×


“Դոգմա”

“Դոգմա”

Զառան “Ջեթրո Թալ”-ի վոկալիստի հետ է երգելու “Դոգմա”-ի առանց դոգմաների Զառան “Դոգմա” ռոք-խմբի վոկալիստ Զառան լինելու է “Ջեթրո Թալ” խմբի կիթառահար եւ վոկալիստ Իէն Անդերսոնի` սեպտեմբերին կայանալիք երեւանյան համերգի հյուրը: Զառան առաջարկը ստացել է օրերս, այդ մասին նշված է նաեւ աշխարհահռչակ խմբի կայքէջում: Bravo.am-ը զրուցել է երգչուհու հետ ու պարզել… Այն աստիճանի է հասել, որ Զառան հիմա միայն “Ջեթրո Թալ” է լսում: Zara - Երեւի սպասում ես, որ կհարցնեմ, թե ի՞նչ է քեզ համար նման մեծության հետ ելույթ ունենալը: Բայց ինձ հետաքրքիր է՝ դու ինչպիսի՞ հյուրընկալություն ես սպասում: - Ճանաչելով Անդերսոնին՝ սպասում եմ, որ ամեն ինչ շատ ջերմ է լինելու: Ընդհանրապես, իր հյուրը լինելը մեծ պատիվ է: Մի փոքր հետաքրքրվել եմ, գիտեմ, որ ինքն իր հյուրերին ընտրում ու հատուկ ուշադրության է արժանացնում: Չգիտեմ՝ ինչ եմ կատարելու իրենց երգացանկից, բայց լիովին վստահում եմ Անդերսոնի ընտրությանը: Սիրով կկատարեմ: - Ի՞նչ չափանիշներով է ընտրում իր համերգի “հյուրին”: - Չգիտեմ՝ ինձ ինչ չափանիշով է ընտրել, երեւի հաշվի առնելով պրոֆեսիոնալիզմն ու մարդկային որակները: Քանի որ ինքն այդպիսին է, չեմ կարծում, որ իր կողքին հանդուրժի իրեն ոչ հաճելի մարդու: - Ինչպիսի՞ն էր արձագանքդ հրավերին: - Մոտ մեկ շաբաթ առաջ եմ առաջարկը ստացել, պատասխանեցի բացականչական նշաններով: Շատ ուրախացա: - “Ջեթրո Թալ”-ի կայքում Իէն Անդերսոնը նշել է, որ դու ադամանդե ձայն ունես: - Երբ նման անձնավորությունն է քո մասին կարծիք հայտնում, ամենավերին աստիճանն է, որ երբեւէ կարող էիր ակնկալել որպես գործիդ գնահատական: Մեր խմբի մասին է դրական արտահայտվել: - Մեծամտացե՞լ ես: - Կարող էի մեծամտանալ այն ժամանակ, երբ իր հետ սկսեցի ընկերություն անել: Ծանոթացել ենք անցյալ տարվա երեւանյան իր համերգին: Բոլոր երաժիշտները հնարավորություն ունեցան հանդիպել նրան, ձայնասկավառակներ փոխանցել: Ես մի փոքր ավել կարողացա հետը շփվել: Ներկայացա, ինքն էլ ասաց. “Ես քո անունը կհիշեմ”: Իրոք, նման մարդու հետ խոսելուց, շփվելուց հետո, երբ հասկանում ես, թե ինչ լեգենդի կողքին ես, ու նա հավասարը հավասարի պես է քեզ հետ խոսում, ասես իր մտերիմն ես. ոչ մի ավելորդ փառք ցույց չի տալիս: Դրանից հետո ինքդ երբեւէ կամաչես մեծամտանալ: Լեգենդ է: Zara - Ուզո՞ւմ ես իր բախտից ունենալ: -:) Բախտերը տարբեր են լինում, բայց կուզեմ, որ իմ երաժշտությունը, իմ խմբի երաժշտությունը նույնքան գնահատվի: Մեծ ընդունելություն վայելի: Փառք ու համաշխարհային բառերը մի կողմ թողնենք, ես կուզեմ, որ լսեն ու սիրվի, թե դա կբերի փառքի… Իէն Անդերսոնն էլ գիտի, որ համաշխարհային մակարդակի հասնելը շատ բարդ է նման տարածաշրջանային խմբերի համար, որովհետեւ սահմանները շատ փակ են: - Բայց երաժշտությունը սահմաններ չի ճանաչում: - Երեւի մեր դեպքում հենց դա է: Մեր բոլոր երգերը հայերեն են՝ բացառությամբ մեկի: Անդերսոնն էլ հաճույք է ստացել մեր երաժշտությունից եւ ցանկանում է օգնել: - Այս երկու տարին է, ինչ սկսել ես հետաքրքրվել “Ջեթրո Թալ” խմբով: - Մինչ այդ լսել եմ, ինչպես շատ խմբերի, որոնք ինձ հոգեհարազատ են: Բայց սովորություն ունեմ երբեք չխորանալ խմբերի պատմության մեջ: Երաժշտությունն է կարեւոր, ալբոմներն ու տեքստերը անգիր անել չեմ սիրում: Բայց քանի որ “Ջեթրո Թալը” գալու է, սկսեցի ալբոմներով լսել: Երբ մարդուն ճանաչում ես, հասկանում, ավելի հետաքրքիր է լինում ուսումնասիրելը, վերլուծելը, լսելը, քան wikipedia-ում կարդալը այդ մասին: Այն աստիճանի է հասել, որ ես հիմա միայն “Ջեթրո Թալ” եմ լսում: Zara “Քյարս մենակ մատներիս երկարելը չէր…” “Ջեթրո Թալ”-ին հանգիստ թողնենք, անցնենք “Դոգմա” ռոք-խմբին:): Խումբը ստեղծվել է 2008-ին Երեւանում: Հիմնադրել են բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը եւ կիթառահար Հենո Գրիգորյանը: Նրանք 1994-ից մինչեւ 2007 թվականը նվագել են MDP խմբում: Հետո նրանց են միանում Զառան ու թմբկահար Դերենիկ Վարդումյանը՝ Դերիկը, ու 2008-ի հունվարի 5-ին տեղի է ունենում “Դոգմայի” առաջին ելույթը Երեւանի տիկնիկային թատրոնում: 2009-ին էլ “Էթնիկ-մեթնիկ” անվամբ ձայնասկավառակ են թողարկել: Որպեսզի երկար-բարակ չպատմենք՝ քանի տարեկան է կամ երաժշտական կրթություն ունի “Դոգմայի” վոկալիստ Զառան, Bravo.am-ը առաջարկում է կարդալ՝ ինչ է խմբի կայքում գրում երգչուհին ինքն իր մասին: “Երբ ծնվեցի, իմ ծնունդն ընդունող մամայիս մորաքրոջ լեզուն կապ ընկավ իմ գեշությունից ու կապտությունից, մենակ կարողացավ մրմնջալ, որ աղջիկ ա, ինձ ճանկեց ու տարավ դուրս` մամայի աչքից հեռու: Երկար ու ձիգ ֆլան-ֆստան հետազոտության ենթարկելուց հետո համոզվեցին, որ իրենց ձեռքինը ոչ թե գորտ է, այլ` ես, ու բացի գեշությունից, ուրիշ ոչ մի արատ չունեմ: Չնայած, հետագայում մորաքույրն ամեն անգամ ինձ տեսնելիս ասում էր` “մաշալլահ, մաշալլահ, երեխան գնալով սիրունանում է”… Zara …Որոշեցին, որ քանի որ սլուխս տեղն է (դա, երեւի թե, հիշում եք, թե ինչի արդյունք էր), իրենց աղջիկը պետք է երաժիշտ դառնար… դաշնակահար… Բայց սեւ ու տրճե մատներս մամայի մոտ լավատեսական հույսեր չէին թողնում… գեշ… գեշ… էսքան էլ գեշ… Զոռով-շառով 7 տարին գնացի հիմնականում սոլֆեջիոյի, երաժշտական գրականության ու խոռի խաթեր: Դիպլոմը հիմա գուլպաներիս դարակում ննջում է, իսկ քյարս մեկը մնաց` մատներս երկարեցին, սիրունացան... ...6 տարեկանում շախմատ խաղացի` Արոնյանին չհաղթեցի: 12 տարեկանում ձի քշեցի` չընկա: 13 տարեկանում պարեցի` Ֆրանսիա չտարան: 14 տարեկանից բասկետբոլ խաղացի` չբոյովացա… 18 տարեկանում չափահաս էի` չհավատացին… (Ամեն ինչ եղավ սահուն ու ճիշտ ժամանակին...) …Հանդիպեցի Վարդանին… …Հանդիպեցի Հենոյին… …Հանդիպեցինք Դերիկին… …Սրտիս ուզածին հասա... …Հասկացա, որ քյարս մենակ մատներիս երկարելը չէր...”,- գրել է Զառան: Zara -Ի՞նչ դոգմա ունի “Դոգման”: - Բոլորն էլ դոգմաներ ունեն: Մեր դեպքում դոգման երաժշտությունն է, առաջնայինը: Այլ դոգմաներ գոյություն չունեն, բայց դոգմայի մերժումը ինքնին բերում է դոգմայի: Մտածող խումբ է, դրական, շատ լավ փիլիսոփայություն ունենք: Նույն էդ դոգմայի բացակայությունը կա մեր երգերի տեքստերում, երաժշտության մեջ, վոկալում, ամեն մեկս առանձին պատմություն է անում, բայց բերում ենք մի կետի: - Բնությու՞նն էլ դոգմաներ ունի: - Ես բնություն սիրող մարդ եմ, կենդանասեր, բնությունասեր, կանաչ: Հիմա դուրս եմ գալիս, կանաչ եմ տեսնում, ինձ համար մեծ հաճույք է. ամբողջ տարին սպասում եմ այդ կանաչը տեսնելուն: Արեւ եմ սիրում, մենակ արեւ: Zara - “Դոգմայի” երգերի բառերը դու՞ ես գրում: - Այո, մի երգ կա, որի բառերը մինչ իմ հայտնվելը գրել է Վիոլետ Գրիգորյանը: Կոչվում է “Հարս”: Շատ սիրուն, խուճուճ պատմություն է: Երգերի տեքստերը ոչ թե երկար եմ գրում, այլ հասկացվում են շատ երկար: Սկզբում երաժշտությունն է լինում, շաաաատ երկար սկսում եմ լսել, վերլուծել այն, եթե արհեստական մտքիս եկած բան է լինում, ոչ մի ձեւ չի տեղավորվում երաժշտության մեջ, երբ գալիս է պահը, գտնում եմ, ու իրենք այնքան սիրուն են հագնում իրար, ոնց որ այդ շորն իր համար էր կարված: - Ասում ես՝ արհեստական ոչինչ չես սիրում: Բարձրախո՞սն էլ է “չսիրելիներիդ” շարքում: - Բարձրախոս սիրում եմ: Այ ձայնագրման ընթացքն ինձ համար այդքան էլ հաճելի չէ: Բնականը կորում է այդ ամենի մեջ, շատ եմ տանջվել, որ ալբոմը լինի բնական, ինչպես կերգեմ բեմից: Լուսանկարվելուց էլ, եթե հատուկ պետք է կանգնեմ, ինձ համար դա դաժանություն է, շատ եմ սիրում համերգի ընթացքում արված նկարները. գիտեմ՝ որ լուսանկարում, ինչ երգ եմ երգել, հասկանում եմ իմ ապրումները այդ երգն երգելիս: - Էլ ի՞նչն ես արհեստական համարում: - Ասենք, արհեստական կաշվից կոշիկները լավն են: Եվ մնացած արհեստական կաշիներով իրերը: Արհեստական մարդկանց, ժպիտները չեմ սիրում: - Վերջին անգամ ե՞րբ ես արհեստական ժպտացել: - Ես միշտ եմ ժպտում, բայց չեմ սիրում հարկադրված ժպտալ: Zara - “Դոգմայի” առաջին “Էթնիկ-մեթնիկ” ձայնասկավառակի մասին էլ քիչ-միչ խոսի, ավարտենք զրույցը: - Մեր մեկ ու կես տարվա դաժան աշխատանքի արդյունքն է: Երկար որոշում էինք ձայնասկավառակի անունը, որ պետք է արտահայտեր այն, ինչ ներսում կա: Բառախաղ է՝ էթնիկի եւ մետալ բառի խառնուրդ: Մեր երաժշտության տեսակին անդրադառնալիս էլ բացատրելու դժվարություն ենք ունենում: Այն, ինչ նվագում ենք, դժվար է բացատրել: Էթնիկ պրոգրեսիվ մետալ խումբ ենք: Էթնիկությունը՝ հայկականությունը շատ ակնհայտ է մեր երգերում: - Ձեր երգերի բառերը սարկազմ են պարունակում: Ի՞նչն եք ծաղրում: - Ծաղրում ենք դոգմաները կամ ի ցույց ենք դնում դրանք: “Խոսքկապ” երգն ամբողջովին սարկազմ է: Խոսկապի արարողությունն ենք ծաղրում: “Աներես” գործն էլ՝ “Ես եմ աներես, դու ինձ չես դիմանում” խոսքերով, աներեսությունդ ընդունելու պահն ակնհայտորեն ընդգծված է երգում: Զույգերի պահով էլ մեկն աներեսություն է անում, բայց գիտի, որ ամեն ինչ ներվելու է, որովհետեւ դիմացինը սիրում է իրեն: Նոր ձայնասկավառակի հիմքը փորել ենք: Տեսահոլովակ նկարահանելու իմաստն ու կարեւորությունը չենք հասկանում, որովհետեւ կտրականապես դեմ ենք որեւէ տասնյակներում հայտնվելուն: Մեր համերգների ձայնագրություններն ավելի հետաքրքիր են, քան տեսահոլովակը: Բայց գուցե երկու ամսից մեր խմբի մասին կարճ ֆիլմային ֆորմատով տեսանյութ կլինի: Հիմա սցենարն է գրվում: - Հիմա հաստատ վերջին հարցն եմ տալիս: Ի՞նչ ես ուզում հիմա ասել Իէն Անդերսոնին: - Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Ինքը գիտի՝ ինչքան ուրախ եմ, ինչքան շնորհակալ: Անհամբեր, շատ անհամբեր սպասում եմ: Մի նորություն կա, որ հաստատված չի: Հենց անցյալ տարի էլ իր հետ տուրնեի մասնակցելու առաջարկ էի ստացել, չստացվեց գնալս: Գուցե հիմա ստացվի: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW