Լեգենդար ռոք-խմբի “պայթյունային” համերգը վաղն է
Առաջին անգամ հայ հանդիսատեսին ողջունելու է եկել լեգենդար Deep Purple-ը: Վաղը` մայիսի 25-ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ռոք-խմբի համերգը: Deep Purple-ի նոր ձայնասկավառակին սպասողներին խմբի անդամներն ասացին, որ անսպասելիին սպասելն իմաստ չունի, իսկ երեւանյան համերգին, լավ իմաստով, պայթյուն է լինելու:):
Bravo.am-ն արդեն պատմել է, որ ռոք-խմբի վոկալիստ Իէն Գիլանը, բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը, կիթառահար Սթիվ Մորսը, ստեղնահար Դոն Էյրինը եւ հարվածային գործիքներ նվագող Իէն Փեյսը Երեւան են ժամանել այսօր վաղ առավոտյան: Լեգենդներն արդեն հասցրել են պատասխանել լրագրողների հարցերին:
“Այն ջերմությամբ, որ ինձ այստեղ ընդունում են, շատ տպավորված եմ: Ես անձնապես կապված եմ Հայաստանի հետ”,- ասաց Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը:
Հարվածային գործիքներ նվագող Իէն Փեյսը նշում է, որ Deep Purple-ի այդքան սիրված լինելը պարզապես կախարդանք է: “Մեր վերահսկողությունից դուրս է: Կապ ենք հաստատում հանդիսատեսի հետ. դա գալիս է հնչողությունից, տրամադրությունից: Գուցե երաժշտության որոշ նոր դրսեւորումներ չեն կարողանում արձանագրել մարդկայնության պահը: Բայց ինչն էլ լինի այդ կախարդանքը, մենք շնորհակալ ենք դրա համար”,- ասաց Իէն Փեյսը:
“Deep Purple”-ի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերն էլ ասուլիսի ժամանակ երիտասարդությունը հիշեց;).“Լավ նվագել սկսելու համար կարեւոր է, որ երիտասարդները տեղ ունենան նվագելու համար: Երբ մենք էինք երիտասարդ, Լոնդոնում գրեթե ամեն ակումբ հետնամասում մի սենյակ ուներ, ուր ամեն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ նվագելու հնարավորություն ունեինք”,- նշեց Ռոջեր Գլովերը:
Իէն Գիլանը անդրադարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր երեւանյան բարեգործական համերգներին, որոնք կայացան մարտի 26-ին եւ 27-ին: Նա դրանք ուղղակի ֆանտաստիկ որակեց: “Անհավատալի է: Դրանից հետո եւ առաջ էլ նվագել եմ ֆիլհարմոնիկ շատ նվագախմբերի հետ, բայց ոչ մեկը ձերինից լավը չէր, իսկապես ֆանտաստիկ էր: Հիմա Ավստրալիայում այդ համերգի տեսաձայնագրության միքսինգն են անում: Շուտով առիթ կունենաք այդ ամենը դիտելու”,- ասաց Deep Purple-ի վոկալիստը:
Հիշեցնենք, որ Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը Հայաստան են այցելել 2009թ. հոկտեմբերի 1-2-ին Մեդիամաքս-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում, օգնում են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շենքի կառուցմանը: Իէն Գիլանը նշեց, որ հետեւում է դպրոցի “ճակատագրին”. “Գործընթացը հրաշալի վիճակում է: Մենք հետեւում ենք: Նույնիսկ տեսել եմ նոր շենքի ճարտարապետական էսքիզները: Շատ գոհ ենք: Թոնի Այոմին եւ ես նոր նախագիծ էլ ունենք դպրոցի հետ կապված: Այլեւս 20 տարի չի տեւի, արդյունքները բավական շուտ կլինեն”:
Համաշխարհային ռոք երաժշտության ասպարեզում Deep Purple-ի ներդրման մասին խոսելիս` ռոք-խմբի անդամները համեստություն արեցին:): “Երբ ես ու Ռոջերը միացանք Deep Purple-ին, արդեն պարզ էր, որ սա մի ուրիշ տեսակի խումբ է: Բացի տիեզերքից չեղած տեղից ոչ մի բան չի սկսվում:): Մեծ պայթյունով չսկսեցինք, ավելի շատ զարգացումներով ընթացավ այդ ամենը”,- ասաց Իէն Գիլանը:
Իէն Փեյսը ռոք-երաժշտության ասպարեզում հարվածային գործիքների համար գրականություն չի գրել, մտադրություն էլ չունի : ). “Կզարմանաք, թե ինչքան քիչ բան գիտեմ հարվածայինների մասին: Կան բաներ, որ կարող եմ անել, դրանից միշտ գոհ եմ ու երջանիկ: Եվ, կարծես, մյուսներն էլ վայելում են: Ինձ թվում է` դա հերիք է”:
Deep Purple ռոք-խումբը Երեւան է եկել համաշխարհային տուրնեի շրջանակներում: Երեւանյան համերգի կազմակերպիչն է “Վիբրոգրաֆուս” ընկերությունը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
4,768






