×


Սունդուկյանում բեմադրվել է «Սառցե սիրտը» ներկայացումը

«Պետք է կարողանանք 21-րդ դարի գույներով եւ ձեւերով հետաքրքիր լինել». Մայր թատրոնի տնօրեն

Անցնող տարում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվեց Վարդան Մկրտչյանը: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է նախորդ մի քանի ամիսների ընթացքում արված աշխատանքի, սպասվելիք պրեմիերաների, առաջիկա ծրագրերի եւ այլ թեմաների շուրջ:

Վարդան Մկրտչյանի խոսքով՝ այս կարճ ժամանակահատվածում իրենց ամենամեծ ձեռքբերումը «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումն է, որը նոր շունչ եւ նոր մտածողություն է մայր թատրոնի համար.«Փայլուն պրեմիերա էր, ու ներկայացումը դեռ շատ երկար կմնա խաղացանկում: Այս բեմադրության հիմնական նվաճումն այն է, որ արված է բարությամբ. հերոսները խնդրի տակ չեն կքում ու ավելի չարանում, այլ հակառակը: Այս առումով այն դեռ շատ ասելիք ունի մեր հասարակությանը»:

Վարդան Մկրտչյանը՝ կնոջ եւ դստեր հետ


Նոր ներկայացմանը զուգահեռ՝ թատրոնը պատրաստել է եւս մեկ պրեմիերա մինչեւ տարեվերջ: Խոսքը «Սառցե սիրտը» մանկական ներկայացման մասին է, որի առաջնախաղը կլինի դեկտեմբերի 27-ին.«Ուզում եմ ընդգծել, որ այն ոչ թե զուտ տոնածառային ներկայացում է, այլ մանուկների համար ստեղծված շքեղ հեքիաթ: Այսօր մենք պետք է կարողանանք մեր երեխաներին 21-րդ դարի գույներով ու ձեւերով հետաքրքիր լինել: Հայաստանում առաջին անգամ է նման զանգվածային մանկական ներկայացում արվում՝ բեմադրության ու շքեղության տեսանկյունից: Սա Դիսնեյի հայտնի հեքիաթի մեր տարբերակն է: Բեմադրությունը Լիլի Էլբակյանինն է, պարերը բեմադրել է Տաթեւ Հոռոփյանը, նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է: Մասնակցում են մեր թատրոնի դերասանները, ինչպես նաեւ մի քանի պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր մեզ օգնության են եկել զանգվածային տեսարաններում»,- պատմել է տնօրենը:

Վարդան Մկրտչյանը վստահեցրեց՝ թատրոնի եւ թատերախմբի տրամադրությունն ու ընդհանուր մթնոլորտն են փոխվել: «Սա ամենամեծ ձեռքբերումն է»,- նկատեց նա:

Թատրոն-հասարակություն կապի որակական բարեփոխումը տնօրենն իրենց կառավարման գերակա ուղղություն է համարում: Առաջին հերթին սոցիալական ցանցերում թատրոնն ավելի ներկայանալի է դարձել, փոխվել է ոճն ու հասանելիությունը, որի արդյունքում հետեւորդների թիվը կրկնակիից ավելացել է: Փոխվել է թատրոնի աֆիշային քաղաքականությունը, հիմնովին փոխվելու է նաեւ պաշտոնական կայքէջը: Սունդուկյանի անվան թատրոնը ձեռք է բերել երկու լուրջ հովանավոր, որոնց աջակցությամբ էլ բեմադրվել է «Մեծապատիվ մուրացկանները», իսկ առաջիկայում հանդիսատեսը կտեսնի թատրոնի բոլորովին նոր տոմսարկղ` հիմնանորոգված ու տեխնիկապես հագեցած:

Սունդուկյանում բեմադրվել է «Սառցե սիրտը» ներկայացումը


«Սա ես կարեւոր եմ համարում, քանի որ տոմսարկղը թատրոնի հետ հարաբերվելու առաջին օղակն է, որը շատ տխուր վիճակում էր: Նշեմ, որ եկող տարվա ընթացքում մեծ նվեր ենք անելու երիտասարդ ստեղծագործողներին. ստեղծում ենք առաջին «Սեւ տուփ» թատերական կառույցը՝ ունիվերսալ բեմում, որտեղ մեր երիտասարդ արվեստագետները կկարողանան դրսեւորվել, եւ անգամ հասնել մայր բեմ: Այսինքն` դաշտը բացվում է, սկսում է շնչել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Վարդան Մկրտչյանը նշեց՝ առաջին հերթին թատրոնի ներքին կազմակերպվածության, կառուցվածքի, աշխատանքի բաժանման, պարտավորությունների հստակեցման եւ ներքին շատ այլ հարցեր կան, որոնք պետք է շտկվեն.«Կարծում եմ՝ առաջիկայում մեր շենքի հիմնանորոգման հետ կապված մի շատ հաճելի լուր կունենանք: Դրա մասին դեռ չեմ ուզում հայտարարել, բայց ասեմ, որ խնդիրը երկրի բարձրաստիճան ղեկավարության ուշադրության կենտրոնում է, եւ կարծում եմ` այդ կարեւոր հարցը նույնպես կկարողանանք լուծել»:

«Մեծապատիվ մուրացկանները» ներկայացման պրեմիերային


Տնօրենն ասաց, որ եկող տարում պլանավորում են մի շարք պրեմիերաներ: Այս պահին աշխատում են «Սասնա ծռեր» էպոսի բեմադրման վրա, որի համար հրավիրել են բեմադրիչ Սամսոն Ստեփանյանին, ներկայացման երաժշտական ձեւավորումը Վաչե Շարաֆյանն է անում: Ի դեպ, թատրոնի դերասանական կազմ է հրավիրվել նաեւ Խորեն Լեւոնյանը, ով արդեն ընդգրկվել է ազգային ակադեմիական թատրոնի կազմում.«95-րդ թատերաշրջանը պրեմիերաների տարի է լինելու: Պատրաստում ենք «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը՝ նվիրելով այն Վարդան Աճեմյանի եւ Առնո Բաբաջանյանի հիշատակներին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հասարակության մեջ վերականգնվի դերասանի, ստեղծագործողի դիրքը եւ թատրոնի արժեքը: Ամեն մի մարդ, ով հայտնվում է էկրանին կամ բարձրանում է բեմ, հասարակության կողմից չպիտի ընկալվի իբրեւ դերասան: Այս առումով մենք դեռ շատ անելիք ունենք»,-եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Վարդան Մկրտչյանի եւ թատրոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին