Նյու Յորքից ջազմենները նվագեցին Վահագնի հետ:)
Մայիսի 20-ին “Ուլիխանյան” ակումբում ջազ էին լսում: “Կատուներ”-ից Վահագն Հայրապետյանը Նյու Յորքից ժամանած ջազ երաժիշտների հետ ջազային ստանդարտներ էր նվագում, քառյակը ջազային իմպրովիզներ էր կատարում:
“Սենց բան քիչ է լինում: Հյուրերը բավական շատ են եկել Հայաստան: Մոտ 15 տարի առաջ Նյու Յորքում եմ իրենց հետ ծանոթացել, նվագել ենք միասին: Շատ մոտիկ ենք, ընկերացել ենք: Իրենցից մի քանիսն էլ 90-ական թվականներին Հայաստանում անցկացվող ջազ փառատոնին են եկել”,- Bravo.am-ին պատմեց Վահագն Հայրապետյանը:
Ռոյալի մոտ Վահագն Հայրապետյանն էր, սաքսոֆոն էր նվագում Զեիդ Նասերը, կոնտրաբասահարը Արի Ռոլանդն էր, հարվածային գործիքներ էր նվագում Քիթ Բալան: Երգչուհի Յալա Բալին էլ առաջին անգամ էր Հայաստանում, առաջին անգամ էր երգում Երեւանում:):
Սաքսոֆոնահար Զեիդ Նասերը մոտ երկու տարի ապրել է Երեւանում, հայերեն խոսել գիտի, ինքն էլ վարում էր համերգը: “Բարեւ, Երեւան, ի՞նչ կա, չկա՞: Շատ ուրախ ենք, շատ-շատ-շատ սիրում եմ Երեւանը: Կնվագենք հիմա”, - հանդիսատեսի հետ շփվում էր սաքսոֆոնահարը:
Ջազմեն Վահագն Հայրապետյանն ասում է` իրեն անչափ հաճելի է նվագել օտարերկրացի ընկերների հետ: “Հրաշալի երաժիշտներ են: Իրենց կամքով, ցանկությամբ, միջոցներով ցանկացան կրկին Հայաստան գալ, ելույթ ունենալ: Դասական ջազ երաժշտություն ենք նվագում”,- նշեց նա:
Ի դեպ, ջազմենները միասին ձայնասկավառակ են թողարկելու: Ձայնագրությունները իրականացվելու են մայիսի 25-ից Երեւանում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
2,809






