×


Սնոուբորդ

Սնոուբորդ

Առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը Ծաղկաձորում :) Մարտի 6-ին Ծաղկաձորում հավաքվել էին սնոուբորդ մարզաձեւի պրոֆեսիոնալներն ու սիրահարները: Ամերիկացի երկու սնոուբորդիստուհիների` Էրին Քոմստոքի եւ Ամբեր Սթաքհաուզի մասնակցությամբ անց էր կացվում հայկական սնոուբորդի առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը: :) Էրին Քոմստոքը եւ Ամբեր Սթաքհաուզը Ծաղկաձորում Մինչ մրցաշարի մեկնարկը ամերիկացի մարզիկները մասնակիցների հետ անց էին կացրել վարպետության դասեր, ծանոթացրել էին մարզաձեւի նրբություններին ու գաղտնիքներին: Մասնակիցները 24-ն էին, մրցում էին մի քանի փուլերով: Սահուղու վրա ոմանք ընկնում էին, ոմանք գեղեցիկ ցատկեր ու պտույտներ կատարում, մյուսներն էլ փորձում էին ամենաառաջինը հասնել եզրագծին: :) Ճոպանուղու հարեւանությամբ` մրցաշարի եզրագծի մոտ, մասնակիցներին ոգեւորելու էին եկել նրանց ընկերները, մարզասերները, նաեւ Ծաղկաձորի բնակիչները: Մրցույթի ավարտից հետո բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով: Մրցույթի հաղթող եռյակը:) Մրցաշարի մասնակիցներից Էմման ասաց, որ 7-րդ անգամ է սնոուբորդ քշում. “Ես դահուկ եմ հիմնականում քշում, բայց սա էլ եմ սկսել սովորել, որ երկուսն էլ իմանամ:  Մոռացել էին այս սպորտաձեւի մասին, շատ ուրախ եմ, որ հիմա ուշադրություն են դարձնում, մրցաշար են կազմակերպում, փորձում են զարգացնել”,- ասաց մասնակիցը եւ ավելացրեց. “Ամբերն ու Էրինը շատ պրոֆեսիոնալ մարզիկներ են,  նրանց նկարահանած ֆիլմերն ենք նայել, հոյակապ ու տպավորիչ գործեր են”: Ամերիկացի սնոուբորդուհիների ֆիլմը հայաստանյան ուղեւորության մասին կոչվելու է “Շատ լավ”:) Մասնակիցների թվում էր նաեւ «32-ատամ»-ցի Գարիկը, որն անցած տարվանից սկսել է զբաղվել սնոուբորդինգով. “Վերջին մի քանի անգամվա քշածս երեւի մի քիչ նման է սնոուբորդին, ֆանատի պես սիրում եմ էս մարզաձեւը: Էնքան չեմ աճել, որ մրցման մասնակցեմ, բայց էն ադրենալինը, որ ստանում ես, թեկուզ գիտես, որ տեղ չես գրավելու, արդեն մեծ բավականություն է: Շատ եմ ընկել ճանապարհներին, 6 թմբիկներից երկուսն եմ անցել, մնացածը գլորվելով իջել եմ:)”,- ասաց Գարիկը: 32-ատամ»-ցի Գարիկը ֆանատի պես սիրում է սնոուբորդը:) 16-ամյա Լուսինեն 3 տարի զբաղվում է այս էքստրեմալ մարզաձեւով, որը համարում է իր հոբբին. “Ես Երեւանի առագաստային ակումբից եմ, մենակ չեմ, մի քանի հոգով ենք եկել մասնակցելու: Մեկ օր առաջ մաստեր-կլասսի ժամանակ ամերիկուհիները մեզ սովորեցնում էին ճիշտ վերեւ թռչել, ցատկել, տարբեր աստիճանի տակ պտույտ անել… Արդեն մրցույթի ժամանակ թմբիկներ կային, փորձում էինք դանդաղ անցնել, որ չընկնեինք, բայց մի քանի անգամ իրար կպանք ու ընկանք: Ամենակարեւորը` հիանալի ժամանակ ենք անցկացնում, պարապմունքները, մարզումները հիանալի էին”,- իր տպավորություններով