×


«Ցավի մեջ եղած ժպիտն ավելի հետաքրքիր է»․ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» նոր ֆիլմը՝ 90-ականների շնչով

«Լույսի կաթիլներ» ֆիլմի ռեժիսոր Արման Չիլինգարյանը դեռ Ռուսաստանում սովորելու տարիներին որոշել էր եռապատում նկարահանել երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի եւ պատերազմի մասին։ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Եվ յոթերորդ օրը․․․» ֆիլմից հետո հերթը հասել էր հաջորդող ու միախառնված իրադարձություններին։ «Լույսի կաթիլներ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 90-ականների սկզբին, հերոսը վերադառնում է պատերազմից եւ բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների բախվում։ Մարդիկ նույնն են, բայց քաղաքը փոխվել է:

«Փորձել ենք այդ փոփոխությունը հստակ ցույց տալ, որ մարդիկ իրար հասկանում են, բայց իրավիճակն է փոխվել։ Պատմությունը մարդու մասին է, ով ներքին կոնֆլիկտ ունի ինքն իր հետ ու պետք է լուծի այն։ Իրեն օտարացած է զգում, սխալներ է արել, որոնք ուզում է ուղղել։ Նմանատիպ պատմություններ եղել են թե՛ իմ, թե՛ ընկերներիս հետ, հավաքական կերպար է ու ամեն ինչ անում է՝ ահավոր իրավիճակում չկորցնի սեփական արժանապատվությունը, չկորցնի ինքն իրեն, իր եսը։ Մենք՝ հայերս, սիրում ենք ցավի մեջ ցավ ցույց տալ, բայց եթե ցավի մեջ ժպիտը ցույց տաս, դա ավելի հետաքրքիր է։ Կարծես՝ վատ չի ստացվել, երբ ֆիլմը ցույց տվեցի Եվգենի Մարգոլիտին (ՌԴ կինոֆիլմերի պետֆոնդի գլխավոր արվեստաբան) հրաշալի գրախոսություն գրեց, որ կարդում ես ու հասկանում՝ ինչի մասին է, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնես»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է ռեժիսորը։

«Լույսի կաթիլներ» ֆիլմի նկարահանումներին


Բացի գլխավոր դերասաններից, մյուսները ծանոթ են հայ հանդիսատեսին՝ Վիգեն Ստեփանյան, Կարինե Ջանջուղազյան, Սաթիկ Հազարյան։ Գլխավոր դերակատարներ Սասուն Սարգսյանը եւ Էմմա Բաբախանյանը մասնագիտությամբ նկարիչներ են, որոնց շատ դժվարությամբ են գտել։ Ռեժիսորի խոսքով՝ մոտ 250 դերասանի դիտարկել էին դերի համար, բայց այդպես էլ հարմար թեկնածու չէին գտել, երբ քասթինգի ժամանակ նկատում է տղային, որն ուղեկցում էր դերասանուհիներից մեկին:

«Ասաց՝ բայց դերասան չէ, նկարիչ է, ասացի՝ ոչինչ, դու գույներ ունես, մնացածը մենք կավելացնենք. պատկերացրու՝ կույր ես, ինձ կլսես, կհավատաս, ես քեզ հետեւիցս կտանեմ»,-պատմել է Արման Չիլինգարյանը:

Նկարահանումները սկսելուց երեք-չորս օր առաջ, դերասանուհի չգտնելու հետեւանքով, երբ թիմում արդեն խուճապ էր նկատվում, կրկին պատահականորեն գտնում են հերոսուհուն:

«Լույսի կաթիլներ» ֆիլմի նկարահանումներին


«Հեռուստատեսությամբ մի աղջկա եմ տեսնում, որը գնացել էր գյուղ ու անվճար սովորեցնում էր, թե ինչպես կավից իրեր պատրաստեն։ Փորձում եմ կապ հաստատել նրա հետ, սցենարն եմ ուղարկում։ Երբ գալիս եմ աշխատանքի, գրող Էդուարդ Այանյանը եւ սցենարի համահեղինակ Գարիկ Մաշկարյանն ասում են՝ աղջիկ ենք գտել, որը քեզ դուր կգա։ Իմ ներկայությամբ զանգում են նրան, առաջարկում, որ ֆիլմում խաղա, նա էլ ասում է՝ դերասանուհի չէ, նկարչուհի է, որ իրեն էլի սցենար են ուղարկել ու դեր առաջարկել։ Սցենարի հեղինակի անունը հարցրին, ասաց՝ Արման Չիլինգարյան։ Հասկացա՝ նա է․ երեք մարդ չէին կարող պատահական մեկին ընտրել», - եզրափակել է ռեժիսորը:

Նկարահանումներն անցկացրել են Երեւանում, իսկ պատերազմական դրվագները՝ ՊՆ-ի աջակցությամբ՝ Արարատի մարզում։ Արմանի խոսքով՝ ֆիլմը շահույթ չհետապնդող նախագիծ է։ Ֆինանսավորման մի մասը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է ապահովել, իսկ մյուսը՝ ռեժիսորի, ընկերների, ծանոթ ու անծանոթ մարդկանց միջոցով է հավաքվել։

«Լույսի կաթիլներ» ֆիլմի նկարահանումներին


Նկարահանումները սկսվել են 2016 թվականին եւ այս տարի վերջնական տեսքի բերվել։ Պրեմիերայի օրը դեռ որոշված չէ, ակնկալվում է հունվար-փետրվար ամիսների միջակայքում։ Ֆիլմը միջազգային փառատոններին ներկայացնելու աշխատանքները շարունակվում են։ Օպերատորն Արտո Խաչատուրյանն է, երաժշտությունը՝ Լեւոն Թեւանյանինը, օգտագործվել է նաեւ Ռուբեն Հախվերդյանի եւ «Լավ էլի» խմբի երգերից՝ մեկական։ Ֆիլմի տեւողությունն ութսուն րոպե է։

Տեքստը՝ Նանե Պետրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արշակ Խաչատուրյանի, Անդրեյ Վինթեռի եւ Անուշ Բաբայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին