Երեւանում մի շաբաթ իտալական ձեւով են սնվելու:)
Իտալական ձեւով ապրելու համար անհրաժեշտ է կյանքում երկու կարեւոր բան անել. հագնվել իտալացիների նման` իտալական նորաձեւության միտումներով, եւ, իհարկե, իտալական խոհանոցից օգտվել:): Մայիսի 10-ից 16-ը Երեւանում կանցկացվի “Իտալական խոհանոցի փառատոն”: Կազմակերպիչն է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը` Ermengildo Zegna աշխարհահռչակ բրենդի հովանավորությամբ:
“Համեղ” խոհարարական շաբաթվա ընթացքում Երեւանի 11 ռեստորաններում այցելուներին շատ մատչելի գներով կառաջարկվի համտեսել Իտալիայի տարբեր շրջանների` Վենետոյի, Տոսկանայի, Պյեմոնտեի, Սիցիլիայի, Լացիոյի ճաշատեսակները, որոնք ներկայացնում են իտալական խոհանոցի լավագույն ավանդույթները:
“Իտալական խոհանոցի փառատոնի” նպատակն է Հայաստանում ներկայացնել իտալական մշակույթն ու խոհանոցը ու ցույց տալ, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր ավանդույթներն ու ճաշակը:
“Համեղ” փառատոնի շնորհանդես-համտեսումը տեղի ունեցավ ապրիլի 30-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատանը: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին խոհարարական գործերում չկա:). գերադասում է գնահատել: Լավ գնահատական էլ տալիս է հայկական խորովածին ու իտալական ծովային ուտեստներին:
“Իտալական խոհանոցն ու նորաձեւությունը միացրել ենք իրար: Աշխարհում հայտնի բառակապակցություն կա` ապրել իտալական ձեւով, այսինքն` ապրել գեղեցիկ` գիտակցելով այդ գեղեցիկը, գեղագիտական հաճույք ստանալով”,- ասաց Բրունո Սկապինին:
Հայաստանում Իտալիայի դեսպանը համոզված է, որ հայկական խոհանոցը կարող է միջազգային ասպարեզ մտնել, որովհետեւ կարծում է` արմատները միջերկրական խոհանոցի հետ են կապված: Նա նշեց, որ Իտալիայի հարավի խոհանոցը նման է հայկականին: “Տոսկանայում հայերի պես են խորոված պատրաստում: “Պաստե Սեկիա” ուտեստն էլ հայկական խոհանոցում կա, այն լավաշի պես երկար ժամանակ չի փչանում: Դոլման էլ է նման”,- նշեց Բրունո Սկապինին:
“Իտալական մշակույթը ներկայացնում են մոդան եւ խոհանոցը”
Ermenegildo Zegna ընկերությունն այս տարի նշում է 100-ամյակը: Ընկերությունը նման փառատոններ հովանավորում է նաեւ այլ երկրներում: Տղամարդկանց նորաձեւության առաջատար բրենդներից մեկի ներկայացուցիչը Հայաստանում “IMEX Group”-ն է: “Հայերը սիրում են լավ հագնվել ու թանկ: Մեր շուկան ավելի է մեծանում, պահանջարկ կա, արդեն չորս տարի է` խանութները գործում են Երեւանում”,- ասաց ընկերության տնօրեն Ղուկաս Խաչատրյանը:
Ի դեպ, Հայաստանում Իտալիայի դեսպանը նշեց, որ նախատեսվում է Իտալական խոհանոցի ակադեմիայի մասնաճյուղ հիմնել Հայաստանում:
Բացի այդ, Բրունո Սկապինին իտալական նորաձեւության ցուցադրություն էլ է կազմակերպելու Երեւանում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,092






