×


Գոռ Մխիթարյան

Գոռ Մխիթարյան

Հայտնի երաժիշտը Լոս-Անջելեսում հայկականն է քարոզում “Քնից թանկ բան չկա կյանքում”… Այս բառերի ներքո արթնանում էի առավոտյան այնքան թանկ քնից ու սիրված հնչյունների ներքո ուղղվում համալսարան: 90-ականների կեսին վանաձորյան “Լավ էլի” ռոք-խումբը հայտնվեց մեր կյանքում հանկարծակի եւ նույնքան հանկարծակի անհետացավ` այն տարիներին մատուցելով մեզ այնքան անհրաժեշտ լավ տրամադրություն: Խմբի գործունեությունը դադարեց, երբ խմբի անդամները որոշեցին զբաղվել անհատական գործունեությամբ: “Լավ էլի”-ի համահիմնադիր Գոռ Մխիթարյանին լսել էի միայն հայաստանյան ռադիոեթերում, եւ տասնամյակ անց հանդիպումս ռոք-երաժիշտի հետ տեղի ունեցավ Լոս-Անջելեսում: Գոռ Մխիթարյան Ամերիկա Նյու Յորք, անպարկեշտություն, Նյու Յորք, իմ համեստությունն ավանդական, Որ կարված չէր քո չափսով գիգանտական, Ես թողնում եմ քեզ առանց ափսոսանք… Գոռն արդեն յոթ տարի բնակվում է Միացյալ Նահանգներում: Փնտրտուքի, բացահայտումների տարիներն արտահայտվել են Գոռի ստեղծագործություններում, որոնց արդյունքում ստեղծվել են յոթ ձայնասկավառակները… “Փորձում եմ որեւէ շրջանակի մեջ չտեղավորվել եւ ազատ լինել ոճերի ընտրության հարցում: Նվագում եմ արեւմտյան երաժշտություն: Շատ հոգեհարազատ է նաեւ էթնոյի էլեմենտը: Նախավերջին իմ ալբոմը, որ կոչվում էր “Ակուստիկ ֆոլկլոր”, ամբողջությամբ ֆոլկլորի վրա հիմնված մշակումներ են, բայց արեւմտյան ափսեի մեջ: Փորձում եմ հայկականը ներկայացնել արեւմտյան փաթեթավորմամբ”,- պատմում է Գոռը: Նա համաձայն է նաեւ, երբ իր երաժշտությունը համարում են պոստդեպրեսիոնիստական: Երգերի հիմնական մասի խոսքերի ու երաժշտության հեղինակը Գոռն է: “Երգ ստեղծելը ծանր աշխատանք է: Փորձում եմ գրել բարձրորակ երաժշտություն ամեն ինչի մասին: Ցանկացած պահի կարող է ստեղծվել երգը, որտեղ կա սեր, ցավ, ուրախություն: Կարեւորն անկեղծությունն է”,- խոստովանում է երաժիշտը: Գոռ Մխիթարյան “Հոգի” Գոռ Մխիթարյանի վերջին ձայնասկավառակը` “Հոգին” յուրահատուկ նախագիծ է` իրականացված հայ եկեղեցու հետ. “Հայր Մեր” տերունական աղոթքի կատարումը միայն ակուստիկ կիթառով, Նահապետ Քուչակի հայրենները ֆանկ-ռոք ոճում: “Վաղուց էի մտածում նման ձայնասկավառակ ստեղծելու մասին` հայկական հոգեւոր երաժշտությունը ներկայացնել ժամանակակից ոճում, առավել մատչելի նոր սերնդին: Կարծում եմ, խնդիր ունենք` շատ քարացած ենք, չենք քայլում ժամանակին համընթաց եւ դրանով է նաեւ պայմանավորված երիտասարդների կտրվածությունը արմատներից` թե եկեղեցուց, թե մշակույթից”, - նշում է Գոռ Մխիթարյանը: Գոռ Մխիթարյան “Հոգի” ձայնասկավառակում ներառված են նաեւ հեղինակային հոգեւոր երգեր հարվածային գործիքների եւ կիթառի նվագակցությամբ: Այսպես է Գոռ Մխիթարյանը փորձում քարոզել հայկականը Հայաստանից դուրս` մասնակիցը դառնալով օտար ափերում ազգային ինքնության պահպանման կարեւոր գործին: Ազգային երաժշտություն “Կոմիտասը մի խոսք ունի, ասում է` «Երաժշտությունը ազգի հայելին է»: Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է: Այսօր հայերի ճնշող մեծամասնությունը լսում է արեւելյան ոչ որակյալ, էժանագին երաժշտություն, եւ ոչ միայն հարսանիքների ժամանակ` այլ մեծ բեմերում, իրենց ամենօրյա կենցաղում: Կարիք չկա, որ թուրքերը երկրորդ անգամ սրով ցեղասպանություն իրականացնեն, այս պահին մենք երկրորդ` “սպիտակ” մշակութային ցեղասպանության զոհն ենք դառնում: Այս տեմպերով շարժվելու դեպքում մենք ընդամենը հարյուր տարի հետո կկորցնենք մեր ազգային ինքնությունը”,- մտահոգված է Գոռը: “Պետք է ունենանք հստակ ազգային գաղափարախոսություն եւ դա պետք է իրականացնենք հետեւողականորեն, առնվազն մի քանի տասնամյակում, եթե ցանկանում ենք ինչ-որ բան փոխել: Ազգային մշակութային ռազմավարություն պետք է ընդունվի, պետք է քաջալերվեն դասական երաժիշտները, ժողովրդական ոճում ստեղծագործողները, այլընտրանք պետք է լինի եւ լինի մեծ պետական հովանավորություն”,- իր լուծումն է առաջարկում Գոռ Մխիթարյանը: Մշակութային վերածնունդ “Մշակութային վերածնունդը սկսվում է նրանից, որ մեր երեխաներին պետք է լավ որակի երաժշտություն մատուցենք, հայկական բարձրորակ երաժշտություն, որն իրականում կա: Ինքս մատուցում եմ այլընտրանք, որ չասեն, թե ազգը միայն “վեց-ութ” ունի, այլ նաեւ արեւմտյան ռոքի կամ ջազի ազդեցության կրողն է: Մենք շատ հաճախ ասում ենք, որ գտնվում ենք Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, սակայն իրականում մենք խաչմերուկում չենք, այլ միայն Արեւելքից վերցրել ենք նրանց միայն ամենաէժանագինը, ամենաբացասականը եւ դարձրել մեր զանգվածային մշակույթը”,- ասում է երաժիշտը: Գոռ Մխիթարյան Հայաստանյան ռոք “Ուրախությամբ պետք է նկատեմ, որ Հայաստանում լավ ռոք երաժշտություն ստեղծելու փորձեր արվում են, սակայն կարծում եմ` շարժումը շատ դանդաղ է”,- նկատում է Գոռը եւ առաջարկում չմեկուսանալ, չսահմանափակվել, այլ ընթացքն արագացնել` հետեւելով համաշխարհային զարգացումներին: “Չգիտեմ` ինչու ենք մենք հարմարավետ զգում մեզ արեւելյան տուփի մեջ, ինչը թերեւս բնական է` հաշվի առնելով մեր հարեւաններին: Եվ մենք մի հսկայական մաս վերցրել ենք հենց արեւելյան մշակույթից”: Գոռ Մխիթարյանը հայ երաժիշտներին խորհուրդ է տալիս շատ լսել արեւմտյան բարձրորակ երաժշտություն եւ փորձել առաջնորդվել նաեւ արեւմտյան մշակութային արժեքներով: Երաժշտական դեսպան “Չկա մի օր, որ չմտածեմ Հայաստանի մասին, նաեւ ամբողջ ընտանիքս է այնտեղ բնակվում: Հայաստանը կարեւոր տեղ է զբաղեցնում իմ կյանքում, եւ այստեղ փորձում եմ լավագույնս ներկայանալ ու ներկայացնել հայրենիքս: Ամերիկայում շատ հաճախ է պատահում, որ չեն ճանաչում Հայաստանը, եւ ես փորձում եմ իմ մասնաբաժինն ունենալ հայի կերպարի ներկայացման գործում»: Գոռը ստեղծագործում է հիմնականում հայ ունկնդրի համար, թեեւ ունի նաեւ անգլալեզու ձայնասկավառակ: Այստեղ շատ հաճախ հենց Գոռի երգերով են ճանաչում հայկական երաժշտությունը: Կատարելության ճանապարհին Գոռ Մխիթարյանի ստեղծագործական հաջորդ փուլը խոստանում է լինել առավել Սիրով լի: “Շատ ոգեւորված ժամանակաշրջան եմ ապրում` նոր եմ ամուսնացել սիրած էակիս հետ, եւ այժմ իմ կյանքում սիրո կոնցեպցիայի գագաթնակետն է: Նորածին աղջիկս ամբողջացնում եւ կատարյալ է դարձնում Սերը”: Վերադարձ Հայապահպանման միակ միջոց Գոռը համարում է վերադարձը Հայաստան: “Ամերիկյան համակարգը նման է մի մսաղացի, որ վաղ թե ուշ բոլորին կլանում է: Լավագույն լուծումը պետական մակարդակով հայրենադարձության իրականացումն է”,- համոզված է Գոռը, նշելով, որ ինքն էլ պատրաստվում է մի օր վերադառնալ հայրենիք: Մինչ վերջնական վերադարձը Գոռը ցանկանում է Հայաստանում ներկայացնել իր վերջին` “Հոգի” ձայնասկավառակը: “Այն առանձնահատուկ տեղ է գրավում իմ կյանքում, եւ կցանակայի հայաստանյան ունկդրին հասցնել իմ նոր երգերը”: Հարցազրույցը` Նանե Ավագյանի /ԱՄՆ-ում Bravo.am-ի սեփ. թղթակից/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին