Մշակութային եռուզեռ Նկարիչների միությունում
Փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվեց “ARTEXPO 2010” մշակութային ցուցահանդեսը, որն անց է կացվում երկրորդ անգամ:
50-ից ավելի մշակութային հաստատություններ ու կազմակերպություններ իրենց տաղավարներում ցուցադրում էին նախորդ տարվա իրականացրած իրենց աշխատանքները: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակութային գործիչներ եւ հյուրեր: Ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք թանգարաններ, թատրոններ, տպագրական ընկերություններ, փառատոնային կազմակերպություններ: Ներկայացված էին նաեւ 2009թ-ի հնագիտական պեղումների, թանգարանների մասին տեսաֆիլմեր, սլայդ-շոուներ:
“Հայ Ֆեստ” թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը կարծում է, որ մասնակիցներն ավելի հետաքրքրված են, իրենց տաղավարներն ավելի գեղեցիկ են ձևավորել. “Շատ քիչ տաղավարներ կտեսնեք, որ նման են կոշկակարի կրպակի :): Երեկվանից արդեն հասցրել ենք իրար առաջարկներ անել: Օրինակ, “Ռեանիմանիա” փառատոնի հետ որոշել ենք համագործակցել, քանի որ մեր փառատոններն աշնանը նույն ժամանակ են լինում”,- ասաց Արթուր Ղուկասյանը:
Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի կառավարման եւ մոնիտորինգի վարչության պետ Վիկտորիա Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է, որպեսզի հանրությանը ներկայացվեն 2009 թվի հայկական մշակույթի ձեռքբերումներն ու իրադարձությունները. “Հյուրեր ունենք արտերկրից, որոնք վարպետության դասեր կանցկացնեն, նաեւ ֆիլմերի շնորհանդեսներ կլինեն: Կարծում եմ՝ երկու օրը բավական է նման մշակութային ցուցահանդեսի համար”,- ասաց Վիկտորիա Սուքիասյանը:
Ցուցահանդեսի ընթացքում “Փաստավավերագրությունն այսօր” խորագրով վարպետության դաս է անցկացնելու Ռուսաստանից ժամանած պրոդյուսեր ու սցենարիստ Սաիդա Մեդվեդեւան:
Հովհ. Թումանյանի թանգարանն իր տաղավարը կառուցել էր Թիֆլիսի Վերնատան հասցեով ու թումանյանական կոլորիտով: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ այս տարի դասական մոտեցմամբ են ստեղծել Թումանյանի անկյունը. “Անցյալ տարի մանկական ուղղվածություն ուներ մեր տաղավարը, այս անգամ փարձառության շնորհիվ ավելի պատրաստված ենք”: Թանագարանի աշխատակիցները նույնիսկ ներկայացրել էին Թումանյանի սիրելի աղանդերը՝ լեբլեբին կամ, թումանյանական լեզվով, վերնահատիկը, որն աղով եւ պղպեղով սիսեռն ու չամիչն է:
Ի դեպ, մշակույթի նախարարությունը սահմանել է 3 մրցանակ տաղավարների լավագույն ձևավորման համար, որոնք ցուցահանդեսի ավարտին կհանձնվեն հաղթող կազմակերպություններին: :)
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,688






