MTV-ն ցուցադրում է ռոք-խմբի տեսահոլովակը
Ապրիլի 16-ից The Beautified Project ռոք-խմբի “Me&My Despair” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը հեռարձակվում է MTV հանրահայտ երաժշտական հետուստաընկերության Միջին Արեւելքի գոտու համար նախատեսված ալիքով: “Me&My Despair” երգի խոսքերի հեղինակը խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանն է, երաժշտությունը գրել են Անդրե Սիմոնյանը, Արմեն եւ Առլեն Շահվերդյանները: Ռեժիսորը Դավիթ Ավդալյանն է, պրոդյուսերը` Արվին Քոչարյանը:
The Beautified Project-ը hայաստանյան առաջին խումբն է, որի տեսահոլովակը ցուցադրվում է MTV-ով: Ի դեպ, առաջին ռոք-խումբն է նաեւ այն առումով, որ Հայաստանում անգլերեն ձայնասկավառակ է թողարկել: Հանրահայտ MTV երաժշտական ալիք “ներխուժելու” համար ռոք-խմբի այցեքարտն է դարձել PMC երաժշտական հեռուստաալիքը, որը եւս ցուցադրում է “Me&My Despair” երգի տեսահոլովակը, MTV-ի հետ կապված բոլոր հարցերով զբաղվել է խմբի պրոմոութերը Դուբայում:
“Ես ինը տարեկանից MTV եմ նայում: Շատ եմ ոգեւորվել, խմբի համար մեծ հաջողություն է, հնարավոր է` նոր դռներ բացվեն մեր առջեւ: Շատ լավ է, քանի որ ողջ աշխարհն է նայում MTV` 100 միլիոն հոգի, եթե երգը սիրեն, մեր ձայնասկավառակն էլ կվաճառվի”,- Bravo.am-ին ասաց Անդրե Սիմոնյանը:
Մինչ MTV-ն ցուցադրում է “Me&My Despair”-ը, The Beautified Project-ը նոր ձայնասկավառակի վերջին ձայնագրություններն է կատարում: Մայիսի 18-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա ռոք-խմբի նոր CD-ի շնորհանդես-համերգը: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու ջութակահար Ստյուարտ Մոիրը: Ելույթ կունենան նաեւ “հայսուպերսթարցիներ” Լուսինե Աղաբեկյանը եւ Իվետա Մուկուչյանը` Iva La Diva-ն: Մինչ այդ` ապրիլի 25-ին, The Beautified Project-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակուստիկ համերգով է հանդես գալու Tհe Club-ում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` The Beautified Project ռոք-խմբի անձնական արխիվից


×
6,619






