Փորձե՞նք գիտելիքներն անգլերենով
Ադամը Եվային առաջին անգամ “մադամ” է դիմել: Մարտի 6-ին էլ առաջին անգամ ինը պետական համալսարանների ուսանողներ “Էրեբունի Պլազա” հյուրանոցում անգլերենով նման ինտելեկտուալ հարցերի էին պատասխանում:
Այս տարի լրանում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75-ամյակը: Այդ առիթով էլ միջբուհական ինտելեկտուալ խաղ էր կազմակերպվել անգլերեն լեզվով:
“Առաջին անգամ Երեւանում ինտելեկտուալ խաղ ենք կազմակերպում, որ հենց անգլերեն լեզվով է: Մեր համալսարանում հիմնականում բոլորը տիրապետում են անգլերեն լեզվին: Ցանկանում ենք, որ մյուս բուհերի ուսանողների շրջանակում էլ անգլերենը տարածվի ու զարգանա”,- ասաց ԵՊԼՀ-ի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը:
Խաղն անցկացվեց երեք փուլով: Առաջին փուլում մասնակից խմբերը պատասխանեցին 30 հարցի, ամենաքիչ բալերը հավաքած երկու խումբ լքեց խաղը: “Հարցերը այնպես ենք ընտրել, որ համապատասխանեն “Ինչ, որտեղ, երբ” խաղի չափանիշներին, բայց նաեւ հեշտացրել ենք, որ անգլերենով հասկանալի լինեն: Օրինակ` Կոնսերվատորիայի եւ Գեղարվեստի ակադեմիայի խմբերը այդքան էլ լավ չեն տիրապետում անգլերենին”,- նշեց Հասմիկ Ափյանը:
Երկրորդ փուլը “Թույլ օղակ” խաղի նման էր, երրորդ փուլում էլ թիմերի միջեւ բանավեճ տեղի ունեցավ: Բանավեճի թեմաներն էին ուսանողական խորհուրդի անհատի կայացման ուղի լինել, չլինելը, Բոլոնյան համակարգը, գլոբալիզացիան: Մրցանակները գրքերի տեսքով էին:
Երեւանի պետական բժշկական համալսարանի թիմից Նարեկ Բաղդասարյանը “ընդհանուր առմամբ մրցույթից գոհ էր”. “Բավական հետաքրքիր է կազմակերպված, անգլերենով անցկացնելն էլ կնպաստի լեզվի զարգացմանը: Մեր համալսարանում աշխատանքի անցնելու համար կարեւոր պայման է անգլերեն լեզվի իմացությունը: Մի քիչ շատ էին շեշտը դրել ստատիկ գիտելիքների վրա, տրամաբանական հարցերն էին քիչ: Այլ բողոք չունեմ”,- ասաց Նարեկը:
Ժյուրիի անդամներից Լուսինե Ֆլջյանը ավելի լավ արդյունքների ակնկալիքներ ուներ: “Չեմ ուզում շատ խիստ երեւալ, բայց ավելի լավ արդյունքներ կարող էին ցույց տալ: Պատճառներից մեկն էլ նաեւ անգլերենով մրցելն էր: Գուցե այս խաղը ավանդույթ կդառնա, եւ ուսանողները կսկսեն վարժ հաղորդակցվել նաեւ անգլերեն լեզվով: Լեզու սովորելը ինքնանպատակ չէ, այն միջոց է, որ հասկանաս օտար ազգերի մշակույթն ու քաղաքականությունը”,- ասաց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Լուսինե Ֆլջյանը:
Ինտելեկտուալ խաղի մասնակիցներից Դավիթ Բարսեղյանը կոնսերվատորիայի ուսանող է, անգլերեն էլ “ոչինչ” մակարդակում գիտի: “Մենք իտալերեն ենք անցնում: Խաղը շատ լավ է կազմակերպված, հարցերն էլ հեշտ են, ուղղակի մեզ խանգարում է անգլերենին շատ լավ չտիրապետելը: Եթե մի քիչ լավ իմանայինք, շատ հարցերի կպատասխանեինք”:
Միջբուհական ինտելեկտուալ խաղում հաղթեցին բրյուսովցիները: Թիմի անդամները արժանացան 25000 դրամին համարժեք գրքերի: Երկրորդը ԵՊՀ-ի թիմն էր, երրորդ տեղում էլ ԵՊՏԻ-ն:
ԵՊԼՀ-ի ուսանող Հասմիկ Խաչունցը հաճախ է մասնակցում ինտելեկտուալ խաղերի, բայց անգլերեն լեզվով` առաջին անգամ: “Շատ հավանեցի հարցերը: Պետք է ուշադիր լսես խաղը վարողին. շատ հուշումներ են լինում նրա խոսքում: Առաջատար թիմերից ենք. երեսունից տասներկուսին ճիշտ ենք պատասխանել: Ինձ անգլերենում ավելի լավ եմ զգում, շփման հարցում ազատ եմ, լեզուն զարգացրել եմ անգլերեն ֆիլմեր դիտելով”,- ասաց Հասմիկը:
Ի դեպ, միջբուհական ինտելեկտուալ խաղն ամենամյա դարձնելու նպատակ կա:
Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/


×
9,173






