“Վերջին կանգառը” ու “Պատշգամբի տղան” հաղթեցին : )
Օրերս ՆՓԱԿ-ում մեկնարկած “Մեկ կադր” կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի հաղթողներն այլեւս հայտնի են: Մայիսի 24-ին փառատոնի փակումն ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն էր: Մեկ շաբաթ տեւողությամբ “Մեկ կադր”-ի ընթացքում ցուցադրվեց մեկ րոպե եւ կարճամետրաժ 250 ֆիլմ:
“Մեկ կադր մեկ րոպե” անվանակարգում լավագույնը ճանաչվեց իրանցի Մոհամադ Սաթեի “Վերջին կանգառը”: Իրենից մեկ կադր ներկայացնող եւ մեկ րոպե տեւողությամբ ֆիլմում մի ծեր կին, ինչպես միշտ, կանգառում սպասում է ամուսնուն, բայց… Ամուսինը եւս կանգառում է` մահացած: Ի դեպ, “Լրագրողների համակրանք” մրցանակին եւս արժանացավ “Վերջին կանգառը”:
“Մեկ կադր մեկ րոպե” անվանակարգի ժյուրիի նախագահ Աշոտ Ադամյանն ասում է, որ հաղթող ֆիլմն իրավունք ունի կինո անվանվել: “ՆՓԱԿ-ում այս փառատոնն անցկացվում է մարդկային էնտուզիազմի ուժով, մեծ աշխատանքի արդյունք է: “Մեկ կադր”-ում ներկայացված աշխատանքներ կային, որոնց էկրանային ասելիքը չէր համընկնում ներկայացված կարճ բովանդակությանը, էկրանային տեսարանն էլ փառատոնին ներկայանալու համապատասխան չէր: Մեկ րոպե տեւողությամբ ֆիլմը շատ դժվար անվանակարգ է, մեկ րոպե տեւողությամբ զտված կադր է պետք: “Վերջին կանգառը” պրոֆեսիոնալ էր, գործը լավագույնն էր, կասկած չկա”,- նշեց դերասան Աշոտ Ադամյանը:
Դանիելը գիտի՞` ինչ է զգում կինը
Դանիել Իոաննիսյանի ներկայացրած “Հոդված 138”-ը հատուկ հիշատակման արժանացավ ՀՀ Քրեական օրենսգրքի այդ հոդվածն ամփոփ ներկայացնելու համար:) : Փառատոնի միակ ֆիլմն է, որ ձայնային է, կադրն էլ համարվում է սեւ էկրանը: “Գլխավոր դերակատարի անձը այդպես էլ չհաջողվեց պարզել, դրա համար երեւի պետք է դիմել դատաբժշկական ծառայության օգնությանը: Շատ օրիգինալ բան էի ուզում նկարել, որ անկրկնելի լինի: Էքսպերիմենտալ թեմա է, ինձ շատ հետաքրքիր էր դիտողների արձագանքը: Չընդունողներ շատ եղան: Ինձ մեղադրեցին` արդյոք գիտե՞մ` ինչ է զգում կինը, երբ իրեն բռնաբարում են: Բնականաբար, չգիտեմ, զուտ նկարել եմ, որ տեսնեմ մարդկանց ռեակցիան”,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա սովորում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում, նշում է, որ հիմնականում զբաղվում է քաղաքականությամբ:) :
“Մի հատ սիրուդ մասին պատմի”
“Մեկ կադր” կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց իսպանացի Պիլար Պալերմոյի “Պատշգամբի տղան”: “Կարճ ֆիլմեր” անվանակարգի ժյուրիի նախագահ Միքայել Դովլաթյանը փառատոնի մասնակիցներին խորհուրդ տվեց ֆիլմեր շատ նայել:
“Շատ հետաքրքիր է ինձ համար կարճ ֆորմատը: Մեծ ֆիլմեր նկարելուց հետո ես մտա մեդիա եւ նկարահանում էի գովազդային հոլովակներ, տեսահոլովակներ: Բարդ ու հետաքրքիր է կարճ ֆորմատը: Մրցութային ֆիլմերը դիտելիս այնպիսի տպավորություն էր, որ հեղինակը լավ մտահղացում ունի, ֆիլմը լավ է սկսվում, բայց ինչ-որ ժամանակահատված է անցնում, ոնց որ բեզարի, հասկանո՞ւմ եք` դա ինչ բառ է. հոգնի, ելքը չգտնի: Խոսքը էն փնթիության մասին չէ, որ տիրում է բոլոր հայկական աշխատանքներում: Վարպետությանս դասի ժամանակ ասել եմ, որ կինո շատ նայեն, հորիզոնների բացման, շփման հարց կա: Հաղթող ֆիլմը Ֆելինիի պատմությունների մեջ ներդաշնակ կմտներ: Հասարակ, պարզ ձեւով պատմած պատմություն էր: Գոյություն ունի քո աղջիկը, քո սերը… Մի հատ սիրուդ մասին պատմի: Ինչքան մարդուն մոտիկ լինի ֆիլմը, այնքան դու հաղթող ես”,- նշեց ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը:
“Մեկ կադր” կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնում հենց մասնակից հեղինակների ձայնը ստացավ իսպանացի Լուկաս Ֆիգեռոյի “Որովհետեւ կան բաներ, որ երբեք չես մոռանում” ֆիլմը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,605






