Bravo.am-ը հետեւել է “Հատիս” երգի տեսահոլովակի նկարահանումներին
Հայաստանն անկախությունից հետո առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 12-ին մեկնարկած Եվրոգավաթի 2009-2010թթ. խաղարկությանը: ԽՍՀՄ տարիներին մեծ հաջողություն ունեցած “Հատիսը” 2009-ի գարնանն է “վերակենդանացել”: Կանանց բասկետբոլային թիմը մարտական է տրամադրված: 16 բասկետբոլիստուհիներին ոգեշնչում է ակումբի հիմնը: :)
“Հատիս” երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակն երգահան Ռիչարդ Մադլենյանն է: Գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է: “Հաղթանակը քոնն է: “Հատիս”, միշտ առաջ”,- երգում են Ռազմիկ Ամյանը, Արամեն, Արամոն, Ռիչարդ Մադլենյանը եւ Ավո Խալաթյանը:
Մոտ երկու ամիս առաջ Ռիչարդ Մադլենյանը առաջարկ ստացավ “Հատիս” ակումբի հիմնը գրել ու մեծ սիրով համաձայնեց: “Հիմնը իր երաժշտական ձեւաչափով տարբեր է, դասական ոճի մեջ է գրվում: Իսկ սա ակումբային, ոգեւորող, ոգեշնչող երգ է, որ մեծ սիրով կատարեցինք: Երբ երգիչներն իմացան, որ ազգային նախագիծ է, առանց նախապայմանի միացան մեզ: Կապվել ենք ակումբին, դարձել նրա անդամը: Ինձ թվում է` աղջիկներին կոգեւորի այս երաժշտությունը”,- ասում է երգահան Ռիչարդ Մադլենյանը:
Նոյեմբերի 15-ին “Միկա” մարզահամալիրի դահլիճում “Հատիսի” բասկետբոլիստուհիները հագել էին ակումբի ուրախ, պայծառ գույներով նոր մարզահագուստը եւ պատրաստվում էին մրցել Ռազմիկ Ամյանի, Արամեի, Ռիչարդ Մադլենյանի, Ավո Խալաթյանի հետ :): Արամոն հարգելի պատճառով տեսահոլովակի նկարահանումներին չմասնակցեց:
“Նարնջագույն գնդակը հետ կբերի հաղթանակը, / մենք չունենք նահանջ /, “Հատիս”, միշտ առաջ, առաջ”,- ոգեւորում էին երգիչները բասկետբոլիստուհիներին: “Մագա Դանս” պարային խմբի աղջիկներն իրենց պարերով թեժացնում էին մարզական համալիրում տիրող մթնոլորտը: Նկարահանումներին ներկա երկրպագուներն երգիչներին հավասար երգում էին հիմնը:):
“Ես բոլոր մարզաձեւերը սիրում եմ, բայց ժամանակ չունեմ զբաղվելու: Նկարահանումների ժամանակ ընդամենը տասը րոպե վազեցինք, եւ չորսիցս ոչինչ չմնաց, ուժասպառ ընկանք”,- անկեղծացավ Ռիչարդ Մադլենյանը:
Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նաեւ “Հատիսի” հանրային կապերի տնօրենն է: “Իմացա, որ ընկերներս նախաձեռնել են “Հատիսի” վերականգնումը, այն հանրությանը հայտնի դարձնելու խնդիր կար, եւ ես մեծ ուրախությամբ համաձայնեցի օգնել: Որոշվեց, որ “Հատիսը” պետք է ունենա հիմն, ու դիմեցինք մեր մյուս ընկերոջը, տաղանդավոր երգահան Ռիչարդ Մադլենյանին: Առանց վախի կարող եմ ասել, նա ստեղծեց այս հրաշալի երգը, որ ուժ, հաղթանակ է ներշնչում, մարդկանց սրտերում սպորտի հանդեպ սեր եւ ոգեւորություն է սերմանում: Էնտուզիազմ կա բոլորիս մեջ, ձգտում ենք այնպես անել, որ հայկական սպորտը ու հայկական մշակույթը միասին մեծ գործեր սստեղծեն”,- ասաց Արտյոմ Հակոբյանը:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ տեսահոլովակում սիմվոլիկ կադրեր են լինելու. փողոցով քայլող կոստյումներով երգիչները բասկետբոլի գնդակով են լինելու. “Երգային կադրեր չեն, այլ խորհրդանշում են, որ երկրպագում ենք “Հատիս”-ին”:
