Նարեկ Բավեյանի նվերը շրջանավարտներին :)
Երգիչ Նարեկ Բավեյանն իր երկրպագուների`հատկապես շրջանավարտների համար անակնկալ է պատրաստել: Ինչպիսին է այդ անակնկալը` փորձեցինք պարզել` զրուցելով Նարեկի հետ:
Bravo.am-ի հետ զրույցում պարզ դարձավ, որ Նարեկ Բավեյանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը` “Վերջին զանգ”-ը, որի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտված են: Նարեկն ասում է, որ երգի ու տեսահոլովակի գաղափարը վաղուց են ունեցել. “Այն շատ վաղուց էինք պատրաստվում նկարել, երաժշտությունն էլ Սերժոն վաղուց էր գրել, ուղղակի սպասում էինք, որ ճիշտ ժամանակը գա”,- ասում է Նարեկն ու հավելում, որ երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Սուրեն Թադեւոսյանը:
Նարեկն ասում է, որ “Վերջին զանգը” ակումբային երաժշտությամբ, ուրախ, աշխույժ ու ռիթմիկ երգ է. “Լացակումած տեքստ ու սրտաճմլիկ բառեր չկան, շատ լավ բառեր են դպրոցի, դասարանի ու վերջին զանգի մասին”: Երգիչն ասում է , որ այս երգը տարբերվում է մինչ օրս վերջին զանգի արարողությանը նվիրված երգերից, քանի որ ուրախ է ու շրջանավարտներին ասում է, որ նոր, ուրախ կյանք է նրանց սպասում, պետք է այդ օրն էլ տոնեն եւ ուրախանան: :)
Տեսահոլովակում, որը նկարել են տարբեր դպրոցներում, Նարեկից բացի հանդես են գալիս հայտնի այլ դեմքեր, բայց նրանցից միայն մեկի անունը մեզ հաջողվեց պարզել`Վարդան Բադալյան. “Երեւանում եղանք 10-ից ավելի դպրոցներում, իսկ մարզերից միայն Վեդի քաղաքի թիվ 1 դպրոցն այցելեցինք, որն էլ ես ավարտել եմ”,-ասաց Նարեկն ու հավելեց, որ երգիչ Վարդան Բադալյանն էլ Արցախում է սովորել, բայց ժամանակի սղության պատճառով Վարդանը նկարահանվել է ոչ թե Արցախի, այլ Երեւանի դպրոցներից մեկում:
Ժամանակի մասին խոսելով` Նարեկն ասաց. “Հաշվի առնելով մեր հայտնի հերոսների զբաղվածությունը` նկարահանումները տեւեցին 3-4 օր, իսկ տեսահոլովակը պատրաստ կլինի մայիսի առաջին շաբաթվա ընթացքում”: Երգիչը նշում է, որ պետք չէր այս երգի համար շատ բարդ տեսահոլովակ նկարել, քանի որ այն “սեզոնային է”, բայց խոստանում է, որ հաճելի եւ ուրախ տեսահոլովակ կլինի: Իսկ շրջանավարտներին մաղթում է ուրախ ու խաղաղ “Վերջին զանգ”` ասելով, որ նոր կյանքի սկիզբն ազդարարող զանգը բարի է լինելու: :)
Մեզ հետ զրույցում Նարեկ Բավեյանը նշեց, որ պատրաստվում է էլի տեսահոլովակներ նկարահանել, որոնց մասին դեռ չի խոսի. “Ես ռեալիստ եմ, ու քանի դեռ աշխատանքները չենք սկսել, ոչինչ չեմ խոսի”: Նարեկը պատրաստվում է նաեւ ձայնասկավառակ թողարկել, որի համար արդեն պատրաստի 5 երգ ունի, իսկ համերգի մասին կմտածի նոր տեսահոլովակների արձագանքներից հետո. “Այդ ժամանակ պարզ կլինի`ինչպիսի մենահամերգ է պետք եւ ինչ ռեպերտուար”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից


×
31,579






