երիտասարդ անիմատորների համար:

Նշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը եւ հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ: Մրցութային կարգով ընտրված լավագույն ֆիլմի հեղինակը բացառիկ հնարավորություն կստանա ուղեւորվել Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին եւ պրոդյուսերական կենտրոններին` ֆինանսավորում ստանալու նպատակով:

10-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը


Վրեժ Քասունու հետ զրույցում լրագրողները նկատեցին, որ փառատոնն այս տարի ֆրանսիական շեշտադրում ունի, հատկապես որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգային մասն ավարտելուց հետո ցուցադրվեց «Մահացել է մարդ» ֆրանսիական ֆիլմը: Այն ներկայացնում է հետպատերազմյան Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններն ու վերակառուցման աշխատանքները, որոնք շուտով վերածվում են բանվոր դասակարգի աշխատանքի շահագործմանը: Վրեժ Քասունին ընդգծեց, որ անցնող տասը տարվա ընթացքում Ֆրանսիայի դեսպանությունը մնայուն աջակցություն է ցուցաբերել փառատոնի անցկացման եւ զարգացման գործում: Բացի այդ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն այս տարի անցկացվեց Հայաստանում, եւ դրանով պայմանավորված` շարունակվելու է ֆրանկոֆոն անիմացիոն ֆիլմերի ցուցադրումը «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնին` Ֆրանկոֆոնիան եւ ֆրանսերենը ապրեցնելու համար եւ հույս հայտնեց, որ իրենք աջակցություն կցուցաբերեն «ՌեԱնիմանիա»-ին իր գոյության ողջ ընթացքում.«Տասը տարի առաջ, երբ փառատոնը սկսեց իր գործունեությունը, մեր դեսպանատունն այդ օրվանից փառատոնի կողքին է եւ աջակցում է: Պետք է նշել, որ ամբողջ տարածաշրջանում շատ կարեւոր է «ՌեԱնիմանիա»-ի դերը անիմացիոն կինոյի զարգացման եւ տարածման համար: Բացի այդ, փառատոնը ֆրանկոֆոն երկրների անիմացիոն ֆիլմերի ներկայացման կարեւոր հարթակ է»:

Տիգրան Մանսուրյանը՝ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը


Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում ԵՄ հայաստանյան պատվիրակությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը նույնպես աջակցել են փառատոնի անցկացմանը: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում նշեց, որ հայերը շատ կրեատիվ են եւ հարուստ ավանդույթներ ունեն անիմացիոն ֆիլմերի պատմության մեջ: Այդ իմաստով նա մաղթեց, որ հայկական անիմացիան հասնի մեծագույն հաջողությունների եւ համաշխարհային ճանաչման:

Հավելենք, որ փառատոնն անցկացվելու է մինչեւ նոյեմբերի 3-ը: Շտապեք դիտել հայկական եւ արտասահմանյան լավագույն անիմացիոն ֆիլմերը, քանի դեռ դրանք ցուցադրվում են երեւանյան մեծ էկրաններին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին