Խումբը նույնպես կմասնակցի «Եվրատեսիլին»
Հունվարի 22-ին “Բրիջ” ակումբում տեղի ունեցավ “Անի Արզումանյան եւ Արսեն Ներսիսյան” բենդի համերգը: Երաժիշտները եւ վոկալիստը կատարեցին Funk, Soul եւ Rock ոճի մոտ 15 ստեղծագործություն, որոնք ընտրված էին տարբեր խմբերի ու կատարողնեերի երգացանկից, այդ թվում “Բիթլզի” եւ Սթիվի Ուանդերի:
Միջավայրն այնքան ջերմ եւ տրամադրող էր, որ հյուրերից ոմանց համար սեղաններին հարակից տարածքը վերածվեց պարահրապարակի: :)
Bravo.am-ի հետ զրույցում Արսեն Ներսիսյանը նշեց, որ հաճախ են հանդես գալիս ակումբային համերգներով. “Ծրագիր կա գարնանը ներկայանալ համեմատաբար ավելի մեծ բեմում”:
Իսկ Անի Արզումանյանը հավելեց, որ ունեն հեղինակային ստեղծագործություններ, որոնք կներկայացնեն հանդիսատեսի դատին արդեն այդ համերգի ընթացքում:
Երգչուհին նշեց, որ Արսեն Ներսիսյանի բենդի հետ սկսել է համագործակցել 2006-ից: Խումբն այսօր հանդես է գալիս հետեւյալ կազմով.
Անի Արզումանյան` վոկալ
Արսեն Ներսիսյան` ստեղնաշարային գործիքներ
Աշոտ Հարությունյան` հարվածային գործիքներ
Աշոտ Ասատրյան` կիթառ
Արամ Կարապետյան` բաս կիթառ
Կմասնակցեն «Եվրատեսիլ-2010»-ի նախընտրական փուլին
Անի Արզումանյանն ու Արսեն Ներսիսյանը պատրաստվում են ներկայանալ Եվրատեսիլի նախընտրական մրցույթին: :) Այդ մասին մենք իմացանք համերգի ժամանակ:
Անի Արզումանյանը, խոսելով առաջիկա ծրագրերից, ասաց, որ Արսեն Ներսիսյանի հետ համատեղ աշխատում են մի ստեղծագործության վրա, որը կներկայացնեն «Եվրատեսիլ 2010»-ի նախընտրական փուլին: Անին նշեց, որ երգը կլինի ռոք ոճում, որին կմիացվեն նաեւ հայկական աշուղական մոտիվները:
Անգլերեն լեզվով հնչող երգը կուղեկցվի “Ակունք” ազգագրական համույթի աշուղական ելեւէջներով: Երգի խոսքերի հեղինակը Գեւորգ Էմինի որդին է` Արտաշես Էմինը:
Խոսելով մրցույթի մասին` Արսեն Ներսիսյանն ասաց, որ հաղթանակը կյանքի ու մահվան հարց չեն դարձնելու. “Կարեւորը մասնակցությունն է մրցույթին”: Նա հույս հայտնեց, որ լավագույն տասնյակում կհայտնվեն: :)
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան նախընտրական փուլը տեղի կունենա փետրվարի 14-15-ին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,320






