Ելույթների հերթականությունն այլեւս հայտնի է
Փետրվարի 11-ին տեղի ունեցավ “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլի վիճակահանությունը: Այն անցկացնելուն օգնեց “Վահագն” դհոլահարների անսամբլը: Մասնակիցները գալիս հարվածում էին դհոլներից մեկին, դհոլահարը սկսում էր նվագել, այդ ընթացքում վերցնում էին դհոլին ամրացված փոքրիկ պարկը եւ ուրախությամբ կամ տխրությամբ հայտնում իրենց ելույթի համարը:
Վիճակահանությանը ներկա էին “Եվրատեսիլի” “վետերաններ” Անդրեն, Հայկոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները: Անդրեն հաջողություն մաղթեց մասնակիցներին եւ նշեց, որ երկու տարի հետո գուցե նորից մասնակցելու ցանկություն ունենա: Արշակյան քույրերն ասացին, որ կարեւորը հանդիսատեսի գնահատականն է: Հայկոն էլ վիճակահանության վերջում երգ նվիրեց բոլորին: Դե Անահիտ Սիմոնյանն էլ հիացած հետեւում էր “նշանածի” ելույթին:
Եվ այսպես, 1-նը հնչելու է “Another Story” ռոք-խմբի “Այս ձմեռ” երգը:
Եվա Ռիվասը 9-րդն է ելույթ ունենալու: “Ես ուզում եմ ասեմ, որ էս ծիրանի կորիզը ինձ բերեց հաջողություն”,- հայերեն խոսեց Եվա Ռիվասը:
Նիկ Էգիբյանը 6-րդն է հանդես գալու: Նա սնապաշտ չէ:) : Էմմին եւ Միհրանը “Հեյ” են գոռալու 4-րդ համարի ներքո: Էմմին 8-րդն էր ցանկանում հանդես գալ, բայց այն բաժին ընկավ Ռազմիկ Ամյանին:
Ազգությամբ ֆին, բայց հայ ամուսնով եւ հայի ազգանունով Մարիա Քիզիրյանը 7-րդն է ելույթ ունենալու: “Բախտավոր համար է”,- ուրախացավ Մարիան:
19-ամյա Դավիթ Աշոտյանը “Infected Dreams” երգով 5-րդն ելույթ կունենա: Այն գրել է 4 ամիս առաջ հիվանդ վիճակում: Հետո հասկացել են, որ “եվրատեսիլյան” երգ է, ու որոշել փորձել ուժերը: Նրա համար հայաստանյան նախընտրական փուլն առաջին բեմելն է լինելու: “Ժյուրին ընտրեց լավագույն երգերը, չգիտեմ ոնց` ես էլ եմ այդ ցուցակում: Շատ ուրախ եմ նման տաղանդավոր երգիչների հետ հանդես գալ: Երգեր եմ գրում, ֆիլմերի սաունդտրեկեր: Երաժշտական կրթություն չունեմ: Մի օր երաժշտական գործիքների խանութի մոտով էինք անցնում, կիթառ ցանկացա գնել ու սկսեցի նվագել սովորել: Քանի որ առաջին անգամ եմ ելույթ ունենալու, հուզվում եմ”,- ասաց Դավիթը: Նա նշեց, որ արվեստի հետ սեր ունի. Գեղարղեստի ակադեմիայի նախապատրաստական դասընթացներին է հաճախում:
“Հուզվածություն չկա ընդհանրապես, շատ ուրախ եմ, որ տասնյակում եմ, ինձ համար ամենակարեւորն այն էր, որ մեր երկու մասից բաղկացած երգը` անգլերեն եւ հայերեն, հնչում է շատ հետաքրքիր, եւ հույս ունեմ, որ մարդկանց դա կուրախացնի: Մասնակիցներին էլ հաջողություն եմ ցանկանում”,- ասաց մասնակիցներից Անի Արզումանյանը:
Միհրանի հայրը` Կարո Կիրակոսյանն ասում է, որ ինքը Միհրանից շատ ավելի հուզված է: “Տղաս սովոր է այսպիսի վիճակներին, կողքից ավելի դժվար է այդ ամենը նայել: Եկել եմ, որ իմ խորհուրդներով օգտակար լինեմ Էմմիին եւ Միհրանին”,- ասաց նա:
Կարո Կիրակոսյանը ամբողջ օրը “Հեյ”-ն է լսում. “Դուրս գալիս է, որովհետեւ նորություն է: Ճիշտ է, ես տարիքով շատ ավելի մեծ եմ, ճաշակս տարբերվում է երիտասարդների ճաշակից, բայց վստահում եմ իրենց ճաշակին ու հասկանում եմ, որ այսօր պետք է անպայման լինի նման երաժշտություն, որ գրավի երիտասարդությանը”:
Ի դեպ, Միհրանի հայրն է տարիներ առաջ ստեղծել “Արայի Դանս Շոու” պարային համույթը, որ 20 տարի առաջ ժամանակակից պարային համարներ էր ներկայացնում: Կարո Կիրակոսյանը “Մեծ պատմություն փոքր քաղաքում” ֆիլմի պրոդյուսերն է:
Հիշեցնենք. որ փետրվարի 14-ին ժամը 21.30-ին Հ1-ի ուղիղ եթերում կկայանա “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլը: Համերգի օրը ժյուրիի եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի այն մասնակիցը, ով Հայաստանը կներկայացնի “Եվրատեսիլ-2010”-ին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
11,044