կիսվեց սնոուբորդի սիրահար Լուսինեն: ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ողջունում է մրցույթի հաղթողին Մրցաշարին ներկա էին նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը: Մրցույթի մասնակիցներից ոմանք գեղեցիկ ցատկեր էին կատարում... Դեսպանը հույս հայտնեց, որ  ապագայում Հայաստանում սնոուբորդինգին ավելի լուրջ կվերաբերվեն. "Եթե չեմ սխալվում, այստեղ սնոուբորդի առաջին մրցույթն է կայանում, ուր կան նմանատիպ ցատկեր ու պտույտներ: Շնորհակալ եմ Էրինին ու Ամբերին, որ Ամերիկայից եկել են այս սպորտաձեւի դեսպանները լինելու համար: Նրանք իրենց կեցվածքով օրինակ են ծառայում, որ բոլորս լինենք ֆիզիկապես առողջ ու գեղեցիկ”,- նշեց Մարի Յովանովիչը: Ոմանք էլ ընկնում էին...:) Սնուբորդիստուհիների այցի կայացմանն աջակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Սնոուբորդի ազգային ֆեդերացիան: Այն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության “Սպորտի դեսպաններ” ծրագրի շրջանակում: Սնոուբորդի ազգային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ սնոուբորդ-կրոս մարզաձեւից էր անցկացվում մրցաշարը.  “Նախկինում ֆեդերացիան անց է կացրել սիրողական մրցումներ, այս անգամ իրոք պրոֆեսիոնալ սահուղիներ էին: Մասնակցում էին 20 տղամարդիկ, որոնց թվում էին 2 ամերիկացիներ, նաեւ չորս աղջիկ”: Մյուսները փորձում էին արագ հասնել եզրագծին Առաջին մրցանակակիրը Կարեն Միրզոյանն էր, որն ապրում է Ծաղկաձորում, մասնագիտությամբ տնտեսագետ է. “Փոքր ժամանակ դահուկներ եմ քշել, հիմա պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում եմ սնոուբորդով: Պետք է կարողանաս հավասարակշռությունդ պահես ու արագ սահես: :) Մաստեր-կլասսի ժամանակ թռնելիս 360 աստիճան պտտվեցի, այսօր էլ առաջին անգամ հաղթեցի: Աղջիկներից շատ բաներ ենք սովորել, հմուտ մասնագետներ են, հուսով եմ` նրանց օգնությամբ հետագայում դրսի մրցույթներին էլ կմասնակցեմ”,- ասաց 33-ամյա Կարենը: Ամբեր Սթաքհաուզ. “Ծաղկաձորի ձյունը, պայմանները, ճոպանուղին հրաշալի են” Մրցաշարի վերջում զրուցեցինք սնոուբորդիստուհի Ամբերի հետ, որն իր տեսախցիկով նկարահանումներ էր անում իր հաջորդ ֆիլմի համար. “Սնոուբորդի վերաբերյալ վավերագրական ֆիլմ կլինի այս ամբողջ ուղեւորության մասին, այն կոչվելու է “Շատ լավ”: Ծաղկաձորի ձյունը, պայմանները, ճոպանուղին հրաշալի են: Կայցելենք նաեւ Գառնի, Գեղարդ: Հայրս ինձ պատվիրել է հայկական շապիկ տանել, Վերնիսաժից կգնեմ նրա համար:)”,- Bravo.am-ին պատմեց սպորտի դեսպան Ամբեր Սթաքհաուզը եւ հավելեց. “Ռեստորանում համտեսել ենք նաեւ հայկական ուտեստներ, իշխան ձուկն ինձ շատ դուր եկավ: Կուզենամ նորից Հայաստան գալ, միգուցե հաջորդ ամռանը”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի եւ Կարեն Անտոնյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW