Փառատոնի 8-րդ հայտնությունը:)
“Բարեւ, ես եմ” Ֆրունզե Դովլաթյանի դրամայի ցուցադրությամբ մայիսի 17-ին ՆՓԱԿ-ում մեկնարկեց “Մեկ կադր” կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը: Մեկ շաբաթ տեւողությամբ փառատոնի ընթացքում կցուցադրվի մեկ րոպե եւ կարճամետրաժ 250 ֆիլմ:
Արդեն 8-րդ անգամ անցկացվող փառատոնում ամեն ինչ սկսվել է մեկ րոպեում մեկ կադր ցուցադրելուց: 2003-ին “Մեկ կադր”-ի հիմքը դրեցին 13 մեկ րոպեները: “Հեղինակը սուբյեկտիվ դիրքորոշում է: Արվեստը սուբյեկտիվի հարատեւ պայքարն է “օբյեկտիվի” դեմ”,- ասում է Գագիկ Ղազարէն: “Մեկ կադր” փառատոնի հիմնադիր նախագահը ցանկացել է մի տարածություն ստեղծել, ուր կինեմատոգրաֆիայի լեզվի միջոցով անհատները կկարողանան իրենց գաղափարներն ու հայացքները ներկայացնել:
“Շատ ենք զարգացել: Ֆորմատի առումով էլ շատ բացառիկ են. մեկ րոպեն համաշխարհային ֆորմատ է, բայց մեկ կադր մեկ րոպեում ցուցադրող փառատոններ քիչ կան: Ես էլ գործող հեղինակ եմ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, գիտեմ` ստեղծագործող մարդու համար ինչքան կարեւոր է մի տեղանք ունենալ, ուր քեզ կարող են աջակցել, հասկանալ կամ առնվազն առանց դատելու ներկայացնել: Ազատ տարածություն ստեղծելու կարիքը ես գիտեմ”,- Bravo.am-ին ասաց Գագիկ Ղազարէն:
“Մեկ կադր” փառատոնում բացի “Մեկ կադր մեկ րոպե”-ից կան “Կարճ ֆիլմերի”, “Կինո առանց սահմանի” անվանակարգեր, “Մասնակից հեղինակների” եւ “Լրագրողների համակրանք” մրցանակներ: Փառատոնի ընթացքում լուսանկարչական բաց մրցույթ էլ է անցկացվելու. միակ պայմանն այն է, որ մրցույթին ներկայացված լուսանկարը կապվի “Մեկ կադր 2010” փառատոնի ընթացքի հետ:
“Մեկ կադր մեկ րոպե” անվանակարգին մասնակցում է 55 ֆիլմ, որից 39-ը մրցույթային են: Ժյուրիի նախագահը Աշոտ Ադամյանն է: “Կարճ ֆիլմեր” անվանակարգում ներկայացված ֆիլմերը 23-ն են, ժյուրիի նախագահը` Միքայել Դովլաթյանը:
“Շատ մեծ գժություն են անում կազմակերպիչները եւ հուսով եմ` կանեն: Իմ վարպետության դասի համար ընտրեցի կարճամետրաժ ֆիլմ, որ նկարել եմ 1994 թվականին: Ցանկանում եմ, որ դիտենք ֆիլմն ու առողջ ձեւով քննարկենք, մի բան էլ ես ձեզնից սովորեմ”,- ասաց կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը:
“Լրագրողների համակրանք” մրցանակը շնորհվում է անցյալ տարվանից:
“Շատ հետաքրքրի է լինել լրագրողների ժյուրիի մեջ, անցյալ տարի եւս մասնակցում էի: Ամենակարճ ֆիլմերի աշխատանքները մոտ են լրագրության աշխատանքին այնքանով, որ հնարավորություն է ընձեռվում շատ սեղմ ժամանակահատվածում արտահայտել որեւէ գաղափար եւ հասցնել այն դիտողին”,- ասաց լրագրողների ժյուրիի համակարգող, լրագրող Դավիթ Մուրադյանը:
“Սահմաններ չկան, բայց հիմնականում երիտասարդներն են դիմում: Թատերական ինստիտուտի սաները մի քիչ ավելի պասիվ են, իրավաբաններն ու պոլիտեխնիկցիները շատ ավելի ակտիվ են մրցույթին ֆիլմեր ներկայացնելու հարցում: Եվրոպական երկրներից եւ իրանցի հեղինակներն էլ շատ են մասնակցում մեր փառատոնին, արդեն երկրորդ անգամ թուրք հեղինակի աշխատանք էլ ենք ցուցադրում”,- նշեց Գագիկ Ղազարէն:
“Մեկ կադր”-ը կտեւի մինչեւ մայիսի 24-ը: Փառատոնի ընթացքում հատուկ ծրագրեր էլ կլինեն` ի պաշտպանություն բացօթյա կինոթատրոնի, “Գժուկ” մանկական երգիծական կինոհանդես, “Մեկ կադր” կինոդպրոցի 2009-2010 թվականների ավարտական ֆիլմերի շնորհանդես, Ցածր եւ զրո բյուջե ֆիլմերի փառատոն, Վիդեոարտ փառատոն, վարպետության դասեր կանցկացնեն Միքայել Դովլաթյանն ու Զավեն Բոյաջյանը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
7,685






