Նորաբաց կենտրոնը հրավիրում է գինի համտեսելու :)
Դեկտեմբերից սկսած ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է գինի համտեսելու: :)
Առաջին միջոցառումը դեկտեմբերի 3-ին էր, այդ օրը ներկայացված էին ֆրանսիական գինիներ Բորդո շրջանից: Բորդոն աշխարհում գինի արտադրող համենահայտնի շրջաններից է, որտեղ տարեկան արտադրվում է շուրջ 850 միլիոն շիշ գինի: Ներկայացված էին նաեւ Բորդոյից 24 կմ հյուսիս գտնվող Մարգո շրջանի գինիները, որոնք հիմնականում պատրաստվում են կաբարնե-սավինյոնի խաղողից:
Bravo.am-ի հետ զրույցում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Աննա Դիրեյը ասաց, որ նպատակը մարդկանց հետաքրքիր ժամանցի ապահովումն է. “Այստեղ կարող եք գինի վայելել, հանգստանալ եւ լսել լավ երաժշտություն”: :)
Ի դեպ, գինի համտեսելուց բացի Գաֆէսճեան կենտրոնն իր հյուրերին ներկայացրեց նաեւ կենդանի կատարումներ “Բիթլզ”-ի երգացանկից:
Երեկոյի երաժշտական մասն ապահովում էին Արսեն Ներսիսյանն իր նվագախումբով եւ Անի Արզումանյանը: ““Բիթլզ” եւ ֆրանսիական գինի… հրաշալի համադրություն է :)”,- ասաց միջոցաման հյուրերից Արսենը:
Համտեսման համար ներկայացված էր երեք տեսակի կարմիր գինի: Առաջինը Բորդո շրջանի Beau-Rivage (Borie Manoux) գինեգործարանի կարմիր գինին էր` հասած հատապտուղների, մայրու, սեւ գիլասի թունդ խարնուրդը:
Հաջորդը`Chateau German գործարանի 2001 թ-ի գինին էր` հաղարջի, չորացրած սեւ մրգերի եւ համեմունքների խարնուրդը, որը մատուցվեց մսային ուտեստների հետ:
Երրորդը Մարգո շրջանից 2002 թ-ի կարմիր գինի էր, որն արտադրվում է Chateau Durfort-Vivens գործարանում: Սա բացառիկ բուրումնավետ համերի ամբողջություն է, որը համադրում է համեմավոր եւ կծու, կապույտ հաղարջի եւ արքայամորու բույրերը:
“Գինին աստվածային ըմպելիք է, այն պետք է վայելել”,- ասաց գինու մեծ սիրահար Արնոլդը:
Իսկ 28-ամյա Հայկն ավելացրեց. “Սիրում ենք, բայց չափի մեջ ենք օգտագործում”: :)
Հիշեցնենք, որ գինի համտեսել ցանկացողները հաջորդ անգամ կարող են այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն արդեն 2010 թ-ի հունվարի առաջին հինգշաբթի օրը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


×
8,099






