Բացվեց Իլոն Վիկլանդի ցուցահանդեսը
Նոյեմբերի 18-ին “Գեղագիտության ազգային կենտրոնում” բացվեց “Կառլսոնը, որն ապրում է տանիքում, կրկին թռչում է” ցուցահանդեսը:
Իլոն Վիկլանդի աշխատանքներում ներկայացված են Աստրիդ Լինդգրենի հանրահայտ գրքի հերոսների նկարները: Իր բացման խոսքում նկարիչն ասաց, որ ընտրել է այնպիսի նկարներ, որոնք պատմում են երեխաների իրավունքների ու դրանց պաշտպանության մասին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանում Շվեդիայի եւ Էստոնիայի դեսպաններ Հանս Գունար Ադենը եւ Թոմաս Լուկը, UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսն անցկացվում է երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային նվիրված միջոցառումների շրջանակներում: Կազմակերպիչներն են ԵՄ-ում նախագահող Շվեդիան, Հայաստանում էստոնիայի հյուպատոսարանը, “Հայաստանի պատանեկան նվճումներ” կազմակերպությունը և Oriflame ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:
Հանս Գունար Ադենն ասաց, որ միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակության ուշադրությունն ուղղել դեպի երեխաների իրավունքների պաշտպանությունը:
Սիրելի հերոսների հետ Վիկլանդի աշխատանքների միջոցով շփվելուց բացի ներկաները մանրապատումներ դիտեցին` Աշոտ Ղազարյանի, Հրանտ Թոխատյանի եւ Զառա Արամյանի կատարմամբ:
Միջոցառման վերջում Իլոն Վիկլանդը երեխաներին Կառլսոնի նկարներով զարդարված բացիկներ նվիրեց:
“Կառլսոնը, որն ապրում է տանիքում, կրկին թռչում է” ցուցահանդեսը կտևի մինչ դեկտեմբերի 3-ը:
Տեքստը եւ լուսանկարները`Սիրանուշ Եղիազարյանի


×
9,174