Երգիչները “դուխ” են տալիս “Հատիս”-ին
Ավո Խալաթյանը համարյա բոլոր սպորտաձեւերով զբաղվել է, այդ թվում` բասկետբոլով: “Շատ եմ սիրում բասկետբոլը, “Հատիսը” ինձ հարազատ է դեռ մանկուց: Նույնիսկ նկար ունեմ բասկետբոլիստուհի Լյուբով Ալեքսանդրովայի հետ: Շատ ոգեւորվեցի, երբ իմացա` թիմը վերականգնվում է: Մեծ հաճույքով երգեցի ու մասնակցեցի տեսահոլովակի նկարահանումներին: Աղջիկները շատ լավն են, թիմի կողքին եմ, խաղերը դիտում եմ, բրավո (Bravo.am) :) մեր աղջիկներին, բոյով, սիրուն աղջիկներ ունենք: Մեծ հաջողություններ եմ մաղթում: Նոյեմբերի 19-ին էլ անպայման գալու եմ խաղը դիտելու”,- ասաց դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Ի դեպ, Ավոն “Հատիսի” դեմ խաղի ընթացքում հաջողացրեց գնդակը ցանցի մեջ գցել: :)
Արամեն էլ դպրոցում բասկետբոլի թիմի ավագ է եղել: “Ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, բայց միշտ զբաղվել եմ այս սպորտաձեւով: Ամենակարեւորը` աղջիկները թող դուխով լինեն, մենք իրենց կողքին ենք, երկրպագելու ենք: Այսօր էլ շատ հետաքրքիր էր, վաղուց չէի խաղացել, աղջիկները շատ պինդ են, նույնիսկ մեզ վնասեցին մի քիչ: Արժանի են հաղթանակի”,- ասում է երգիչ Արամեն:
Ռազմիկ Ամյանն էլ նշեց` իրենց նպատակն է, որ աղջիկները հաղթեն: “Ցանցերի հետ կապված ցանկացած խաղ սիրում եմ` բասկետբոլ, բիլիարդ… Ամենակարեւորը` աղջիկներին հաղթանակ եմ ցանկանում: Շատ հաճելի է, որ ես էլ եմ ներգրավված այս նախագծում”,- ասում է երգիչը:
“Հատիս” կանանց թիմը` Իվա Սերդար /Խորվաթիա/, Նատիա Աբուկաձե /Վրաստան/, Աննա Պոկոյովա, Աննա Զարիցկինա /Ուկրաինա/, Ջուլիան Վիանի /ԱՄՆ/, Տաթեւիկ Ալեքսանյան, Սաթենիկ Մարտիրոսյան /Հայաստան/ մարզում է Վրաստանից հրավիրված Գեորգի Ղազանչյանը: Գլխավոր մարզիչը հավատացնում է, որ թիմը պատշաճ կերպով կներկայանա, իսկ արդյունքները պարզ կլինեն ընթացում:
Երեւանում “Հատիսի” մասնակցությամբ առաջին միջազգային խաղը կանցկացվի նոյեմբերի 19-ին “Միկա” մարզահամալիրում: Հատիսը մրցելու է Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի “Չեւակատա” թիմի հետ: Կազմակերպիչները խոստանում եմ տեսահոլովակի պրեմիերան խաղից կես ժամ առաջ ներկայացնել երկրպագուներին:
Հ.Գ. Խմբային մրցաշարի վերջին խաղը կկայանա դեկտեմբերի 17-ին Երեւանում: “Հատիսը” կհյուրընկալի թուրքական “Բեշիքթաշին”: Bravo.am-ը միայն հաղթանակներ է ցանկանում “Հատիս” թիմին: Ձեզ տեսնենք, աղջիկներ: :)
Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
10,410






