Երեկ երեկոյան Երեւանը պաշտոնապես դարձավ Գրքի համաշխարհային մայրաքաղաք:): Ծրագրի շրջանակում կայացավ աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգը: Ազատության հրապարակը բազմամարդ էր: Բեմի առջեւ տեղադրված պարտերում համերգը վայելեցին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք եւ հրավիրված հյուրերը:
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին եւ դիրիժոր Մարչելո Ռոտան
“Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից’’ խորագրով համերգը սկսվեց ժամը 20:00-ին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ բեմ բարձրացավ Անդրեա Բոչելին ու կատարեց օպերային արվեստի հայտնի դասականների ստեղծագործություններն, ինչպես նաեւ հայտնի հիթեր: Պուչինիի, Վերդիի, Բիզեի եւ աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն ուղեկցվել են հանդիսականի բուռն ծափահարություններով:
Ժամը 20:40-ին աշխարհահռչակ տենորը հեռացավ բեմից: Հանդիսատեսից շատերը եւս լքեցին “դահլիճը’’, սակայն 20 րոպե ընդմիջումից հետո Ազատության հրապարակը կրկին ողողվեց իտալական ոգով: Անդրեա Բոչելին ներկայացրեց համերգի երկրորդ հատվածը, համերգին ներկաների բուռն ծափահարությունները նրան մի քանի անգամ “բիս”-ի բերեցին: Հնչեցին հանդիսատեսին լավ ծանոթ “Time to Say Good Bye’’, “Can’t Help Falling in Love’’ եւ հայտնի այլ հիթերը: Բեմում Բոչելիին ձայնակցել են Հայաստանի պետական կամերային եւ “Հովեր’’ երգչախմբերը:
Անդրեա Բոչելին համերգ է տվել Երեւանի Ազատության հրապարակում
Նշենք, որ ինչպես պարզ դարձավ, մեծ անակնկալ էր սպասվում համերգը լուսաբանելու համար նախապես հավատարմագրված լրագրողներին, լուսանկարիչներին եւ օպերատորներին, որոնց թույլ չտվեցին մոտենալ բեմին եւ լուսանկարել համերգը: Իսկ պատճառաբանությունը հետեւյալն էր. “Ցուցակներում կան միայն Հանրային, “Արմենիա” հեռուստաընկերությունների աշխատակիցների անունները”:
BRAVO.am-ը կապ հաստատեց տոնական այս միջոցառումների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նունե Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ինչու նախապես չեն տեղեկացել, որ լուսանկարելն արգելվում է: Նա էլ պատասխանեց, թե “լուսանկարել կարելի է “Երեւան` 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրում ներառված բոլոր միջոցառումները, բացի Բոչելիի համերգից”` ավելացնելով, որ “մինչեւ վերջին րոպեն քննարկվել է Բոչելիին մոտիկից լուսանկարել թույլատրելու հարցը, եւ հենց դա է պատճառը, որ նախապես ոչ ոք տեղեկացված չէր արգելքի մասին”:
Երեւանյան համերգին Անդրեա Բոչելին կատարել է օպերային արվեստի դասականների հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ հիթեր
Ավելացնենք նաեւ, որ խնդիր է ծագել նաեւ “բեյջեր” ստանալու ընթացքում, երբ մեկ լրատվամիջոցի ներկայացուցչի հավատարմագրել են որպես մեկ ուրիշ մեդիայի աշխատակից, ոմանք էլ իրենց “բեյջը” ստանալու հրավեր են ստացել միջոցառումների շարքի մեկնարկից հետո:
Ապրիլի 22-ին մեր մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումներից առանձնացնենք նաեւ Մատենադարանի հարակից տարածքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Գրքի համաշխարհային մայրաքաղաք’’ տիտղոսի փոխանցման արարողությունը: Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Մատենադարանի կոթողային շենքի ճակատային պատին ներկայացվել է եռաչափ գրաֆիկական տեսապատկերների շարք
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան արգենտինյան, թայլանդական եւ հայկական պարային խմբեր: Ամենից տպավորիչը Մատենադարանի կոթողային շենքի ճակատային պատին ներկայացված եռաչափ գրաֆիկական տեսապատկերների շարքն էր, որը նվիրված էր հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակին: Հանդիսության ավարտին երեւանյան երկինքը զարդարեց մի քանի րոպե տեւած շքեղ հրավառությունը: Ի դեպ, այս միջոցառմանը մեր ֆոտոլրագրողի մուտքն ու ներկայությունը կրկին արգելվեց: Ներկայացված լուսանկարներն արվել են հանդիսատեսի շարքերից:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
8,388






