“Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա”
Մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կկայանան ռոքի կենդանի լեգենդ Իէն Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնց ընթացքում կկատարվեն Deep Purple խմբի ամենահայտնի հիթերը:
Այդ համերգների ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի գերմանացի անվանի դիրիժոր Ֆրիդեման Ռիլեն, ով արդեն երկար տարիներ համագործակցում է Իէն Գիլանի հետ:
“Օրեր” համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը Պրահայում զրուցել է Ֆրիդեման Ռիլեի հետ եւ տրամադրել է հարցազրույցը Bravo.am-ին:
Ֆրիդեման Ռիլեն ծնվել է գերմանական Շտուտգարտում, երաժշտական կրթությունը ստացել է Նյուրնբերգում եւ Վիենայում, ուր եւ հաստատվել է: 1992 թվականից աշխատել է Պրահայի ազգային օպերայում, հետագայում ամուսնացել է չեխ կնոջ հետ եւ տեղափոխվել Պրահա: 1995 թվականին նա իր համախոհների հետ հիմնադրել է Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Ռիլեն ղեկավարել է ոչ միայն Չեխիայի, այլեւ Եվրոպայի ու Ասիայի ամենահայտնի նվագախմբերը:
- Արդեն տասը տարի է` աշխատում եմ ռոք-նախագծերում եւ այնպիսի հանրահայտ խմբերի հետ, ինչպիսիք են Deep Purple-ը, Pink Floyd-ը, Led Zeppelin-ը եւ այլն:
2001-ին Պրահայի Սմետանայի անվան դահլիճում ներկայացրեցի իմ առաջին ռոքային սիմֆոնիկ համերգը: Դրան հետեւեց Պրահայում մեր հանդիպումը Իէն Գիլանի հետ, եւ նա ինձ առաջարկեց համատեղ հանդես գալ: Այդ օրվանից նման մոտ 20 համերգ եմ ղեկավարել, այդ թվում` Պրահայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Իսլանդիայում եւ այլն: Անցած դեկտեմբերին մենք համերգներ ունեցանք Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: Հենց այդ ժամանակ իմացա, որ մարտի վերջին համերգներ ունենք նաեւ Երեւանում, ինչի համար ես շատ ուրախ եմ, հատկապես, որ դրանք բարեգործական բնույթ պետք է կրեն:
- Ի՞նչ ծրագիր է նախատեսված երեւանյան համերգների համար:
- Հիմնականում կլինեն Deep Purple խմբի ամենահայտնի հիթերը: Ոոքի եւ սիմֆոնիկ երաժշտության համադրումը շատ հետաքրքիր է: 19-րդ դարում սիմֆոնիկ երաժշտությունն էր հնչում, 20-րդ դարում էլեկտրական կիթառը մտավ, սկսվեց ռոք երաժշտության հաղթարշավը, իսկ հիմա ռոք երաժշտության միջոցով նոր շունչ է հաղորդվում սիմֆոնիկ երաժշտությանը, նաեւ մեծ հնչեղություն է տրվում սիմֆոնիկ գործերին: Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա:
- Ձեր նվագախումբը նո՞ւյնպես հանդես է գալիս նման կատարումներով:
- Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնականում կատարում է ձայնագրություններ Հոլիվուդի տարբեր նախագծերի համար: Տարեկան մոտ 200 ձայնագրություն ենք կատարում: Երբեմն հանդես ենք գալիս Գերմանիայում կամ այլ երկրներում:
-Դուք երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:
- Ոչ, չեմ եղել: Հայաստանի ֆիլհարմոնիկին չեմ լսել, բայց հիմա պետք է որոշ ձայնագրությունների ծանոթանամ: Թեեւ ընդամենը 1-2 օր կունենանք փորձերի համար, վստահ եմ, որ մեր համատեղ համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ լավ կանցնեն:
Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները կկայանան մարտի 26-ին եւ 27-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում:
Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ ռոքի այլ աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:
Համերգների տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում, այն աշխատում է ամեն օր, ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ը: Տոմսերի արժեքն է. 10, 15, 20 եւ 25 հազար դրամ:
Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիափոխադրողը` bmi ընկերությունը:
Հարցազրույցը` Հակոբ Ասատրյանի, “Օրեր” ամսագիր


×
3,089






