Երգչուհու առաջին համերգը “Կասկադ”-ում
“Ոչ միայն սիրեք, այլեւ հավատացեք գարնանը”. մարտի 12-ին գարնանային ջազ էր հնչում Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Առաջին անգամ ելույթ ունեցավ արդեն 11 տարի ջազով ապրող ու ջազ երգող Իլոնան:
Երգչուհին մինչ կեսգիշեր ամերիկյան ջազային ստանդարտներ կատարեց: Հնչեց նաեւ Միշել Լեգրանի “Դու պետք է հավատաս գարնանը” /You must believe in spring/ ստեղծագործությունը: “Երգացանկս շատ մեծ է, այս եղանակի հետ կապված մի քանի երգ ունեմ: Կկատարեմ նաեւ “Երբ սիրահարվում եմ”, “Հիշում եմ քեզ”, “Շուտով”` շուտով դու չես լինի միայնակ երգերը: Սա էլ մենահամերգի պես է”,- ասաց Իլոնան:
“Կասկադը” ջազ էր լսում, Իլոնան էլ հաճույքով էր ելույթ ունենում: «Սա միակ կենտրոնն է, ուր հանդիսատեսը կլանված քեզ է լսում: Մթնոլորտը շատ տաք է: Առաջին անգամ եմ ելույթ ունենում, հուսով եմ` վերջինը չէ»:
Նա տարբեր երաժիշտների հետ է ելույթ ունենում, գուցե շուտով սեփական նվագախումբն էլ ունենա: Գաֆէսճյան արվեստի կենտրոնում Իլոնայի “գործընկերն” էր Մադաթ Ռոմանիչի գլխավորած ջազային քառյակը: “Սիրված երգեր եմ երգում: Եթե հանդիսատեսը սիրում է ջազ, իմ ներկայացրած ստեղծագործությունները նորություն չեն լինի իրենց համար: Պարզապես իմ ձեւով մեկնաբանում եմ”,- նշեց երգչուհին:
Իլոնան Bravo.am-ին պատմեց, որ իր ստեղծագործությունները եւս ջազային ռիթմով են, բայց հայերեն խոսքերով. “Ինքս չեմ գրում, կարծում եմ` ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, եթե ես միայն երգելու շնորհք ունեմ, բավարարվում եմ դրանով: Գուցե տաս տարի հետո սկսեմ գրել, այդ ժամանակ էլ երեւի երգելը կթարգեմ”:
Մի երգ ունի “Ջազ երազ” է կոչվում, երաժշտությունն ու խոսքերը Քրիստ Մանարյանինն են: “Քայլիր ինձ հետ”-ն էլ Արսեն Բարսեմյանն է գրել, խոսքերի հեղինակը Անինան է: “Առավոտ” երգը նոր է, անգամ անվանումը վերջնական որոշված չէ: Երեւանի մասին էլ երգ ունի` սամբա ոճի մեջ: Իսկ ակումբներում հիմնականում կատարում է Էլվիրա Մակարյանի ստեղծագործությունները:
Ձայնասկավառակ թողարկելու պլաններ Իլոնան դեռ չունի. դրա համար պետք է շատ երգեր գրվեն. “Շատ երգեր ունեմ, պետք է աշխատել իրենց վրա: Չեմ կարծում` ուշացնում եմ: Եթե կյանքում մի ձայնասկավառակ էլ թողարկեմ, լրիվ հերիք է: Ես քանակի վրա չեմ աշխատում: Իմ ժամանակն էլ նման ձեւով է ընթանում, դանդաղ է շարժվում: Եթե ուրիշի սկավառակը մեկ շաբաթում է ստեղծվում, իմը` հինգ տարում: Երեւի այդպես մարդկանց կարոտել եմ տալիս, որ շուտ-շուտ ինձ կարոտեն”:
Երգչուհին ու ջազը միահյուսվել, նույնն են դարձել: “Իմ բոլոր լավ ու վատ էմոցիաները խառնվում է տվյալ ստեղծագործությանը, ու միայն բարին է դուրս գալիս այդտեղից: Առանց երգի չեմ կարող ապրել, առանց զազի չեմ կարող: Բնավորությանս գծերն էլ եմ դնում իմ կատարողականության մեջ: Հուսով եմ` մարդիկ կհասկանան դա: Սովորաբար չեմ սիրում խոսել բեմից, ամեն ինչ երգիս մեջ եմ դնում”:
Իլոնան ջազի մեջ բոլոր եղանակներն է տեսնում: “Մարդ կա, ցուրտը չի սիրում, առանձնացնում է: Շատ եմ սիրում աշունը, ու բոլոր եղանակների մեջ ջազը պատկերացնում եմ իր գույներով: Ձմռանը` սեւ ու սպիտակի մեջ, գարնանը, ամռանը` վառ գույների, աշնանը` տերեւաթափի…”:
Մինչ աշունը գա, ու ջազը տերեւների պես թափվի Իլոնայի վրա, գարնանային Երեւանը ջազ է լսում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,664






