Արդեն կարելի է միաժամանակ պարել եւ սահել
Դեկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ առաջին դիսկոտեկը սառույցի վրա: “Սառցե մոլորակ” ակումբը գեղասահքի սիրահարներին առաջին անգամ հնարավորություն էր ընձեռել միաժամանակ սահել և պարել:
“Սառցե” դիսկոտեկը բացեցին Եվգենի Պլյուշենկոյի անվան ձևավոր չմշկասահքի մարզադպրոցի սաները և Դավիթ Մաեստրոն: Նա ապրում է Սանկտ-Պետերբուրգում և համատեղում ջութակահարի ու գեղասահորդի մասնագիտությունները. “Իմ ընկերների շնորհիվ կարողանում եմ լավ սահել, երկուսը միասին համատեղում եմ: Հայաստանում դեռ նոր է այս ֆորմատը, բայց կարծում եմ` կսիրվի ու կընդունվի շատերի կողմից”,- նշեց ջութակահարը:
Երեկոյի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին 3 ժամ օգտվել սահադաշտից, պարել DJ Dale-ի հնչեցրած երաժշտության ներքո, մասնակցել սառույցի վրա անցկացվող խաղերին ու մրցույթներին: Ներկաներին հյուրասիրում էին Cherry Lady կոկտեյլներ:
“Սովորական դիսկոտեկներից տարբերվում է, հետաքրքիր է սառույցի վրա պարելու գաղափարը: Ցավոք, չեմ սահում, քանի որ ընդհանրապես սահել չգիտեմ, փոխարենը մարդկանց հյուրասիրում ենք կոկտեյլներով”,- ասաց բարմեն Կամո Սահակյանը:
Երեկոն վարում էր Եգոր Գլումովը: Ռադիոհաղորդավարը առանց չմուշկների էր . “Այսօր չմուշկներ չեմ հագել, բայց սահել գիտեմ, նաև հոկեյով եմ զբաղվել: Առաջին անգամ եմ համերգ վարում սառույցի վրա: Կարծում եմ, մարդիկ հետաքրքրվում են, հաճույքով կպարեն ու կսահեն: Մրցույթների հաղթողներին կտանք տարբեր մրցանակներ` բիլիարդի քարեր, փափուկ խաղալիքներ…”,- ասաց Եգոր Գլումովը:
Միջոցառման կազմակերպիչներից Նարինե Նալբանդյանը նշեց, որ սա ոչ միայն ժամանցային ծրագիր է, այլև սպորտաձև. “Ամբողջ աշխարհում կան այսպիսի դիսկոտեկներ, նույնիսկ Եգիպտոսի ու Դուբայի նման տաք երկրներում: Մեզ մոտ նոր է սկսում զարգանալ, և հայերն արդեն հետաքրքրվում են գեղասահքով: Նման ձևաչափով դիսկոտեկն ավելի հետքրքիր կդարձնի երիտասարդության ժամանցը”:
Կազմակերպիչը հավելեց, որ հաջորդ տարի նախատեսում են անցկացնել նաև թեմատիկ դիսկոտեկներ. “Քանի որ առաջին ծրագիրն է, չկա երաժշտական կոնկրետ ուղղվածություն և հնչում է տարբեր ոճերի երաժշտություն: Հաջորդ ծրագրերն արդեն թեմատիկ կլինեն` լատինո, մանկական, 80-ականների դիսկոտեկ”:
“Հենց Երևանում սահադաշտ բացվեց, սկսեցի սահել սովորել: Համալիրի սառույցի որակն ավելի լավն է, այստեղ համեմատաբար քիչ մարդ է լինում սառույցի վրա և հեշտ է տեղաշարժվելը: Պարելու ու սահելու գաղափարը հետաքրքիր է, հնարավոր է մրցութներին էլ մասնակցեմ”,- ասաց սահողներից Կարլենը:
Դիսկոտեկին մասնակցում էին բժիշկներ ու անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև մարզիչներ, ովքեր հսկում էին անփորձներին: “Քանի որ պրոֆեսիոնալ մակարդակի սահող չեմ, այսօր կնայեմ սահողներին, մյուս անգամ սովորած կգամ ու մրցույթներին էլ կմասնակցեմ: Այս պահին նայելով ավելի շատ եմ հաճույք ստանում”, -ասաց Անուշը:
Նարինե Նալբանդյանը նշեց, որ հյուրերին պարահրապարակ տեղափոխելը մի փոքր բարդ է. “Ովքեր սահել չգիտեն, նրանց դժվար է բացատրելը, որ պետք է փորձեն կանգնել չմուշկների վրա: Մարզիչները կօգնեն հաղթահարել կոմպլեքսները: Հուսով եմ, հաջորդ դիսկոտեկներին չեն նստի, այլ ցանկություն կունենան պարել հենց սառույցի վրա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,938






