×


Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

“Գոհարիկ, Գոգա, Գոգ, Գոգի, Գոգիկ եւ այլն...” :) Հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանին ներկայացնելու առանձնակի անհրաժեշտություն չկա: Արդեն տասը տարուց ավել է` Հ1-ի եթերում տեսնում ենք Գոհարիկին: Բայց ո՞վ  է նա էկրանից այն կողմ... հենց դա էլ փորձեց պարզել Bravo.am-ը Գոհարի հետ բացառիկ զրույցի միջոցով: :) Gohar Gasparyan Գոհարիկը ծնվել է զինվորականի ընտանիքում. “Հայրս զինվորական է, մայրս` ֆրանսերենի ուսուցչուհի”: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: 12 տարեկանից թղթակցել է “3-րդ ալիք”-ի մանկապատանեկան խմբագրությանը: Դպրոցն ավարտելով` ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը: Երրորդ կուրսում որպես մասնագիտական ուղղություն ընտրել է Միջազգային ժուռնալիստիկան: Դրան զուգահեռ սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետին կից Ժուռնալիստիկայի  հայկական դպրոցում: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր դասավանդում է “Հեռուստատեսության  առանձնահատկությունները” առարկան: - Նախ, ինչպե՞ս ես ցանկանում, որ քեզ դիմեն` Գոհար Գասպարյան, թե՞  Գոհարիկ: -Ես որեւէ սահմանափակում չեմ դնում այդ հարցում. ''իկ''-ը ինձ համար միանգամայն սովորական է: Բացի Գոհարիկից ընկերներս ինձ ասում են նաեւ Գոգա, Գոգ, Գոգի, Գոգիկ եւ այլն:) : - Քեզ թեթեւ՞ մարդ ես համարում: - Կյանքը չեմ սիրում բարդացնել: Ոչնչից վատ չեմ զգում եւ անիմաստ բաների մասին չեմ մտածում` ինչու սա այսպես ասեցի կամ հակառակը: Եվ չեմ էլ փորձում շրջապատիս նման տրամադրությամբ վարակել: Gohar Gasparyan - Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է քեզ մոտ տրամադրության անկում առաջացնել: - Անորոշությունը: Չեմ սիրում, երբ անորոշության մեջ եմ ընկնում: Բայց նման դեպքերում էլ չեմ խմում, որ տրամադրությունս բարձրանա (ծիծաղում է): :) - Ինչո՞վ է այսօր զբաղված Գոհարիկը: - Այսօր ես ստեղծագործական բուռն գործունեության մեջ եմ: Ինձ մոտ անընդհատ նորանոր մտքեր են առաջանում, համակարգչիս մեջ էլ նոր ծրագրեր կան գրված: Միջազգային մակարդակի եւ շատ հետաքրքիր հեղինակային հաղորդում ունենք ես եւ Դինան, որն ինչ-ինչ պատճառներով դեռ եթեր չի հեռարձակվում: Gohar Gasparyan - Եթերի մասին կխոսե՞ս: - Ցավոք, այսօր մեր հեռուստաեթերն ողողված է անիմաստ սերիալներով, որոնք մեկը մյուսին հաջորդելով` խլում են ողջ եթերաժամը եւ դասվում ''վարկանշային հաղորդումներ''-ի թվին: - Սերիալում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ ես: - Տարբեր հեռուստաընկերությունների կողմից առաջարկներ եմ ստացել, բայց բազմիցս ասել եմ, որ չեմ նկարահանվի սերիալներում: Ես Գոհարիկն եմ, հաղորդավար եմ. չեմ կարող