Կայացավ Մուրադ Ջանիբեկյանի ֆիլմի պրեմիերան
Մուրադ Ջանիբեկյանը “Համլետ”-ից հետո իր երկրորդ ֆիլմն է ներկայացնում:
“Ավելորդ”-ի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը հենց ինքն է, մարմնավորած հերոսն էլ մարդկության 70 տոկոսն է ներկայացնում: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1992 թվականին, շատ են բանդաների կռիվները ներկայացնող մարտական տեսարանները:
“Ավելորդ”-ի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 20-ին “Մոսկվա” կինոթատրոնում: Ֆիլմի սցենարը Մուրադ Ջանիբեկյանի գլխում պտտվել է մոտ տասը տարի: “Ես չեմ արել, որովհետեւ իմ գործն էր, ուղղակի առաքելության նման սահմանվում է, ու դու պետք է անես: Դանթեի “Աստվածային կատակերգության” հիմունքներով իմ հերոսն ընկնում է դժոխք, քավարան եւ հետո դրախտ: Սա ռեալ բան է. մարդ կարող է իր երազում, հալուցինացիայի մեջ էլ տեսնել: Միստիկա չէ, ռեալ ճշմարտությունն եմ փորձել ներկայացնել: Այդ ծանր տարիներին մարդիկ գնում էին հայրենիք պաշտպանելու, նույնիսկ հոգեւորականը, փարաջան թողնելով, գնացել էր կռվելու ու պարզ չի` հետ կգա՞ր: Եվ ոչ միայն օլիգարխները, այլեւ բոմժը կարող էր նստել ու իր համար ասել` Ղարաբաղը մերն է, բայց ոչնչով օգտակար չլիներ: Իսկական արծիվները գնում էին այնտեղ կռվելու”,- ասում է Մուրադ Ջանիբեկյանը:
“Հերի՞ք չէ այս երկիրը զակուսկի անեք, պարոնայք”,- ֆիլմում նեղսրտում է “Ավելորդ”-ի գլխավոր դերակատար Հայկը: “Միայն օլիգարխների կամ բանդաների մասին չէ ֆիլմս: Հերոսը մահանում է, բայց իր նման մեկը կա, ով գալիս է գործը շարունակելու: Ես դառը ճշմարտության կողմնակիցն եմ: Ինչքան հնարավոր է քաղաքականությունից հեռու: Իմ հերոսն այն հերոսը չի, որ բոլորը նախընտրեն, բայց նա մարդկության այն 70 տոկոսն է, որոնց վրա է հիմնվում աշխարհը”,- նշեց Մուրադ Ջանիբեկյանը:
Նա Հայկի մասնագիտությունը հատուկ է ընտրել: “Ֆիզիկոս է: Խորհրդային երկրում ֆիզիկայի ընդամենը երկու ինստիտուտ կար` Մոսկվայում եւ Երեւանում, աշխատում էին երկու ազգ` հայերն ու հրեաները: Դա նշանակում է` պոտենցիալ ֆիզիկոսներ է տալիս մեր ազգը: Դժվար տարիներ, շատ հիմնարկներ փակվում էին: Ֆիզիկայի ինստիտուտն էլ պետք է փակվեր: Հայկը, իմանալով դա, ասում է. “Եթե մեծություններն են ծանր վիճակում, ապա ես ինչ եմ անում այստեղ, ես` ավելորդս”: Ինքը գնում է աշխատանք փնտրելու: Հերոսը մի տեսակ բիբլիական է: Մի քիչ փիլիսոփայություն կա ֆիլմում, բայց արդարացված է, ռեալ գործողություն է, արվեստը ուսումնասիրում է հավերժությունը, սերը միակ կապն է կատարյալի հետ”,- ասաց “Ավելորդ”-ի “մեղավորը”:
Նկարահանումներն իրականացվել են հիմնականում Գառնիում: Մուրադ Ջանիբեկյանին օգնել է իր ստեղծագործական խումբը: “Ավելորդը” իրենց միջոցներով են ստեղծել, տեխնիկան Միացյալ Նահանգներից է բերվել: Բայց Մուրադ Ջանիբեկյանի համար ամենածանրը կադրում եւ կադրից դուրս աշխատելն է եղել: “Ավելորդը” ֆիլմում իր դուդուկի ձայնն է հնչեցնում Ջիվան Գասպարյանը:
Ֆիլմը պատմում է մի ֆիզիկոսի մասին, ով զրկվելով աշխատանքից, կամա թե ակամա հայտնվում է երկու հանցավոր խմբերի ընդհարման կիզակետում եւ փորձում է ինքնուրույն ելք գտնել իրավիճակից: “Ավելորդը” “Մոսկվա” կինոթատրոնի էկրանին կլինի մինչեւ մայիսի 24-ը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
12,056






