“Շոու-բիզնեսում «պապա» վիճակները ջարդողն եմ”
SEV-ը ռեփ է կարդում, 7 ամիս առաջ թողարկել է առաջին տեսահոլովակը ու արդեն ասում է. “Ես եմ շոու-բիզնեսը”: Հա, մեկ էլ իր եւ ընկերների “Մենք” նախագիծն է շոու-բիզնեսը ու “Էդ ձեւ մի քանի մարդ”: Ապրիլին լույս կտեսնի ռեփերի առաջին ձայնասկավառակը՝ “Երկու րոպե”-ն: Մինչ այդ, վաղը երկրպագուներին կներկայացնի իր չորրորդ տեսահոլովակը: Այն նկարահանվել է “Ես եմ ասում” երգի հիման վրա: Ռեժիսորը Proj-ն է:
“Երկու րոպեում մտա շոու-բիզնես: Ինձ համար երկու րոպեի հարց էր: Շատերը տանջվում են, ինձ համար հարց չկա. ամեն տեղ կարողանում եմ մտնել: “Երկու րոպե” ալբոմում էլ իմ կարողությունների մի տոկոսն եմ ցույց տալիս: Ժամանակի ընթացքում բաներ կանեմ, որ ժողովուրդը կասի՝ “Էս տղեն էս ի՞նչ է անում”,- Bravo.am-ին ասաց SEV-ն ու պատմեց՝ ինքն ով է:
“Սեւը ես եմ: Մարդ, որ իր ասելիքը ունի ժողովրդին, դրա համար էլ սկսել ա ռեփ կարդալ: Գործնական հարցերում շատ չհամակերպվող ու չզիջող, չոր մարդ եմ: Դա ստիպում է, որ ավելի լուրջ մտածեմ ամեն քայլից առաջ, ավելի լուրջ քայլեր ձեռնարկեմ: Նոր տեսահոլովակս էլ, որ արել եմ, շատ լուրջ մտածելուց հետո եմ արել:
Իսկական անունս Արտակ ա, փոքր ժամանակ SEV են ասել մաշկիս գույնի համար: Հիմա SEV-ն ինձ հոգեհարազատ է, էդ ձեւ մարդիկ ինձ գիտեն, ռեփում Արտակը չէր սազի: Կինս էլ ա SEV ասում, Արտ, Արտակ, կյանք... Մենք անունով իրար չենք դիմում, այլ սիրային խոսքերով: Մի տղա ունեմ, մյուսն էլ շուտով կծնվի: Տղես մեկ ու կես տարեկան է, ուզում եմ ինքն էլ երաժիշտ դառնա, բայց կարեւոր չի, որ ռեփեր լինի:
Մեր նախագիծը “Մենք” ա կոչվում: Յոթ հոգով ենք. երկու ռեփեր՝ ես եւ Ռեման, լուսանկարիչ Լեւոն Լալայանը, ռեժիսոր Proj-ը, ով մեր բոլոր տեսահոլովակների ռեժիսորն է, երաժշտություն գրող եւ գործիքավորող Ֆելոն, Կարեն Մուրադյանին շուտով ցույց կտանք, չեմ ուզում գաղտնիքը բացեմ, ու Արտոն: Նա էլ R&B երգիչ է:
“Ես եմ ասում”-ը չորրորդ տեսահոլովակս է, որը պատրաստում է դիսկի շնորհանդեսին: Երգը մարդկանց մասին է, ում հետ ես առնչություն եմ ունեցել, ովքեր իրենց խելոք չեն պահել: Ու էն մարդկանց մասին է, որ չեն ճանաչում SEV-ին ու պետք ա լավ ճանաչեն:
Ինձ չի հետաքրքրում՝ շոու-բիզնեսում ինձ ոնց կճանաչեն: Կարեւորը, որ ժողովուրդը ճանաչի: Շատ երգիչ-երգչուհիներ ասում են՝ «Դե ես չեմ սիրում էդ շոու-բիզնես ասվածը»: Դուք չգիտեք շոու-բիզնեսը ինչ է: Ես եմ շոու-բիզնեսը, իմ պրոյեկտը ու էդ ձեւ մի քանի մարդ, որ ուզում են շոու անել, հետն էլ՝ բիզնես: Որ ասում են՝ մենակ իրենց համար են երգում, խաբում են:
Առաջին տեսահոլովակս նկարահանել ենք 7 ամիս առաջ: Ես մի քիչ շատ վռազ մտա շոու-բիզնես: Չորս տեսահոլովակ յոթ ամսվա ընթացքում ոչ մի երգիչ չի անում: Ու յոթ ամիս հետո ոչ մեկ ռիսկ չէր անի դիսկ թողել: Առաջին տեսահոլովակս՝ “Ինձ դուր ա գալիս”-ն է. քաղաքի մասին է:
Ես կամ, շատերը դրանից ներվայնանում են, չէին ուզում սկզբում ընդունել իմ ասելիքը: Երգում էի՝ «Նախանձում եք, ու էդ ինձ դուր ա գալիս»: Մարդիկ ասում էին՝ ով ես, որ նախանձենք: Ես հիմա ապացուցում եմ՝ ով եմ: Չորրորդ տեսահոլովակս ասում է՝ ով եմ:
Ովքեր ասում են՝ շոու-բիզնեսում իրենք “պապա” են, էդ վիճակը ես ջարդում եմ ուղղակի: Անուններ չեմ տա, էնքան անուն կա ասելու, ժամանակի ընթացքում ժողովուրդը կտենա ու կիմանա՝ ես ով եմ, ում մասին եմ խոսում:
Ինչ անում եմ, ժողովուրդը ընդունում է, եթե չընդուներ, առաջ չէի գնա: Բայց վերջը չի: Եթե գագաթնակետին հասած լինեի, չաղ փորով կնստեի ու փող կաշխատեի:): Բաներ կան, որ ռեփերին դուր չեն գալիս, հա պետք ա խոսես: Սկսնակ էլ չեմ, լավ “եռած” վիճակում եմ, որ ինչ ուզում, այն էլ անում եմ”,- ասում է SEV-ը:
Տեքստը՝ Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները՝ SEV-ի անձնական արխիվից


×
7,001