այլ անվան ու կերպարի տակ հանդես գալ: Միգուցե նկարահանվեմ ֆիլմի այնպիսի տեսարանում, որտեղ հանդես կգամ որպես Գոհար Գասպարյան, բայց փոքրիկ էպիզոդում, որտեղ կլինեմ այն, ինչ իրականում կամ: Երբ հաղորդավարը կամ այլ մասնագետ անում է այլ գործ, որն իրենը չէ, բացը զգացվում է: Նույնն է, երբ դերասանը կամ երգիչը հաղորդավարությամբ է զբաղվում: Gohar Gasparyan - Ինչո՞ւ չես մասնակցում ''2 աստղ''-ին: - Այն շատ ժամանակ եւ էներգիա է պահանջում` փոխարենը ոչինչ չտալով: Բացի այդ, ես ինձ թույլ չեմ տա, կրելով մեր ազգի ամենանշանավոր երգչուհիներից մեկի` Գոհար Գասպարյանի անուն-ազգանունը, բեմ բարձրանալ եւ վատ երգել: - Վատ երգելու մասին. հայկական էստրադայում աստղեր տեսնու՞մ ես: - Ըըը (մտածում է): Եթե մեկի անունը տամ, մյուսները կնեղանան: Բայց եթե համաշխարհային աստղերի հետ համեմատենք, մեզ մոտ կլինեն ''համայնքային'' աստղեր: Gohar Gasparyan - Ամեն դեպքում, ու՞մ երգերն ես լսում: - Կարծում եմ, նրանք, ովքեր կարողանում են ճեղքել միջազգային օղակը, բավական հաջողված երգիչներ են: Լսում եմ Հայկոյի, Սիրուշոյի երգերը. դրանք ճաշակով են:) : - Ճաշակի մասին. կա՞ն ոճաբաններ, որոնց հետ համագործակցում ես: - Վերջերս` ''Եվրատեսիլ''-ի նախընտրական փուլի ժամանակ, համագործակցեցի Ֆաինա Հարությունյանի հետ,  ու հետաքրքիր է, որ նախքան նրա հետ խոսելը ընկերուհուս ասացի` ինչ եմ ուզում, հետո նույնը Ֆաինան ինձ առաջարկեց: Փաստորեն, մենք ակամա նույն բանն էինք մտածել, ինչը, կարծում եմ, գեղեցիկ ստացվեց: Համագործակցում եմ նաեւ Արեւիկ Սիմոնյանի հետ (Top 2009-ի զգեստը): Իմ վարսահարդարումն ես վստահում եմ Լուսինե Նահապետյանին, իսկ դիմահարդարմամբ զբաղվում է Ալբինա Ավետիսյանը: Gohar Gasparyan - Գեղեցկուհի Գոհարիկի սիրտը զբաղվա՞ծ է: - Հիմա ոչ: Իմ սիրտն ազատ ու երջանիկ ստեղծագործում է: Աշխատանքի բերումով շատ եմ շփվում տղամարդկանց հետ, բայց դա զուտ գործնական, ընկերական շփում է: Երբեմն թյուրիմացաբար ինձ շնորհավորել են այս կամ այն մարդու հետ «նշանադրության» կապակցությամբ, սակայն նման բան չկա: - Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, ով կգրավի քո սիրտը: - Նա պետք է արագ մտածի, երբ տղամարդը սկսում է դանդաղ մտածել, ես նյարդայնանում եմ: Պետք է ուժեղ ու պայծառ լինի: Gohar Gasparyan - Կա՞ քո շրջապատում այսօր նման մարդ, ով հավանական թեկնածու է: - Նման մեկին դեռ չեմ գտել, բայց երկրպագուների պակաս չունեմ: :) - Ինչպե՞ս ես դրան վերաբերվում: - Միանգամայն բնական. այն օգնում է, որ հետեւես քո տեսքին, քեզ կին զգաս ու իմանաս, որ սիրված ես: - Իսկ դու երբեւէ սիրե՞լ ես: - Այո, բայց դրա մասին հետո կխոսեմ, երբ ընտանիք կունենամ, կպատմեմ իմ առաջին սիրո մասին:) : Gohar Gasparyan - Ընտանիքի ի՞նչ ''մոդել'' ես նախընտրում: - Ինձ համար ընդունելի է այն մոդելը, որն առկա է մեր ընտանիքում. բոլոր անդամների կարծիքներն ընդունվում են եւ հավասար իրավունքներ կան, բայց տղամարդը մի փոքր բարձր է: - Ծնողներիցդ ստացած դաստիարակության մասին ի՞նչ կասես: - Մեր ընտանիքը շատ ավանդապահ է, բայց ծնողներս ինձ վստահում են, նրանք ինձ հասկացել ու ճիշտ ուղղություն են ցույց տվել: Եթե ես այսօր վարում եմ ''Եվրատեսիլ''-ի մրցութային համերգը եւ ուշ կվերադառնամ տուն, նրանք ինձ համար հանգիստ են. ես ապահով եմ: Բայց երբ ընկերներիս հետ եմ, 23.00-ից ուշ տուն գնալ չկա: Gohar Gasparyan - Ովքե՞ր են քո ընկերները: - Գիտեք, ինձ հաճախ են հարցնում` «ո՞նց ես այս կամ այն մարդու հետ ընկերություն անում»: Ես շատ հետաքրքրասեր եմ. շփվում եմ տարբեր մարդկանց հետ, անկախ նրանից` նրանք ճաշակով են, թե անճաշակ, Երեւանից, թե մարզերից: Ես ինձ կայացած մարդ եմ համարում, ես Գոհար Գասպարյանն եմ եւ, շփվելով այս կամ այն մարդու հետ, չեմ ընդօրինակի նրա բնավորության այս կամ այն գիծը: Հետեւաբար, տարբեր մարդիկ կարող են լինել իմ լավ ընկերները: - Ի՞նչ հարաբերությունների մեջ ես ուսանողներիդ հետ: - Շատ լավ: Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ լավ արդյունքի հասնենք, եւ դա, կարծում եմ, տալիս է իր պտուղները. վերջերս հանդիպում ունեցանք Արթուր Աբրահամի հետ, ով հիացած էր ուսանողների հարցերով: :) Gohar Gasparyan - Կարողանու՞մ ես գիտելիքներդ ամբողջությամբ փոխանցել նրանց: - Փորձում եմ: Ցավոք, ժամանակը շատ քիչ է: Հիմնականում աշխատում եմ ոչ թե տեսական, այլ պրակտիկ գիտելիքներ փոխանցել նրանց: Հետագայում հնարավոր է ունենամ սեփական դպրոց` Գոհար Գասպարյանի անվան հաղորդավարության դպրոց, որը կսովորեցնի մարդկանց, ինչպես իրենց պահեն տեսախցիկի առջեւ: - Սեփական գործից խոսեցիր. ունե՞ս քո բիզնեսը: - Հիմա ես եւ ընկերուհիներս պատրաստվում ենք բացել մի ընկերություն, որը կկազմակերպի տարբեր միջոցառումներ: Այս մասին ավելի մանրամասն կասեմ մարտի 9-ին, երբ տեղի կունենա մեր ընկերության կազմակերպած առաջին միջոցառումը:) : - Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ աղջիկներին: - Հատկապես դուք, երիտասարդ աղջիկներ, եթե պարապ եք, ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտեք, դուրս եկեք տանից եւ զերծ մնացեք հարեւանների հետ անընդհատ սուրճ խմելուց ու բամբասելուց: Պարապ մարդուց ավելի վտանգավոր հանցագործ չկա: :) Հետեւեք Bravo.am-ին եւ շատ շուտով կիմանաք, թե ինչ բիզնես է հիմնել Գոհարիկը: Զրուցեց` Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Հովհաննես Հովհաննիսյանի եւ Եղիա Ներսեսյանի: Տրամադրել է Գոհար Գասպարյանը հատուկ Bravo.am-ի համար

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport